Սերժ Սարգսյանը կգտնի՞ Պուտինի «կոճակը»

Սերժ Սարգսյանը կգտնի՞ Պուտինի «կոճակը»

Նախագահական նստավայրը տեղեկություն է տարածել, որ օգոստոսի 23-ին Սերժ Սարգսյանը մեկնում է Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Պուտինի հետ և կքննարկի հայ-ռուսական գործակցության ու տարածաշրջանային մի շարք հարցերի լայն շրջանակ: Սա իսկապես հետաքրքիր տեղեկատվություն է տեղեկատվական դաշտում առկա մի շարք ֆոնային գործոնների համատեքստում: Նախ՝ իհարկե, անհրաժեշտ է արձանագրել, որ Սարգսյան-Պուտին հանդիպումն ինքնին արտառոց երևույթ չէ, այդուհանդերձ՝ հանդիպումների ժամանակացույցը տալիս է ինչ-ինչ ենթատեքստային հանգամանքներ արձանագրելու առիթ և հիմք: Նախ՝ ներքաղաքական իմաստով Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպման է մեկնում մի ժամանակահատվածում, երբ խորհրդարանական «Ելք» դաշինքի առաջնորդների մի մասը բարձրացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամությունը դադարեցնելու խնդիրը, որի վերաբերյալ աշնանը խորհրդարանում պատրաստվում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Իհարկե, իշխող ՀՀԿ-ն անմիջապես և պարբերաբար հակադարձել է, որ Հայաստանի համար դա կեղծ օրակարգ է, բայց կասկած չկա, որ Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում այդ հարցը կլինի «անկեղծ» խոսակցության առարկա: Դա կլինի խաղաքարտ Պուտինի՞, թե՞ Սարգսյանի ձեռքին: Այստեղ, իհարկե, ամեն ինչ միարժեք չէ: Որովհետև հնարավոր է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ըստ ամենայնի, առավել ճշգրիտ կլինի խնդրի դիտարկումը այլ ֆոնային գործոնների համատեքստում, որովհետև ինքնին, որպես այդպիսին, հարցն իհարկե չունի կշիռ և արժեք: Այդ իմաստով ներքաղաքական ասպեկտ պարունակող մյուս ֆոնային հանգամանքը օրերս Աստանայում ԵՏՄ վարչապետների հավաքին Կարեն Կարապետյանի հանդիպումն էր ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ և նրա Հայաստան այցի ժամկետների քննարկումը: Գրեթե կասկած չկա, որ այդ այցը կամա թե ակամա ծառայելու էր 2018 թվականի խնդրին, և Կարեն Կարապետյանը փորձելու էր օգտագործել այն խաղաքարտերի իր տրցակում: Այդ համատեքստում էլ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի այցը Սոչի և հանդիպումը Պուտինի հետ պատասխանն է Կարեն Կարապետյան-Մեդվեդև հանդիպմանը, և Սարգսյանը ամենայն հավանականությամբ կփորձի չեզոքացնել Մեդվեդևի հնարավոր այցի հնարավոր «էֆեկտը»: 2018-ի համատեքստում, իհարկե, Սարգսյան-Պուտին հանդիպումը կարող է ունենալ առավել լայն ընդգրկում՝ անկախ Կարապետյան-Մեդվեդև հանդիպման հանգամանքից: Այստեղ, իհարկե, խոսքը ներքաղաքականից դուրս՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային համատեքստում է և թերևս ԱՄՆ-Ռուսաստան հարաբերության տիրույթում, այդ թվում՝ Ղարաբաղյան խնդրի համատեքստում: Ի դեպ, այդ մասով Սարգսյան-Պուտին հանդիպումը կարող է դիտվել նաև մի կողմից՝ հակակշիռ Ալիև-Պուտին գրեթե մեկամսյա վաղեմության հանդիպմանը, կրկին Սոչիում, որից առաջ էլ երեխաների հետ հանդիպմանը Պուտինն արել էր Ալիևի հասցեին իր հայտնի հայտարարությունը, թե՝ մեկ ժամից խնդիրը կլինի ինձ մոտ, ես հանդիպում եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ինչ էր ուզոմ ասել դրանով Պուտինը՝ անորոշ է, սակայն ակնհայտ է, որ ներկայումս ռուս-ադրբեջանական հարաբերությունն ամենևին էլ ամենաբարձր կամ լավագույն տոների վրա չէ: Ի՞նչ կկարողանա անել այդ իրավիճակում Սերժ Սարգսյանը: Այստեղ, իհարկե, մի կողմից՝ առաջնայինը Ադրբեջանին ռուսական զենքի տրամադրման հարցն է, որտեղ Երևանը կարծես թե անզոր է, իսկ մյուսը՝ Սարգսյան-Ալիև հնարավոր սպասվող հանդիպման օրակարգի հարցը: Բանն այն է, որ Երևանի համար օրակարգում շատ կարևոր է հրադադարի պահպանման մեխանիզմների ամրագրումը, և Մինսկի խմբի մյուս համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հանդես են գալիս այդ օրակարգով, իսկ ահա Ռուսաստանն այդ հարցում, մեղմ ասած, պասիվ է, ինչն էլ նպաստում է Բաքվի ռազմական ակտիվությանը: Կհաջողվի՞ Սարգսյանին Վիեննայի օրակարգի հարցում ակտիվացնել Պուտինին՝ Ալիևին ռազմական պասիվության բերելու համար:   Լուսանկարը՝  gettyimages-ի