Ինչ է սպասվում Հայաստանի հրաշք  հավաքականին

Ինչ է սպասվում Հայաստանի հրաշք հավաքականին

2017 թվականի ամռանը բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային 6 հավաքականներ անցկացրել են պաշտոնական 32 հանդիպում, որոնցից 21-ում հաղթել են, իսկ մնացած 11-ում պարտություն կրել: Այդ 21 հաղթանակներից 3-ը տարավ Հայաստանի ազգային հավաքականը, որը մասնակցելով աշխարհի առաջնության նախընտրական փուլին՝ А ենթախբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Մեր հավաքականը մոտ էր աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլում հայտնվելուն, բայց վճռական պահին զիջեցինք Բոսնիա և Հերցեգովինային: Հիշեցնենք, որ ընտրական փուլում Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթեց Սլովակիայի հավաքականին և Երևանում տպավորիչ խաղով առավելության հասավ Շվեդիայի բավական ուժեղ հավաքականի նկատմամբ: «Հայաստանի ազգային հավաքականի ելույթը կարելի է լավ գնահատել, քանի որ առաջին անգամ էինք մասնակցում նման նախընտրական փուլի և հայտնվել էինք բավական ուժեղ կազմ ունեցող խմբում: Մեր կազմի գերակշիռ մասն առաջին անգամ հանդես եկավ հավաքականների մակարդակով պաշտոնական խաղերի. տղաները երիտասարդ են, դեռ փորձի կարիք ունեն: Ինչ վերաբերում է ընդհանուր արդյունքներին՝ վիճակագրությունը փաստում է, որ հավաքականները ընդհանուր առմամբ հաջող են հանդես եկել: Հատկապես հիացրին մինչև 16 տարեկանների տղաների և աղջիկների հավաքականները, որոնք մեր ապագան են: Նշեմ, որ 2011 թվականին մեր 16 տարեկանների հավաքականը հիանալի ելույթ ունեցավ Բ դիվիզիոնում, և այն ժամանակ արդեն մենք հասկացանք, որ ապագայում կկարողանանք մեծահասակների մարտունակ հավաքական ունենալ: Այդպես էլ եղավ, այսօր մեր ազգային թիմում կան խաղացողներ, որոնք 6-7 տարի առաջ փայլել էին պատանեկան հավաքականներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: Նշենք, որ մեր հավաքականը կազմված է մասնավորապես լեգեոներներից, որոնցից շատերը հանդես են գալիս ԱՄՆ-ի ուսանողական լիգայում: Խաղալով Հայաստանի հավաքականում՝ նրանք հնարավորություն են ստանում տեղափոխվել եվրոպական ակումբներ: «Շատ կարևոր է, որ մեր հավաքականի խաղացողներն աստիճանաբար ամերիկյան համալսարաններից տեղափոխվում են Եվրոպա և հետագայում հավաքականին միանալու խնդիրներ չեն ունենա»,- հավելեց Նազարյանը: Մեր երկրում Հայաստանի ազգային հավաքականի ելույթներն իրական բում առաջացրին: Շատերի կարծիքով՝ բասկետբոլի հավաքականն այսօր ամենաուժեղն է մեր երկրում: Բոսնիա և Հերցեգովինայի հետ մրցավեճում նախկին «Միկա» մարզահամալիրում մթնոլորտն իսկապես ֆանտաստիկ էր: Անկախ Հայաստանի պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել սպորտային հանդիպումներ, որոնք անցել են նման մթնոլորտում: Շատերը անհամբերությամբ են սպասում, թե երբ է հրաշքի որակավորում ստացած Հայաստանի ազգային հավաքականը նորից խաղալու: Սա խոսում է այն մասին, որ մարզասերներն ուղղակի ծարավ են հայկական թիմերի կամ հավաքականների մասնակցությամբ նորմալ հանդիպումներ դիտելու: Ֆուտբոլի ազգային հավաքականից հետո բասկետբոլի հավաքականն առաջինն էր, որը, մասնակցելով բարձր մակարդակի մրցաշարի, երեք հաղթանակ տարավ՝ մարզասերներին իրական տոն պարգևելով: Մեր հավաքականն իր պատմության ընթացքում անցկացրել է ընդամենը 12 պաշտոնական հանդիպում: Չհայտնվելով աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլում՝ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին հանդես կգա Եվրոպայի Բ դիվիզիոնում: «Բ դիվիզիոնի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 24-ին, որից պարզ կլինի, թե ինչ է մեզ սպասվում: Պարզապես նշեմ, որ ՖԻԲԱ-ի նոր մրցակարգով հավաքականները ողջ տարվա ընթացքում պետք է հանդիպումներ անցկացնեն տանը ու դրսում: Սա արվել է բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար: Այս պահին Բ դիվիզիոնում հանդես գալու իրավունք ունեն 9 հավաքականներ: Նրանցից 4-ը պայքարելու են հաջորդ փուլ դուրս գալու համար, որտեղ նրանց կմիանան Ա դիվիզիոնից դուրս մնացած 8 թիմեր. 12 թիմեր կշարունակեն պայքարը 2-րդ փուլում: Կարելի է ասել, որ Բ դիվիզիոնից սկսվում է պայքարը 2021 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգրերի համար»,- ասաց մեր զրուցակիցը: Փաստորեն, մեր հավաքականը մի քանի ամսից կշարունակի պայքարը բասկետբոլային էլիտայում հայտնվելու համար: