Ընդդեմ Հայաստանի՝ լոկալ և մասշտաբային պատերազմի ռուս-ադրբեջանական պատրաստություն

Ընդդեմ Հայաստանի՝ լոկալ և մասշտաբային պատերազմի ռուս-ադրբեջանական պատրաստություն

Բոլոր այն փորձագետները, ովքեր կանխատեսում են հայ-ադրբեջանական նոր պատերազմ, մեծ հաշվով, ճիշտ են: Կանխատեսումների համար հիմք են հանդիսանում Ադրբեջան սպառազինությունների մեծածավալ մատակարարումները: Խաղաղության պատրաստվող կամ պաշտպանությունն ամրապնդելու նպատակ ունեցող երկիրը սպառազինության նման ծավալի, հարձակողական զինատեսակների անհրաժեշտություն չունի: Վաղը Ռուսաստանում մեկնարկող «Բանակ 2017» խորագրով գագաթնաժողով-ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվելու են C-500 և Антей-400 նորագույն զենիթահրթիռային համակարգերը, որոնց հավանական գնորդների ցուցակում փորձագետները նշում են նաև Ադրբեջանը։ Գնորդների ցուցակը բավականին մեծ է՝ Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ, Ալժիր, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքիա, Եգիպտոս, Իրան, Իրաք, Քուվեյթ, Կատար։ Ընդ որում, պոտենցիալ գնորդներին C-500-ը և Антей-400-ը ներկայացվելու են փակ ցուցադրությամբ։ C-500-ը, որը Ռուսաստանը կունենա արդեն 2019թ-ին, ըստ ռազմական փորձագետների` կարող է խոցել հայտնի թիրախներից գրեթե բոլորը, այդ թվում նաև ամերիկյան թռչող սարքերը: Այս ամբողջ տեղեկատվությունը թույլ է տալիս անել մի քանի ուշագրավ եզրակացություն: Ադրբեջանը մտադիր է ձեռք բերել համակարգեր, որոնք նրան թույլ կտան մտնել թե՛ լոկալ ռազմական գործողությունների և թե՛ լայնամասշտաբ պատերազմի մեջ: Բաքուն, ըստ էության, նախապատրաստվում է տևական դիմակայության, որովհետև Ռոսասսանից մտադիր է գնել զինատեսակներ, որոնք այդ երկրի ռազմա-արդյունաբերական համալիրի զինանոցում հայտնվելու են տարիներ անց: Զուր է նաև որոշ փորձագետների լավատեսությունը, թե Մոսկվայում գիտակցել են Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը ու մտադիր են սահմանափակել Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Իրականությունը միանգամայն այլ է և հուշում է այն մասին, որ Ադրբեջանը ռուսաստանյան նորագույն սպառազինության հնարավոր գնորդների շարքում է: Իսկ սա, իր հերթին, հուշում է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության նոր մակարդակի և որակի մասին: Ու սա` չնայած այն հանգամանքին, որ Ռուսատանը դաշնակցային պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ և միջնորդական առաքելություն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Տարածաշրջանային միլիտարիզացիայի բարձր մակարդակն առաջնահերթություն են դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության ու անվտանգության, պաշտպանական համակարգերի դիվերսիֆիկացիան և ոչ ստանդարտ դիվանագիտական քայլերը` ուղղված Ադրբեջանի միջազգային մեկուսացմանը: Իհարկե, այս ամենն իրականացնելու համար Հայաստանի իշխանությունները, առաջին հերթին, պետք է գիտակցեն նոր որակի պետություն ունենալու անհրաժեշտությունը: