Ռուսաց լեզվի ուսուցման խորացման հանձնարարական վարչապետից. «Փաստ»

Ռուսաց լեզվի ուսուցման խորացման հանձնարարական վարչապետից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ընդամենը վերջերս էր անցել ժողովրդի զայրույթը ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզու դարձնելու լուրերի կապակցությամբ, և ահա մեր Կրթության և գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, այն է՝ առավելություններ վերապահելով այս լեզվին: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում, այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում: Սրանից բացի, կավելանա ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների թիվը, «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում կկատարվի: Այս մասին նախագիծը հայտնվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ընդամենը օրեր առաջ: Եվ որ ամենահետաքրքիրն է, այս իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականով: «Նպատակն է ապահովել իրական գործնական արդյունք, այն է՝ ռուսերենով հաղորդակցական հիմքերի ստեղծում, անձի հոգևոր և մտավոր զարգացում: Ռուսերենի դասավանդման շնորհիվ սովորողների գիտակցության մեջ տեղի ունեցող տարբեր լեզվական համակարգերի փոխներգործության և համեմատության հիման վրա համընդհանուր գործառնությունների խոսքային կարողությունների ձևավորում և զարգացում: Ռուսերենի ուսուցմամբ զարգացնել սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցման կարողությունները»,– կարդում ենք նախագծում: Նախագծի հեղինակները նաև համոզված են, որ ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: