Եթե Թուրքիան համագործակցի ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանը կարող է օգտագործել իր իրավունքներն ու սահմանը բացելու հարց դնել

Եթե Թուրքիան համագործակցի ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանը կարող է օգտագործել իր իրավունքներն ու սահմանը բացելու հարց դնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: - Պարոն Խաչատրյան, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել: Արդյոք նման հնարավորությունը կարո՞ղ է մտահոգել Հայաստանին: - Թուրքիան լրջագույն խնդիրներ ունեի ԵՄ-ի հետ, մինչդեռ պատրաստվում էր նրա հետ մաքսային միություն ձևավորել: Բայց եթե հիմա ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ նման փաստաթողթ ստորագրել, նշանակում է՝ մեկնումեկից պիտի հրաժարվի: Եթե չհրաժարվի էլ, նույն համագործակցության պայմանները չի ստանա: Օրեր առաջ մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե Գերմանիան ավելորդ ջանք չի ներդնի, որ Թուրքիան դառնա ԵՄ-ի հետ մաքսային միության անդամ: Սա Թուրքիայի համար լուրջ խնդիր է: Եվ կարծում եմ, որ Ն. Զեյբեքչիի հայտարարությունը նաև քաղաքական ենթատեքստ ունի: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ին, որքան մեր երկիրը շատ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրելու հնարավորություն ունենա ու կարողանա օգտագործել այդ հնարավորությունները, այնքան կնպաստի մեր տնտեսության զարգացմանը: Ցավոք, մենք երբեմն այդ հնարավորությունները ստանում ենք, բայց չենք օգտագործում: ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ GSP+ համակարգ ունենք, շատ քիչ երկրներ ունեն այդ հնարավորությունները, բայց որքանով ենք այդ արտոնություններից օգտվում, քանի ընկերություն է դրանից օգտվում, և ինչ տնտեսական էֆեկտ ենք ստացել: Իսկ մենք՝ որպես երկիր, պատրա՞ստ ենք օգտվել այդ արտոնություններից: Արդյո՞ք մեր բիզնեսն ունի նման ցանկություն կամ հնարավորություն: Այս հարցերի պատասխաններն են ավելի կարևոր, քան թե հարցադրումները, թե ինչ տվեց ԵԱՏՄ-ն, կամ ինչ կտար ԵՄ-ն: - Իսկ մեր գործարարներն ինչո՞ւ չեն կարողանում օգտվել GSP+ համակարգի արտոնություններից: - Դրանից օգտվելու համար դու պետք է ունենաս համապատասխան որակի ծառայություն կամ արտադրանք, որ ԵՄ երկրներ արտահանվեն: Մեր գործարարներն այդ ուղղությամբ չեն աշխատում, քանի որ դա նշանակում է լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ չարչարանք, նոր շուկայի խնդիրներ: Միգուցե կան շատ օբյեկտիվ պատճառներ՝ սկսած տարածաշրջանային խնդիրներից, տրանսպորտային սահմանափակումներից մինչև ներքին մրցակցային դաշտը և գործող կառավարման համակարգի թերությունները, կոռուպցիան և այլն: Ամեն դեպքում մենք չունենք այն ապրանքը, որով կարելի է ներկայանալ: Իսկ եվրոպական շուկա մտնելու ճանապարհը մեզ ցույց են տալիս՝ տալով նման արտոնություններ: Ես չեմ ասում, թե եվրոպական շուկա մտնելը հեշտ է, բայց մենք, օրինակ, ոչ համապատասխան որակի գինի, ոչ էլ պանիր ունեցանք: Հիշում եք այծի պանրի հայտնի պատմությունը: Մենք որակյալ պանիր արտադրելու հնարավորություն չունենք, քանի որ դա շատ թանկ տեխնոլոգիա է պահանջում: Նույն ծիրանի կամ դեղձի որակը գնահատելով՝ ապրանքային տեսքի խնդիր ունենք և չենք կարողանում դա ապահովել: - Բայց մենք ունենք, չէ՞, բարձրորակ պանիր կամ գյուղատնտեսական այլ ապրանք արտադրելու հնարավորություն, եթե համապատասխան տեխնոլոգիաներ ներդնենք: - Այո: Միգուցե մեր բիզնեսն այդ ծախսերն անելու հնարավորությունը չունի: Ես հասկանում եմ, որ այդ GSP+ համակարգից օգտվելը նշանակում է լրացուցիչ ծախս, որի հնարավորությունը մեր այսօրվա տնտեսությունը կամ բիզնեսը չունի: - Այդ դեպքում ի՞նչ է պետք անել, եթե մեր գործարարը նման ներդրումների հնարավորություն չունի: - Առաջին հերթին հավասար դարձնել ներքին մրցակցային պայմանները, ներդրումների անվտանգություն, մասնավոր սեփականության անձեռնմխելիություն ապահովել: Մեզ մոտ անգամ խոշոր սեփականատերերն իրենց սեփականության տերը չեն, նրանք կարող են մի օր արթնանալ և տեսնել, որ ունեզրկված են: Իսկ դա ապահովելը նշանակում է ազատ մրցակցություն, ազատ մտածողություն, ազատ գործելու հնարավորություն: - Այսինքն՝ առաջին հերթին դրանք պետության, կառավարությա՞ն լուծելիք խնդիրներն են: - Միանշանակ: Ես մեր գործարարների հմտությունների հարցում որևէ կասկած չունեմ, բայց տեսնում եմ բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են այդ հատկությունների դրսևորմանը: Գործող իշխանությունը ոչինչ չի անում վիճակը շտկելու ուղղությամբ: Կառավարման այս համակարգը թույլ չի տալիս, որ տնտեսությունը զարգանա: Իհարկե, դրանց ավելացրած նաև օբյեկտիվ պատճառները՝ տարածաշրջանային խնդիրները: Հիմա ասում ենք, որ ԵԱՏՄ-ն կարող է Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել: Դա պետք է ողջունել, եթե ստացվի, շատ լավ կլինի: - Բայց դա կնպաստի՞ հայ-թուրքական սահմանների բացմանը: - ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և կարող է օգտագործել այդ հանգամանքը, այդտեղ անգամ քաղաքական խնդիր կարող է լուծվել: Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Թուրքիայի համար շատ ավելի կարևոր լինի ԵԱՏՄ-ն, քան ԵՄ-ն: Թեև ես չեմ պատկերացնում, որ այդպես կարող է լինել, որովհետև Թուրքիան ԵՄ-ի հետ տնտեսական առումով այնպես է կապված, փոխադարձ այնպիսի ներդրումային ծրագրեր, տնտեսական միասնական գործունեություն են ծավալում, որ չես էլ տարբերում մեկը մյուսից: Ամեն դեպքում քանի որ հիմա Թուրքիան փնտրտուքների մեջ է, ԵՄ-ն էլ այդ երկրին հակադարձում է ունեցած ժողովրդավարական խնդիրների պատճառով, նա էլ խաղում է և ուզում ԵԱՏՄ-ի հետ համագործակցել: Մենք էլ ԵԱՏՄ անդամ ենք և Թուրքիայի անդամ դառնալ-չդառնալու վրա ազդելու իրավունք ունենք: - ՌԴ-ին էլ է այդ համագործակցությունն այս պահին ձեռնտու, քանի որ նա էլ է Արևմուտքի կողմից մերժված: - Իհարկե, բա ՌԴ-ի՝ ԵԱՏՄ ստեղծելն ի վերջո քաղաքական ծրագիր է եղել: Պարզ է, որ ՌԴ-ն էլ նման հնարավորություններն օգտագործելով՝ պետք է փորձի իր դերը բարձրացնել որպես համաշխարհային խաղացող: Ի դեպ, չի բացառվում, որ մի օր էլ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցություն ձևավորվի: Մի տեղում ռեսուրս կա, մյուս տեղում՝ տեխնոլոգիա, և երկուսի համագործակցությունը կարող է լավ արդյունք տալ: - Իսկ եթե Թուրքիան ԵԱՏՄ մտնի կամ համագործակցի այդ միության հետ, իր հետ Ադրբեջանին է՞լ կբերի: - Պիտի սպասենք, կարող է դա էլ լինել ու նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու դրանով բոլոր հարցերի լուծմանը: - Դուք լավատեսություն եք արտահայտում, բայց երբ հայ-թուրքական սահմանի բացման շուրջ խոսակցություններն ակտիվանում էին, մեզ մոտ մտահոգություն էր առաջանում, թե այդպիսով Թուրքիան իր արտադրանքով կողողի Հայաստանն ու մեր՝ առանց այդ էլ թույլ արտադրությունը կոչնչանա: - Որևէ երկիր սահմանները բացելուց չի տուժել, հատկապես շարքային սպառողները: Մեր տնտեսվարողները շատ ճկուն են, այնպիսի հնարավորություններ ու մրցակցային առավելություններ կգտնեն, որ հավասար կմրցակցեն թուրք գործարարների հետ ու անգամ նրանց առավելությունները կօգտագործեն: Այդ երբ է եղել, որ մեր գործարարները որևէ մրցակցության մեջ հայտնվել են պարտվողի դերում, եթե, իհարկե, ունեցել են ազատ հնարավորություններ: Հիշեք 1986թ. գորբաչովյան կոոպերատիվ շարժումը: Ի վերջո, մենք հաղթող դուրս եկանք, ի վերջո, առաջիններից մեկը մեր գործարարներն էին՝ ցեխավիկները, լավ իմաստով: Ի վերջո, 1990-ականների մասնավորեցման արդյունքում 1996-ից հետո մեր տնտեսական վիճակը բարելավվեց: Դա նաև մեր գործարարների հմտություններով էր պայմանավորված: ԵՏԱՄ-ի պայմաններում էլ եթե արտահանման ինչ-որ աշխուժություն կա, էլի գործարար հատկությունների արդյունք է: Իսկ եթե սահմանները բացվեն, ու ՀՀ-ում ազատ մրցակցային դաշտ լինի, ես համոզված եմ, որ մեր գործարարները լավագույնս կդրսևորեն իրենց հմտությունները: Տնտեսության համար ամենակարևոր երաշխիքը ազատ մրցակցային պայմաններն են:   Լուսանկարը` PAN Photo-ի