Կարեն Կարապետյանի քաղաքական բենեֆիսը

Կարեն Կարապետյանի քաղաքական բենեֆիսը

Խորհրդարանական ընտրություններին հաջորդած Հայաստան-ԵՄ ճգնաժամից հետո Կարեն Կարապետյանը իշխանության առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով երեկ վերահաստատել է, որ նոյեմբերին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելու է համագործակցության շրջանակային համաձայնագիրը: «Մենք գնում ենք ստորագրման»,- «Բազե» հավաքին մասնակցելուց հետո Ծաղկաձորում հայտարարել է վարչապետը: Այս լակոնիկ հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումով և ունի մի քանի ենթաշերտ: Նախ՝ շուտով բոլորում է Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին, և սա, ըստ էության, նրա առաջին քաղաքական հայտարարությունն է, եթե, իհարկե, չհաշվենք Կարապետյանի մի քանի կցկտուր կարծիքները 2018-ի վերաբերյալ: Հենց այս առումով էլ Կարապետյանի հայտարարությունն ուշագրավ է դառնում, որովհետև նա ռուսամետ գործչի համբավ ունի, անցած մեկ տարում պաշտոնական այցերը սահմանափակել է եվրասիական տարածքով և ահա, հայտարարում է, որ Հայաստանը հաստատակամ գնում է ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման: https://www.youtube.com/watch?v=qfLoxZfB844 Անցած մեկ շաբաթվա ընթացքում Կարապետյանն իր իշխանական հայտի շրջանակներում խաղարկում էր ռուսական, ավելի ստույգ՝ Մեդվեդևի գործոնը: Երեկ նա փաստորեն մեսիջ է ուղարկել Բրյուսել, որ չնայած ռուսամետ գործչի իմիջ ունի, սակայն խրախուսում է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը: Թերևս սա բնական հայտարարություն է մի գործչի կողմից, ով հաջորդ տարի հավակնում է ձևավորել Հայաստանի իշխանությունը: Մյուս կողմից՝ Կարապետյանն ընդամենը մեկ շաբաթ առաջ է հանդիպում ունեցել ռուսաստանցի իր գործընկեր Մեդվեդևի հետ և, անկասկած, նրա հետ քննարկել է նաև Հայաստանի և ԵՄ հարաբերությունների հարցը: Երեկվա մեկ նախադասությամբ Կարապետյանը հասկացնում է, որ Ռուսաստանը չի խոչընդոտելու Հայաստանի և Եվրամիության միջև նոր պայմանագրի ստորագրմանը: Կարեն Կարապետյանի ինտեգրումը Հայաստանի, այսպես կոչված, եվրոպական քաղաքականությանը հետաքրքիր երանգ է հաղորդում գործընթացին՝ այն իմաստով, որ նա, մեծ հաշվով, կոմպրոմիսային և ապաքաղաքական գործիչ է: Այս հանգամանքը նշանային է և բացահայտում է Երևանի ու Բրյուսելի այսօրվա հարաբերությունների բովանդակությունը, ավելի շուտ՝ դրանցում քաղաքական բովանդակության բացակայությունը: Հայաստանի իշխանություններն իրենց եվրոպական քաղաքականությունն այնքան են հարմարեցրել սեփական ու Մոսկվայի շահերին, որ դրանք զրկվել են բովանդակությունից: Այս ֆոնին սպասվող համաձայնագիրը թեև դրական է Հայաստանի համար, բայց, ըստ էության, որակական ոչինչ չի փոխելու մեր քաղաքական, հանրային կյանքում: