Ներդրումների առումով բազմաթիվ ծրագրերի ստարտը տրված է. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը: Անդրադառնալով տնտեսական զարգացումներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 6,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, 12,7 տոկոսի աճ՝ արդյունաբերության, 21,6 տոկոսի՝ արտահանման, 28,5 տոկոսի աճ՝ ներմուծման ոլորտներում. այս ընթացքում մեկնարկ է տրվել բազմաթիվ ծրագրերի: «Ներդրումները բազմաթիվ են, այդ թվում՝ տեսքտիլի ոլորտում, գյուղատնտեսությունում, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության բնագավառներում և այլն: Մենք հայտարարել ենք, որ ունենք 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր, որոնցից 830-840 մլն դոլարի ներդրումները, մեր պատկերացմամբ, պետք է լինեն այս տարի: Մենք հաշվետվություն ենք ներկայացնելու և այդ ներդրումների տեմպերը ցույց են տալիս, որ դրանք իրագործելի են», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարն անդրադառնալով «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի կողմից ծրագրերի իրականացմանը՝ նշել է, որ վերջինս մասնակցում է «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագրին: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը նշել է, որ ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք: