Ահա թե ինչու էր Սերժ Սարգսյանին անհրաժեշտ ՀՅԴ-ն

Ահա թե ինչու էր Սերժ Սարգսյանին անհրաժեշտ ՀՅԴ-ն

Սերժ Սարգսյանը պատրաստվում է Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովին, որի «դատին» ներկայացվելու է Համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: Ինչ է ենթադրելու Խորհուրդը, ինչ իրավասությամբ և լիազորությամբ մարմին է այն լինելու, ինչպիսի նշանակություն են ունենալու դրա կայացրած որոշումները, ինչպես է ձևավորվելու և այլն՝ այս հարցերը դեռևս անորոշ են, գուցե մշակման փուլում: Սակայն ակնհայտ է, որ Համահայկական խորհուրդը գործնականում լինելու է Հայաստանում ներիշխանական հարաբերություններում առկա պայքարի կամ մրցակցության գործիքներից մեկը, որով Սերժ Սարգսյանը կփորձի ընդլայնել իր քաղաքական ռեսուրսը հետնախագահական կարգավիճակում ներիշխանական ազդեցության հարցը լուծելու համար, եթե այն չի լուծվում վարչապետության տարբերակով: Թեև Համահայկական խորհուրդը կարող է լինել նաև վարչապետական տարբերակի լուծման միջոց: Բանն այն է, որ Խորհուրդը կարող է իր առաջին հարցերից մեկը դարձնել Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում «ազգովի խնդրանքի» ձևակերպումը: Պետք չէ բացառել և այն, որ Համահայկական խորհուրդը այն կառույցն է, որը կգլխավորի Սերժ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնի փոխարեն: Այստեղ հնարավոր սցենարները կարող են բազմաթիվ լինել, առավել ևս, երբ ամենևին միարժեք չէ Սերժ Սարգսյանի հետնախագահական վարչապետական ցանկությունը, գոնե մոտ ժամանակահատվածի համար: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը փորձում է հետնախագահական իրավիճակի համար ձևավորել ամուր թիկունք նաև Սփյուռքում: Իսկ այստեղ նա իհարկե ունի խնդիրներ, մեղմ ասած: Ընդ որում, խնդիրներ ունի Սփյուռքի բոլոր շերտերում՝ թե՛ ռուսական, թե՛ արևմտյան, թե՛ ավանդական, թե՛ նոր գոյացած՝ Հայաստանից հեռացողների հաշվին: Բայց հենց այդ խնդիրները լուծելու հարցում է, որ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր ՀՅԴ-ի հետ կոալիցիան, ինչի մասին առիթ ենք ունեցել արտահայտվելու դեռևս այն ժամանակաշրջանում, երբ խմորվում էր ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի գաղափարը: Դաշնակցությունը պետք է նպաստի Սերժ Սարգսյանի սփյուռքյան «վարկանիշի» ձևավորմանը, գոնե այն ռեսուրսի մասով, որ ինքն է տնօրինում: Իսկ ՀՅԴ-ն Սփյուռքում տնօրինում է ոչ ամբողջ, սակայն շոշափելի ռեսուրս: Դա է պատճառը, որ Սարգսյանը, ՀՀԿ-ի համար վերարտադրելով բացարձակ մեծամասնությունը և չունենալով խորհրդարանում կոալիցիայի կարիք, այնուհանդերձ, դեռևս 2016 թվականի փետրվարից ՀՅԴ-ի հետ կազմել է կոալիցիա և վերակնքել այն 2017-ի ապրիլին, որովհետև այդ կոալիցիան նրա համար լուծում է ոչ այնքան ներքին, որքան արտաքին այդ կարևոր հարցը՝ Սփյուռքի որոշակի աջակցությունը: Հետաքրքիր է, որ նույն ՀՅԴ-ն 2008 թվականի ֆուտբոլային դիվանագիտությունից հետո Սփյուռքը հանել էր Սերժ Սարգսյանի դեմ: Հիշարժան է, թե ինչ հոծ հանրահավաքներ էին տեղի ունենում այն քաղաքներում, ուր Սարգսյանը մեկնել էր հայ-թուրքական գործընթացի հրապարակային քննարկումների համար: Այդ հանգամանքը հատկապես հետաքրքիր է նաև օրերս մեծ ուշադրություն գրաված տեղեկության ֆոնին՝ կապված ԵՏՄ-ի հանդեպ Թուրքիայի հետաքրքրության հետ, երբ այդ երկրի էկոնոմիկայի նախարարը ռուս-թուրքական բիզնես ֆորումում հայտարարել էր, որ Թուրքիան ցանկություն ունի ԵՏՄ-ի հետ ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր: Այստեղ Հայաստանի դիրքորոշումը ունի կարևոր նշանակություն: Իհարկե, միամիտ կլինի կարծել, որ վաղը Թուրքիան ինչ-որ բան է ստորագրելու, և Հայաստանն էլ պետք է ասի իր «այո»-ն կամ «ոչ»-ը: Տվյալ դեպքում, իհարկե, ռուս-թուրքական քաղաքական հարաբերության տևական գործընթացի հարց է, սակայն, միևնույն է, այդ դեպքում էլ Հայաստանի գործոնը լինելու է կարևոր՝ անկախ ամեն ինչից, և հարկ կլինի ձևակերպել կամ մշակել որևէ ռազմավարություն՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի մոտեցումները: Եվ այստեղ, իհարկե, հետաքրքիր է, թե ինչքանով են Սերժ Սարգսյանի և ՀՅԴ-ի մոտեցումները լինելու նույնական: Հատկապես, եթե բուն զարգացումները կլինեն թերևս այն ժամանակ, երբ արդեն որոշակի հանգուցալուծում ունեցած կլինի 2018-ի խնդիրը: