Մայրաքաղաքում կայացել է «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը

Մայրաքաղաքում կայացել է «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա նորակառույց ճանապարհահատվածում տեղի է ունեցել «Մարզական ամառ» հերթական առաջնությունը, որի ժամանակ հանդիսատեսներն ականատես են եղել հեծանվասպորտի, մոտոկրոսի և մարզական մեքենաների ցուցադրական ելույթներին:  Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը և քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Առաջինը ներկաներին իրենց հմտություններն են ցուցադրել շուրջ 30 հեծանվորդ, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության գավաթակիրներ և միջազգային մրցաշարերի մասնակիցներ: Միջոցառման երկրորդ հատվածում ապշեցուցիչ հնարքներով հանդիսատեսներին անմոռանալի տպավորություններ են փոխանցել մոտոցիկլետիստները, իսկ երրորդ հատվածը նվիրված էր ավտոմեքենաների սիրահարներին: Այս տարի առաջնությանը մասնակցել են 3 դասի սպորտային մեքենաներ: «Մարզական ամառ» առաջնությունը կազմակերպվում է՝ հաշվի առնելով վերջին տարիներին էքստրեմալ մարզաձևերի նկատմամբ հետաքրքրության ավելացումը: Բոլոր մարզաձևերի լավագույն երեքական մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և դիպլոմներով: Միջոցառման ամբողջ ընթացքն ուղեկցվել է ռիթմիկ երաժշտությամբ, իսկ մասնակիցներին հնարավոր բժշկական օգնություն ցուցաբերելու և անվտանգությունն ապահովելու նկատառումով տարածքում մշտական հերթապահություն են սահմանել Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ՓԲԸ և հրշեջ ծառայության անձնակազմերը, որոնց կարիքը, բարեբախտաբար, չի զգացվել: