Բոլոր օրակարգերը սպառված են. անորոշ իրավիճակ է

Բոլոր օրակարգերը սպառված են. անորոշ իրավիճակ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը։ -Պարոն Մալխասյան, տարբեր քաղաքական ուժեր այս օրերին խոսում են աշնանը իրենց պայքարի ռազմավարության մասին: Ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը: -Բոլոր օրակարգերը սպառված են: -Նոր օրակա՞րգ պետք է առաջ քաշել այս ճգնաժամային վիճակի հաղթահարման համար: -Ժողովուրդը պետք է նոր օրակարգ թելադրի: Մենք շատ ցանկություններ ունենք, բայց նախ այդ ցանկությունները պետք է ժողովրդին դուր գան, որ իրենք օրակարգ թելադրեն: Ժողովուրդը վերջին ընտրություններին տվել է այդ հարցերին պատասխան: Մինչև նոր օրակարգ ձևավորվելը, կարծում եմ՝ բավական ժամանակ է պետք: -Մինչև մյուս ընտրություննե՞ր, թե՞ կարող են ընտրություններից դուրս գործընթացներ ծավալվել: ՀԱԿ-ը չունի՞ նման օրակարգ: -ՀԱԿ-ն իր օրակարգը ներկայացրել է, և ժողովուրդը տվել է իր պատասխանը: Հիմա պետք է սպասենք նոր ժամանակների, նոր օրակարգերի, պետք է նոր պահանջներ առաջ քաշենք: Ժողովուրդն ինքն է թելադրում օրակարգ, այլապես քաղաքական ուժերը, անհատները չեն կարող, եթե ժողովրդի շահերից և ցանկություններից չբխի այն: Հիմա անորոշ իրավիճակ է: -Ընդդիմադիրների մի հատված նշում է, որ պետք է օրակարգ ձևավորել՝ որևէ կերպ թույլ չտալու Սերժ Սարգսյանին 2018-ին դառնա վարչապետ: Դուք այդպիսի օրակարգ պատկերացնո՞ւմ եք ընդդիմության համախմբման համար: -Մեկ անգամ նշել եմ, հիմա էլ ասեմ, որ ինձ համար և ՀԱԿ-ի համար կարևոր չեն անձերը, կարևորը երկրի վիճակն է, որ այսօր պետք է արտագաղթը կանխվի, իսկ թե ով կլինի վարչապետ՝ էական չէ: ՀԱԿ-ը երբեք իր օրակարգում այդ հարցը չի քննարկել: ՀԱԿ-ն իր օրակարգը թելադրել է, առաջ է քաշել երկրի պետական շահից բխող ծրագիր, և եթե դրա շուրջ համախմբվեն առողջ մտածողները, ժողովրդի մեծամասնությունը, մենք արագ դուրս կգանք օրինաչափ զարգացման ճանապարհ, ձգձգվե՞ց՝ ուշ դուրս կգանք: Նախ պետք է երկրի անվտանգության աստիճանը, պաշտպանությունը  բարձրացնել,  տնտեսական վիճակը փոխել: Շատ ավելի կարևոր հարցեր կան, քան այն, թե  ով կլինի վարչապետ, ով չի լինի: Հիմա մեր երկրում միակուսակցական համակարգի անցում է կատարվել և այդ կուսակցությունն էլ թելադրում է իր օրակարգը, բայց սա երկար չի կարող տևել, և պետք է ամեն ինչ իր հունի մեջ ընկնի, որ երկիրը բռնի իր օրինաչափ զարգացման ուղին: -Պարոն Մալխասյան, տարբեր ընդդիմադիր ուժեր տարբեր կերպ են պատկերացնում իրենց հետագա գործունեությունը: Սկզբունքորեն տարբեր պատկերացումներ ունեցող ուժերը կարո՞ղ են համախմբվել իշխանափոխության օրակարգի շուրջ: Պատկերացնո՞ւմ եք արդյոք այդպիսի համագործակցություն: -Ես ասացի, թե մենք ինչպես ենք պատկերացնում և թե ինչ է մեզ համար կարևոր, և ինչ առաջնային խնդիրներ ունենք: Բնականաբար, եթե ճիշտ և օրինաչափ օրակարգ լինի, ժողովուրդը կկողմնորոշվի, այսօր ժողովուրդը շատ լավ գիտակցում է, կարողանում է  կեղծն իրականից տարբերել, ինքը կարծում եմ՝ այդ հարցում ճիշտ կկողմնորոշվի և երբ մեծամասնությունը ճիշտ կողմնորոշվեց, այդ խնդիրը կլուծվի, եթե չկողմնորոշվեց, բնականաբար, այդ խնդիրն անընդհատ կձգձգվի: Առաջնահերթությունը պետք է լինի այն, որ երկրի տնտեսությունը, բանակը զարգանան, պետք է պաշտպանողականությունն ուժեղանա, պետք է այսօր բոլոր միջոցներն ուղղվեն մեր արտաքին ճակատն ու Ղարաբաղի անվտանգության խնդիրը լուծելուն: Ճիշտ դիվանագիտություն և մարտավարություն պետք է իրականացվի: Այս խնդիրները, որ քաղաքական ուժն էլ կարողանա ճիշտ ձևակերպել, ժողովրդի հոգուն և սրտին համահունչ լինի, բնականաբար կհավաքի հանրությանը: Հակառակ դեպքում՝ ժողովուրդը կվարվի այնպես, ինչպես վարվեց ապրիլի 2-ին: -Ինչո՞ւ է իշխանությունը սկսել խոսել դեմոգրաֆիական խնդիրներից: -Այո, անգամ իշխանության ներկայացուցիչները սկսել են խոսել, որ կառավարության համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի ոչ թե բյուջեի կատարողականը, այլ բնակչության թվի աճը, քանի որ հասել ենք վտանգավոր սահմանագծին, գնալով բնակչության թիվը նվազում է, մեծանում է արտագաղթը: Իշխանություններն այսօր բարձրաձայնում են այն, ինչի մասին ընդդիմությունը բազմիցս բարձրաձայնում է: Սա պետք է զգաստացնի մեր ժողովրդին, ժողովուրդը պետք է գա այն գիտակցության, որ արդեն իշխանության մաս կազմող գործիչներ, պատգամավորներ այդ վտանգի մասին խոսում են, բարձրաձայնում, որ անգամ իշխանություններն են գիտակցում: -Որքանո՞վ է հնարավոր թեժ աշուն: Զենք վերցնելու և պայքարելու մասին կոչերը շարունակվում են: -Չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև դա ճանապարհ չէ: Ավելի լավ ճանապարհն այն է, որ իշխանության միջից ավելի շատանան իշխանության մաս կազմող մարդիկ, ովքեր կգիտակցեն, և այդ ճանապարհով ավելի հեշտ կարելի է հասնել այդ խնդիրների լուծմանը: -Այսինքն՝ ակնկալում եք, որ իշխանության մի հատված ներսից կդառնա պոտենցյալ ընդդիմությո՞ւն: -Պատմությունը ցույց է տալիս, որ բռնապետական իշխանությանը փոխելու ամենաբարենպաստ ճանապարհն այն է, երբ իշխանության ներսից մի մասը դուրս է գալիս այդ իշխանության դեմ և սկսում է աջակցել ընդդիմությանը: Իհարկե, լավագույն ճանապարհն ընտրություններն են, որոնք երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում կարող է բարձրացնել: Դա պետք է գիտակցեն իշխանությունները, ինչը քիչ է պատահում, իսկ մնացած դեպքերում դա էլ է ճանապարհ: