Բնապահպանության նախկին և գործող նախարարների հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»

Բնապահպանության նախկին և գործող նախարարների հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խոսրովի անտառում բռնկված հրդեհն առիթ հանդիսացավ, որպեսզի պետական պաշտոնյաներն ի ցույց դնեն իրենց ամբիցիաները: Հիմա այդ ամենի հետևանքով լարվել են ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի և Արարատի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները: Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, օգոստոսի 14-ին մարզպետ Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ Խոսրովի անտառ էին մեկնել մարզպետարանի աշխատակիցներն ու Արտաշատի և Արարատի տարածաշրջանների 51 համայնքների ղեկավարները: Սակայն, պարզվում է, տեղում նրանք հրաժարվել են կատարել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ հրդեհաշիջմանն օգնելու հանձնարարականները՝ պատճառաբանելով, թե ենթարկվում են ոչ թե նախարարին, այլ մարզպետին: Սա, բնականաբար, դուր չի եկել Արծվիկ Մինասյանին, որն էլ պահանջել է մարզպետարանի աշխատակիցներից ու գյուղապետերից անհապաղ լքել տարածքը: «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հաստատել է կատարվածը՝ բավական վրդովված պատմելով. «Ես որևէ անգամ որևէ մարմնի մասին բացասական բաներ չեմ ուզում ասել, բայց սա նաև դաս է, որպեսզի պետական մարմինները, համայնքային իշխանությունները կարողանան կազմակերպված աշխատել: Ես այստեղ, օրինակ, մարզային իշխանությունների արդյունավետ աշխատանք չեմ տեսել»: Այնուհետև, բնապահպանության նախարարը բավական կոպիտ է խոսել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հասցեին՝ շեշտելով, որ հրդեհաշիջման օրերին նրան չի տեսել դեպքի վայրում: Մեկնաբանությունների համար «Ժողո­վուրդ»-ը դիմեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Սակայն նա բա­վական նյարդայնացած արձագանքեց՝  հայտարարելով, որ հրդեհաշիջման օրե­րին պասիվ չի եղել, ու այդ մասին խոսակցությունները պատվերի հետևանք են: Կատարվածի մեջ հատկանշական է փաստը, որ միմյանց դեմ են դուրս եկել մարդիկ, ովքեր տևական ժամանակ եղել են նույն թիմի անդամ: Արծվիկ Մինասյանը ՀՅԴ անդամ է: Իսկ Արամայիս Գրիգորյանը թեև անկուսակցական է, սակայն երկար ժամանակ գործել է «ՀՅԴ ծիրին մեջ». 2007թ. պատգամավոր է ընտրվել ՀՅԴ հա­մամասնական ցուցակով, հետո՝ 2008թ., ՀՅԴ քվոտայով նշանակվել է ՀՀ գյուղատն­տեսության նախարար: Սակայն մեկ տարի անց, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից՝ վայր դնելով պորտֆելները, Արամայիս Գրիգորյանը ևս հրաժարական տվեց»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: