ՓՊ-ն համայնքի միասնականության գիծը պահողն է. Պալատը  դեմ է այլընտրանքային պալատ ստեղծելու գաղափարին

ՓՊ-ն համայնքի միասնականության գիծը պահողն է. Պալատը դեմ է այլընտրանքային պալատ ստեղծելու գաղափարին

Հայաստանի փաստաբանների պալատում ստեղծված անմխիթար վիճակը, Պալատի ընդդիմախոսների կարծիքով, հնարավոր է լուծել միայն երկու ճանապարհով. պայքարել ներկայումս Պալատում ստեղծված խնդիրների դեմ կամ ստեղծել երկրորդ՝ այլընտրանքային նմանատիպ կառույց: Այս տեսակետը նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնել էր փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նրա հետ համակարծիք են նաև մի շարք փաստաբաններ: «Մենք թույլ չենք տալու, որպեսզի այս Փաստաբանների պալատը նման ավարտ ունենա: Եթե նույնիսկ ոչ կոնկրետ Փաստաբանների պալատում հասնենք նման հնարավորությունների, ապա մենք պայքարելու ենք, որպեսզի լինի այլ, ալտերնատիվ կառույց, և այս երկու կառույցների միջև, այսպես ասած, մրցակցության արդյունքում կունենանք այն, ինչի համար մենք պայքարում ենք: Այսինքն՝ որ փաստաբանները լինեն իրականում անկախ, իրականում անձեռնմխելի և կարողանան պայքարել ոչ միայն իրենց իրավունքների, այլև գլխավորը՝ այն նպատակի համար, որի համար փաստաբանը գալիս է՝ պայքարի անձանց իրավունքների համար»,- կարծիք է հայտնել նաև փաստաբան Լուսինե Սահակյանը: «Առաջին լրատվական»-ը փորձեց հասկանալ, թե որքանով է հնարավոր ստեղծել այլընտրանքային Փաստաբանների պալատ: Լուսինե Սահակյանի խոսքով՝ հնարավոր է ստեղծել նմանատիպ այլընտրանքային կառույց, բայց մինչ այդ իրենք պետք է պայքարեն և հասնեն օրենսդրական փոփոխության, որից հետո էլ արդեն հնարավոր կլինի ստեղծել երկրորդ կառույց, որը կունենա գործողի իրավասությունները և կիրականացնի նույն գործառույթը: «Ժամանակին մենք ունեցել ենք երեք պալատ: Մենք պայքարելու ենք, որպեսզի օրենքի փոփոխություն տեղի ունենա: Թե կոնկրետ նույն լիազորություններով կստեղծվեն երկրորդ, երրորդ պալատները, թե միայն որոշ լիազորություններ կպահպանվեն այս պալատից՝ դեռևս քննարկման առարկա է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Սահակյանը: Փաստաբանների պալատը, մինչդեռ, չի պատրաստվում ընդունել որևէ նման կառույցի գոյություն, քանի որ այն արդեն իսկ գոյություն ունեցողը տրոհելու փորձ է: «Փաստաբանների պալատը առաջնորդվում է օրենքով և չի ընդունում օրենքի շրջանակից դուրս որևէ թեական մոտեցում: Կարծիքների դաշտում յուրաքանչյուր մոտեցում, իհարկե, կարող է քննարկման առարկա դառնալ, սակայն կյանքի կարող են կոչվել առողջ գաղափարները միայն: ՀՀ փաստաբանների պալատը համայնքի միասնականության գիծը պահողն է և դեմ է ցանկացած տրոհման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Լուսինե Սահակյանի համար, մինչդեռ, զավեշտալի են Պալատը տրոհելու, «բաժանիր որ տիրես»-ի մասին պնդումները: «Դա այդպես չի: Փաստը մնում է փաստ, որ այսօրվա դրությամբ ընդամենը մեկ Արա Զոհրաբյանի ձեռամբ բոլոր փաստաբանները հայտնվեցին այնպիսի իրավիճակում, որ շատ լուրջ խնդիրներ ունեցան, և ստացվեց, որ Պալատը չպաշտպանեց իր փաստաբաններին, նրանց շահը: Երբ Պալատի նախագահ դարձավ Արա Զոհրաբյանը, ամբողջ Պալատը անցավ իշխանությունների վերահսկողության տակ: Այսօր ցանկացած պետական կառույց կարողանում է լուրջ խնդիրներ առաջացնել փաստաբանների համար, ինչը չի կարող լինել, եթե լինեն ալտերնատիվ կառույցներ: Շատ ավելի հեշտ է մեկի նկատմամբ վերահսկողություն սահմանել: Եթե առանձին պալատներ լինեն, շատ ավելի դժվար կլինի իշխանություններին վերահսկողության տակ պահել երկու կառույցն էլ»,- ընդգծեց տիկին Սահակյանը՝ հավելելով, որ իր համար անհասկանալի է նաև Պալատից հնչող կարծիքները, թե բաժանում են, որ տիրեն: «Փաստաբանների պալատը այն կառույցը չէ, որ փաստաբաններին ամբողջությամբ պահի իր վերահսկողության ներքո: Փաստաբաններն ամբողջությամբ անկախ անձինք են, և այլ է հարցը, որ երբ Պալատը զանազան հուշագրեր է ստորագրում, Պալատի նախագահը պարտվողական քաղաքականություն է վարում, փաստաբաններին դատարանում խուզարկում են, անունը դնում են զննություն, իսկ Պալատի նախագահը համաձայնում է դրա հետ, ապա այս պայմաններում շատ ավելի դժվար է լինում փաստաբանների համար պայքարել: Բայց սա չի նշանակում, որ որևէ պալատ կարող է փաստաբաններին պահել իր վերահսկողության տակ, և «Բաժանիր որ տիրես» սկզբունքը կարող է այդ պարագայում գործել: Դա այդպես չէ»,- եզրափակեց Լուսինե Սահակյանը:   Լուսանկարը՝ Photolure-ի