Ժամանակն է, որ ԵՏՄ-ից դուրս Հայաստանը իր իրական շահերի համադրմամբ գտնի ռազմավարական և բարեկամ երկրների շրջանակ

Ժամանակն է, որ ԵՏՄ-ից դուրս Հայաստանը իր իրական շահերի համադրմամբ գտնի ռազմավարական և բարեկամ երկրների շրջանակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ - Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն օրեր առաջ հայտարարել է, որ իր երկիրը ԵՏՄ-ի հետ ցանկանում է կնքել մաքսային համաձայնագիր։ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնությունը՝ ԵՏՄ-ից դուրս գալու հետ կապված։ Այս հայտարարությունը, կարծում եք, պատահակա՞ն է, որևէ կապ կարո՞ղ է ունենալ ձեր նախաձեռնության հետ։ Փորձագետներն, ամեն դեպքում, այդպիսի կապ տեսնում են։ - Միամտություն է կարծել, թե Թուրքիան էկոնոմիկայի նախարարի շուրթերով հնչեցրած այս հայտարարության մեջ լուրջ մտայնությունների մասին է խոսել: Ես չեմ բացառում, որ այս հայտարարությունը հնչել է նաև քարոզչական նպատակներով ներքին լսարանի համար, հաշվի առնելով այն ձախողումը, որ Թուրքիան արձանագրում է ԵՄ-ի հետ իր հարաբերությունների մեջ: Չմոռանանք, որ անկախ այն հանգամանքից, որ Թուրքիան ունի ԵՄ թեկնածու պետության կարգավիճակ, 2016թ.-ին Եվրոպայի Խորհրդարանը քվեարկել է Թուրքիայի հետ անդամության բանակցությունները կասեցնելու օգտին՝ հիմքում ունենալով այնտեղ տիրող մտահոգիչ իրավիճակը մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ: Բնական է, որ պատին սեղմված Թուրքիան պետք է լուծում փնտրի այս ձախողումը երկրորդական դարձնելու համար ԵՄ-ի աչքերում: Ակնհայտ է, որ ԵՄ-Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին լավագույն լուծումը ԵՏՄ-ի մասին խոսելն է: Թուրքիայի դիվանագիտությունը, թեև հրաշալի է աշխատում, սակայն ձեռագիրը չի փոխում: Ես համոզված եմ, որ սրանով Թուքիան նախ՝ իր խարխլված դիրքերն է փորձում շտկել ԵՄ-ի հետ հարաբերությունների մեջ, ապա՝ իր ներքին լսարանին տեղեկացնում է, որ չանհանգստանան ԵՄ-ի հետ վատթարացող հարաբերությունների պատճառով, քանզի միշտ կարող են ունենալ այլընտրանք ԵՏՄ-ի տեսքով: Սա թուրքական շանտաժ է ԵՄ-ի համար և սեփական ժողովրդին մոլորեցնելու հերթական փորձ: Ինչ վերաբերվում է ԵՏՄ-ից դուրս գալու մասին մեր կողմից հնչեցրած մոտեցումներին և Թուրքիայի հայտարարության միջև կապին, կարող եմ ասել հետևյալը, որ Թուրքիան մեկ րոպե անգամ կասկած չունի, որ ԵՏՄ շրջանակներում Հայաստանի շահերն ամեն պահի կստորադասվեն հանուն Թուրքիայի ԵՏՄ ներգրավման: ԵՏՄ-ից դուրս գալու մեր մոտեցումները պաշտոնական Երևանի կողմից արժանացել է քննադատության, բայց, միևնույն է, ունենալով Հայաստանի հետ փակ սահման, Արցախի հարցը հայ-թուրքական հարաբերությունների հիմքում ընկալող Թուքիան նման հայտարարությամբ է հանդես գալիս, քանզի համոզված է, որ Հայաստանը չի կարող իր մուտքի համար որևէ խոչընդոտ հանդիսանալ: Հարկ կա՞ թվելու, թե քանի անգամ է Հայաստանի շահերը ոտնահարվել ԵՏՄ շրջանակներում, ընդհուպ մինչև մեր պետության արժանապատվությունը Նազարբաևի կողմից նսեմացնող հայտատարության: Ակնհայտ է, որ մենք չունենք բարեկամ երկիր ԵՏՄ-ում, և ամեն պահի Հայաստանի շահերը դրվելու են զոհասեղանին՝ հանուն Թուրքիայի և, ինչու ոչ, Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին միանալու չնչին իսկ մտադրության պարագայում: Մենք չունենք բարեկամ երկիր ԵՏՄ-ում: Ժամանակն է գտնել իրական շահերի համադրությամբ ռազմավարական գործընկերներ և բարեկամ երկրների շրջանակ, որոնց հետ համագործակցությունը կբխի Հայաստանի Հանրապետության իրական շահերից: - Ի՞նչ վտանգներով է Հայաստանի համար հղի Թուրքիայի այդ ցանկությունը և հավանական իրականացումը։ Հնարավո՞ր է՝ Ադրբեջանը ևս այդպիսի ցանկություն հայտնի, մանավանդ, որ այդպիսի հայտարարություններ Բաքվից պարբերաբար հնչում են։ - Համոզված եմ, որ այս հայտատարությունը մնալու է հնչեցված նախադասությունների մակարդակի վրա: Ավելի բարձր մակարդակով հնչեցված Թուրքիայի նմանատիպ հայտարարություններն այդպես էլ քաղաքական գործընթացների չեն վերածվել: Ինչևէ, Երևանը ԱԳ փոխնախարարի շուրթերով անդրադարձ կատարել է այս հայտարարությանը, շեշտադրելով այն խոչընդոտները, որ կան Թուրքիայի համար, ներառյալ հայ-թուրքական փակ սահմանը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ նախաձեռնությունը կյանքի չի կարող կոչվել, քանի որ Թուրքիան չի հրաժարվի հայ-թուրքական սահմանը բացելու իր դրած նախապայմանից և երբևէ չի ստորադասի Ադրբեջանի հետ հարաբերությունները ԵՏՄ մաքսային տարածքին միանալուն: Մեր ԱԳՆ-ի հրատապ արձագանքը ցույց է տալիս, որ Երևանն անհանգստացած է այդ հայտարարությամբ, և դա տեղին է, որովհետև ակնհայտ է, որ այն օրը, երբ Թուրքիան և/կամ Ադրբեջանը լուրջ մտայնություն կհայտնեն ԵՏՄ-ին միանալու, ԵՏՄ-ի մեր գործընկեր երկրները չեն վարանի Հայաստանի առջև այնպիսի պայմաններ դնելուց, որի արդյունքում Հայաստանը ուղղակիորեն ստիպված կլինի կամ անընդունելի զիջումների գնալ, կամ լքել միությունը: Նաև այդ պատճառով է անհրաժեշտ, որ Հայաստանը շուտափույթ միջոցներ ձեռնարկի աշխարհաքաղաքական մայթեզրին չհայտնվելու համար, և ինքնամոռաց չտրվի ԵՏՄ-ի շահերին: Մեկ անգամ չէ, որ Հայաստանն առևտրի առարկա է դարձել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կամ խորացման ճանապարհին, իսկ ԵՏՄ մնացած պետությունների դիրքավորումն էլ այս պարագայում որևէ կասկած չի հարուցում, որ կլինի ի վնաս Հայաստանի՝ առանց երկմտանքի: - Ե՞րբ հստակ կդառնա ձեր նախաձեռնության ճակատագիրը։ Առաջիկայում ձեր դաշինքի մյուս գործընկերների հետ այդ թեմայով քննարկում լինելո՞ւէ։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն օրերս հայտարարել է, որ «Ելք» դաշինքում ոչ բոլորն են կողմ, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից։ - «Ելք» խմբակցության առաջիկա նիստում կքննարկվի այս հարցը օրակարգային դարձնելու ժամկետները: Քանի դեռ առաջին նիստը տեղի չի ունեցել, հստակ ժամանակ մատնանշել չեմ կարող: Ակնհայտ է, որ թեման իրենից լրջագույն կարևորություն է ներկայացնում, և պետք է անցնի պատշաճ քննարկման փուլ՝ դաշինքի ներսում երեք կուսակցությունների անհրաժեշտ կազմով: - Կարծում եք՝ այս հարցը կարո՞ղ է յուրահատուկ լյուստրացիայի դեր տանել։ Այն իմաստով, որ այն բոլոր ուժերը, որոնք դեմ կարտահայտվեն ձեր  նախաձեռնությանը, նշանակում է՝ ծառայում են ռուսական շահերին և Հայաստանում Ռուսաստանի վարած քաղաքականությանը։ - Որոշ իմաստով կարելի է նման ենթադրություն անել, եթե ընդունենք, որ Հայաստանը հայտնվել է այդտեղ մեկ գիշերում՝ հայտնի հանդիպումից հետո: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ռուսաստանի ազդեցությունը ԵՏՄ-ում որպես գլխավոր և առաջնային դերակատար հարցեր չի հարուցում, և որ այս կառույցը ստեղծվել է ի հակակշիռ ԵՄ-ի և Արևմուտքի, այլ ոչ թե շահերի ընդհանրությունների հիման վրա: Հետևաբար, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը այլ բան չէ, քան Ռուսաստանի ճնշման տակ կայացրած որոշում, որից արդեն մի քանի տարի է Հայաստանի օգուտներ քաղելու փորձը ձախողվում է: Մյուս կողմից՝ ես այդպիսի որակում չէի տա այս նախաձեռնությունը չսատարողներին: Կլինեն քաղաքական գոործիչներ և ուժեր, որոնք որ այս նախաձեռնությունը չսատարելու այլ դրդապատճառներ կունենան, քան Ռուսաստանի սպասարկու լինելը: Նման հայտարարություն անելուց առաջ անհրաժեշտ է վերլուծել տվյալ գործչի կամ ուժի անցած ճանապարհը, սկզբունքները և ապա հանգել եզրակացության: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ փորձագիտական աշխարհն ու հանրությունը կունենա հնարավորություն որոշակի եզրահանգումների գալու: