2018թ. հունվարի 1-ից այլ պետություններում գրանցված մարդատար ավտոմեքենայով ՀՀ ժամանող անձանցից գումար չի գանձվի. ՊԵԿ

2018թ. հունվարի 1-ից այլ պետություններում գրանցված մարդատար ավտոմեքենայով ՀՀ ժամանող անձանցից գումար չի գանձվի. ՊԵԿ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանցից ՀՀ սահմանին գանձվող գումարների վերաբերյալ՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ տուրիզմի զարգացման համար պետք է վերացնել անիմաստ վճարները։ Պարզաբանման մեջ ասվում է. ««Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար վճար՝ թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10000 դրամ տասնհինգ օրվա համար (20000 դրամ 30 օրվա համար)։ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող՝ նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ` վարորդը) մարդատար ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի (նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում) արտանետման դիմաց գանձվում է 3750 դրամ: Բանկային միջնորդավճարներ` 200 դրամ: Նշենք նաև, որ, Վրաստանի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ սահմանին չեն գանձվում վերոհիշյալ վճարները, քանի որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի դրույթներով սահմանված է, որ Պայմանավորվող կողմերից (ՀՀ և ՎՀ) մեկի տարածքում գրանցված և սույն Համաձայնագրի համաձայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, փոխադարձության հիմունքներով ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված հարկերից կամ գանձումներից, ինչպես նաև այդ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր հատուկ գանձումներից կամ տուրքերից: ՀՀ-ի և ՌԴ-ի միջև նմանատիպ միջկառավարական համաձայնագրի կնքման դեպքում տվյալ վճարները չեն գանձվի նաև ՌԴ-ում գրանցված տրանսպորտային միջոցներով ՀՀ ժամանող անձանցից: Միաժամանակ նշենք, որ 2018 թվականի հունվարի մեկից Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթներով վերացվելու է այլ պետություններում գրանցված մարդատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարների գանձման պահանջը»:   Լուսանկարը՝ Photolure-ի