Արսեն Բեգլարյանը փոխարինող ունի. «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել փորձառու դարպասապահի հետ

Մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ևս կարևոր համալրում է ունեցել: «Ալաշկերտի» է տեղափոխվել մակեդոնացի դարպասապահ Դարկո Տոֆիլոսկին, ով այսօր իր երկրորդ մարզումն է անցկացրել մեր թիմի կազմում, հայտում է ակումբի պաշտոնական կայքը: Փորձառու դարպասապահն իր կարիերան սկսել է Մակեդոնիայի «Պոբեդա» թիմում, որում հանդես է եկել 2005-2008 թթ` դառնալով 2006 թ. Մակեդոնիայի չեմպիոն: Այնուհետև նա մեկ մրցաշրջան է անցկացրել շվեյցարական «Շաֆհաուզենում»: 2010-ին Տոֆիլոսկին տեղափոխվել է Սլովակիայի «Կոշիցե» և 5 տարվա ընթացքում շուրջ 150 հանդիպում է անցկացրել, դարձել է թիմի ավագը: 2013-ին «Կոշիցեի» կազմում նվաճել է Սլովակիայի Գավաթը: 2015-2016 թթ. Դարկոն պաշտպանել է Սլովակիայի «Ռուժոմբերոկի» գույները, որի կազմում այդ ժամանակ հանդես էր գալիս նաև «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանը: Դարկո Տոֆիլոսկու նախորդ ակումբը Սլովակիայի «Դունայսկա Ստրեդան» էր: 194 սմ հասակ ունեցող դարպասապահը հանդես է եկել Մակեդոնիայի Մ-17, Մ-19 հավաքականներում, 16 հանդիպում է անցկացրել երիտասարդական հավաքականի կազմում: 2013-ին Տոֆիլոսկին իր նորամուտը նշել է նաև Մակեդոնիայի ազգային հավաքականում` մասնակցելով Նորվեգիայի հետ խաղին: Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Ալաշկերտի» հիմնական դարպասապահ Արսեն Բեգլարյանն ուղղակի խայտառակ խաղ է ցուցադրում: Թիմի մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի «Բանանցի» հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ շարունակ կոպիտ սխալներ թույլ տվող ֆուտբոլիստների շուտով փոխարինողներ կունենան: Եվ ահա ՀՀ չեմպիոնը համալրվեց փորձառու դարպասապահը: