Զոռով չեն կարող պահել. ինչու են IT մասնագետները արտագաղթում, և ինչու պետք չէ դրան ընդդիմանալ

«Մենք պետք է հասկանանք, որ այսօր արդեն իսկ ԱՄՆ-ի շուկան մեր արտահանման շուկայի 60 տոկոսն է կազմում և մեզ համար ավելի քան կարևոր շուկա է։ Կարծում եմ՝ այստեղ կարևոր է նաև Հայաստանի ճանաչելիության խնդիրը, չնայած Սիլիկոնյան հովտում Հայաստանը բավականին ճանաչված է՝ նախ այն պատճառով, որ այնտեղի կարևորագույն ընկերություններ Հայաստանում վաղուց ունեն ներկայացուցչություններ, և բացի դրանից՝ բավականաչափ հայեր աշխատում են Սիլիկոնյան հովտի տարբեր կազմակերպություններում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ դեսպանը օրերս հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Այս տարվա նոյեմբերին մենք պիտի փորձենք Սիլիկոնի հովտում հիմնադրել և այսուհետ անցկացնել Հայաստանի օրեր, որը և գովազդային, և անմիջական կապեր ստեղծելու առումով ամենամյա ձեռնարկ պետք է դառնա։ Միացյալ Նահանգների տնտեսության հետ առավել արդյունավետ համագործակցելու համար Հայաստանը փորձելու է կենտրոնանալ Կալիֆոռնիա նահանգի հետ հատուկ կապերի հաստատման վրա. Կալիֆոռնիան կարող է դառնալ հենց այն թիրախը, այն դարպասը, որը կապահովի մեր մուտքը Միացյալ Նահանգների շուկա և նաև՝ ամերիկյան ներդրումները։ Այդ նպատակով արդեն հոկտեմբերին Սիլիկոնի հովիտ հայկական պատվիրակություն կժամանի, իսկ հեռանկարում հնարավոր է Հայաստանն ու Կալիֆոռնիան համագործակցության մասին հատուկ համաձայնագիր կնքեն»։ Այս համատեքստում Կարեն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ սա չի՞ նպաստելու Հայաստանից առավել մեծ թվով մասնագետների արտահոսքին, և դրա փոխարեն արդյոք չպե՞տք է քայլեր ձեռնարկվեն այդ կադրերին Հայաստանում պահելու և այդ սեկտորը զարգացնելու ուղղությամբ: «Արտահոսքի առումով հիմա ավելի դյուրին է դա. աշխարհում այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների պահանջարկը շատ մեծ է, և, օրինակ, Եվրոպայում ու ԱՄՆ-ում ընդհանուր չբավարարված պահանջարկը 2 միլիոն մարդ է, և եթե միայն այս պահանջարկը աշխատեր, ապա այսօր մենք ընդհանրապես աշխատող չէինք ունենա, բայց ՏՏ բնագավառում արտագաղթը կազմում է տարեկան ընդամենը 3-4 տոկոս, որը շատ մեծ թիվ չէ։ Ոչ մեկը չի կարող այնպիսի միջոցներ ձեռնարկել, որ այդ մարդկանց պահի այստեղ, ոչ մեկին դու չես կարող զոռով պահել, որովհետև պահանջարկը շատ մեծ է, և ցանկացած մարդու հասանելիությունը շատ մեծ է, այսինքն՝ կարող են ցանկացած մասնագետի գտնել և համապատասխան առաջարկություն անել նրան, և պետական որևէ միջոցով դուք չեք կարող դա խոչընդոտել։ Ոչ թե պետք է խոչընդոտես մասնագետներին, այլ հակառակը՝ օգնես, որպեսզի նրանք գիտականորեն զարգանան, մասնագիտորեն զարգանան և որպես ՀՀ քաղաքացի զարգանան, որպեսզի նրանք անգամ եթե դուրս էլ են գնում, ապա նրանց հայացքը միշտ ուղղված լինի դեպի Հայաստանը, ինչը իր հերթին կբերի նրան, որ այդ մարդիկ հետագայում իրենց բիզնեսները կտեղափոխեն այստեղ, և մենք կստանանք ոլորտի լրացուցիչ աճ»,- պատասխանեց պարոն Վարդանյանը։   Մանրամասները՝ տեսանյութում։