«Վանաձոր Քիմպրոմ»-ը ոչնչացվում է. Գործարանից դուրս են բերվում կարևոր սարքավորումներ և վաճառվում

«Վանաձոր Քիմպրոմ»-ը ոչնչացվում է. Գործարանից դուրս են բերվում կարևոր սարքավորումներ և վաճառվում

Կառավարությունը հանրապետությունով մեկ ընկած ներդրումների ոլորտներ ու ներդրողներ է փնտրում, բայց դրան զուգահեռ թույլ է տալիս պոտենցիալ ներդրումների համար պատրաստ օբյեկտների քանդումն ու ոչնչացումը: Նախօրեին Վանաձորի փոխքաղաքապետը քանդում էր Վանաձորի ճոպանուղու շենքը, որի համար կառավարությունը ներդրողներ էր փնտրում տարիներ շարունակ, իսկ այս օրերին քանդման ու վաճառքի գործընթաց է սկսվել նաև Վանաձորի «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ում: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին Վանաձորում է և բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ այս օրերին գործարանի տարածքից դուրս են բերվում կարևոր սարքավորումներ և որպես ջարդոն դրանք վաճառվում են: Որպես պատճառաբանություն նշվում է, որ դրանով փորձ է արվում գործարանի պարտքերը մարել: Մարուքյանի խոսքով, սակայն, պարզ չէ, թե այդ գումարներով արդյոք մարվելո՞ւ են ՀԷՑ-ի կամ «Գազպրոմ»-ի հանդեպ կուտակված պարտքերը, համայնքում կուտակված գույքահարկի պարտքերը: «Այսինքն՝ այստեղ մի ամբողջ ուսումնասիրության խնդիր կա»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ինքը կառավարության հարցուպատասխանի ժամանակ բազմիցս է բարձրացրել խնդիրը, այսօր էլ բարձրաձայնում է, բայց ոչ մի պատասխան դեռ չկա: Թե ո՞ւմ է իրականում պատկանում գործարանը, պետական մարմինները լռում են՝ թաքցնելով իրական սեփականատիրոջը։ Դրա վառ ապացույցը, Մարուքյանի խոսքով, ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքում կոմբինատի սեփականատերերի մասին ինֆորմացիայի բացակայությունն է։ ՀՀ պետական ռեգիստրի կայքում առաջարկվում է կատարել վճարում՝ կազմակերպությունների սեփականատերերին վերաբերող ինֆորմացիա ստանալու համար, սակայն վճարումը կատարելուց հետո համակարգը կրկին ինֆորմացիա չի տրամադրում: Մարուքյանի խոսքով, սակայն, շրջանառվող տեղեկություններով՝ «Վանաձորի Քիմպրոմը» գնել է «Արդշինբանկ»-ի սեփականատերը, հետո կոմբինատը գրավադրել է իր իսկ սեփական բանկում և հիմա վաճառելով՝ փորձում է իր գումարները հետ բերել: «Բայց ինձ քիչ է հետաքրքրում, թե ով է գնել և ում է այն պատկանում: Ինձ համար կարևոր հանգամանք է այն, որ համակարգաստեղծ, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այդ գործարանը հիմա որպես ջարդոն քանդվում և գնում է դեպի կործանման, և հայտնի չէ, թե դրա պատասխանը ով պետք է տա: Մեկը կարող է ասել՝ պարտք է, մյուսը՝ խնդիրներ կան, բայց իրականում այդ գործարանը այսօր էլ կարող է արտադրանք տալ: Իրականում կատարվում է ռազմավարական նշանակության կոմբինատի ակտիվների իրացում, ինչը չի կարելի դիտարկել որպես սեփականատիրոջ մասնավոր շահ։ Մենք այսօր ներդրող ենք փնտրում, ասում ենք՝ եկեք այստեղ գործարան կառուցեք և այլն, բայց ոչինչ չենք անում արդեն իսկ առկա գործարանները վերագործարկելու համար: Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է ուշադիր լինի այս խնդրի հետ կապված»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ իր կողմից բազմիցս բարձրացված խնդրի պատասխանը կառավարության կողմից եղել է այն, որ ի տարբերություն «Նաիրիտ»-ի, որտեղ առկա են պետական բաժնետոմսեր, «Վանաձոր Քիմպրոմի» պարագայում դրանք չկան: Այն ամբողջությամբ մասնավոր է, և մասնավորը ինչ ուզում՝ անում է: Պատգամավորի խոսքով՝ ինքը մասնագետ չէ, սակայն շատերն են պնդում, որ ներդրում իրականացնելու պարագայում հնարավոր է գործարանը վերագործարկել, կան արտադրամասեր, որոնք հնարավոր է ողջ ծավալով աշխատեցնել, և որն էլ կապահովի տասնյակ աշխատատեղ: