Apple-ը ներկայացրեց բջջային կապով ժամացույց

Apple-ը ներկայացրեց բջջային կապով ժամացույց

Apple ընկերությունը ներկայացրեց Apple Watch Series 3 ժամացույցը՝ բջջային ցանցին ինքնուրույն միանալու գործառույթով։ Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Ուիլյամսը Կուպերտինոյում ամերիկյան կորպորացիայի նորույթների շնորհանդեսի ժամանակ։ «Այժմ դուք կարող եք գնալ ուր ցանկանաք միայն Ձեր Apple Watch-ով և դուք կլինեք կապի մեջ՝ թողնելով հեռախոսը տանը։ Ձեզ կարող են զանգահարել նույն համարով, որը կցված է Ձեր iPhone-ին»,-հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ Նոր գործառույթները նաև թույլ կտան քարտեզներ ներբեռնել և օգտվել GPS նավիգատորից, ինչպես նաև երաժշտություն ներբեռնել և ռադիո լսել։ Ընկերությանը հաջողվել է պահպանել ժամացույցի չափսերը, սակայն ընդլայնել հնարավորություննեը։ Շարքում առկա են ոսկեգույն և արծաթագույն կորպուսով արտադրանքներ, ինչպես նաև նոր կապիչներ։ Ինչպես հայտնել է Ուիլյամսը, ԱՄՆ-ում և ևս 8 երկրում նոր ժամացույցների նախնական պատվերները կընդունվեն սեպտեմբերի 15-ից։ Վաճառքը կսկսվի սեպտեմբերի 22-ից։ Բջջային միացման գործառույթով ժամացույցը կարժենա 399 դոլար, առանց այդ գործառույթի արտադրանքը՝ 329 դոլար։