«Թուրքիան ուզում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»

«Թուրքիան ուզում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»

Հայկական մեդիադաշտում ակտիվորեն քննարկում են Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հայտարարությունը, թե Թուրքիան մտադիր է համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ՝ ԵՏՄ մաքսային տարածքին կամ այլ կերպ ասած՝ ազատ առևտրի գոտուն միանալու մասին: «Թուրքիան Եվրամիության հետ համաձայնագիր ունի մաքսային միության մասին, չխախտելով այն՝ Անկարան ուզում է համաձայնագիր կնքել նաև Եվրասիական տնտեսական միության հետ»,- Իզմիրում հայտարարել է թուրք նախարարը: Արձագանքելով սրան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նկատել է, որ ԵՏՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամների համաձայնությունը: Իսկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը իր հերթին ասել է հետևյալը, որ ԵՏՄ պայմանագրով նախատեսված չէ ԵՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն, և բացի այդ՝ «զավեշտալի է, երբ ԵՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵՏՄ մաքսային տարածքի միջև»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը: - Պարոն Տարասով, որքանո՞վ է հավանական, որ Թուրքիան համաձայնագիր կստորագրի Եվրասիական միության հետ: - Հարկավոր է ճիշտ վերծանել Թուրքիայի ուղերձը: Նախ, նման հայտարարություններով է հանդես եկել նաև Էրդողանը, իսկ հիմա հայտարարություն է անում նախարարը: Սա նշանակում է, որ հաշվի առնելով խնդիրները Եվրոպական միության հետ՝ Թուրքիան իսկապես ելք է փնտրում դեպի եվրասիական տնտեսական տարածքի շուկան, բայց խնդիրն այն է, որ Հայաստանը այս միության լիարժեք անդամ է, և Թուրքիան չի կարող դա անել՝ առանց Հայաստանի համաձայնության: Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրելու մտադրությունը ցույց է տալիս, թե ինչ քայլեր է պատրաստվում անել Անկարան այս ուղղությամբ: Թուրքիան ձգտելու է կարգավորել կամ բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև սա ԵՏՄ-ի միակ երկիրն է, որն ուղղակիորեն սահմանակցում է Թուրքիային, և միայն դրանից հետո է հնարավոր ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը: Ահա այսպես պետք է վերծանել Թուրքիայի հայտարարությունը: - Իսկ սա ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների, սահմանի հարցի վրա: - Դա արդեն կախված է Անկարայից: Համենայնդեպս, մենք տեսնում ենք նշաններ, որ Թուրքիան փորձում է տարբերակներ գտնել Երևանի հետ հարաբերությունները սերտացնելու համար: Նրանք հիմա ուղղակիորեն չեն խոսում Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին, խոսում են ԵՏՄ-ի մասին, բայց Թուրքիան գրագետ դիվանագետներ ու տնտեսագետներ ունի, նրանք հասկանում են խաղի կանոնները: Տվյալ դեպքում նրանք «զոնդաժ են նետում», փորձում են ստուգել Հայաստանի տրամադրությունները: Կարծեմ Շավարշ Քոչարյանը Հայաստանից արձագանքեց, որ դա հնարավոր չէ և այլն: Այո, այն տեսքով, որով դա հնչեցվեց, հնարավոր չէ, բայց դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան խորհրդակցություններ սկսի Երևանի հետ: Երևանը, անշուշտ, կխորհրդակցի Մոսկվայի, Մինսկի, Աստանայի և այլոց հետ, և կընդունվի համատեղ որոշում հարաբերությունների նորմալացման մասին, որովհետև ԵՏՄ ազատ առևտրի գոտուն միանալու ամենաշահավետ, ամենաարդյունավետ ճանապարհը Թուրքիայի համար թուրք-հայկական սահմանի բացումն է, այլ տարբերակ չկա: - Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Թուրքիան մտադիր է կարգավորե՞լ հարաբերությունները Հայաստանի հետ: - Այո, հայտարարությունը միայն այդպես է ընկալվում, եթե գրագետ գնահատենք: - Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի գործոնի մասին: Չէ՞ որ Ադրբեջանն ամեն կերպ փորձել է և փորձում է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: - Իրավիճակը կտրուկ փոխվում է, Ադրբեջանն այլևս առաջվա ազդեցությունը չունի, փոխվում է իրադրությունը Մերձավոր Արևելքում, Իրաքի քրդերը սեպտեմբերին հանրաքվե են անցկացնելու անկախության մասին: Թուրքիան շատ լուրջ խնդիրներ ունի Սիրիայի քրդերի հետ և ընդհանրապես գտնվում է աշխարհաքաղաքական անկայուն վիճակում, շատ բարդ է իրավիճակը Թուրքիայի հարավարևելյան և Հայաստանին սահմանակից քրդաբնակ շրջանում, և եթե Իրաքի Քրդստանը անկախություն հռչակի՝ դա Թուրքիայի պառակտման լուրջ վտանգ կարող է առաջացնել: Այս իմաստով Հայաստանի հետ սահմանի բացումը և միացումը ԵՏՄ ազատ առևտրի գոտուն, ի դեպ, ելքերից մեկն է Թուրքիայի համար քրդերի դեմ հակախաղ գտնելու: Խոսքը միայն տնտեսության մասին չէ: Այսպիսով՝ թուրք դիվանագետները սկսում են գործել բոլորովին այլ ռեժիմում, և Ադրբեջանն այլևս երկրորդական նշանակություն ունի: Սեպտեմբերի 8-10-ը Էրդողանը կլինի Ադրբեջանում, և կարծում եմ, որ այս սցենարները կքննարկվեն Ալիևի հետ: - Իսկ չե՞ք կարծում, որ խնդիրն ավելի շատ Թուրքիայի հարաբերություններն են Արևմուտքի և Ռուսաստանի հետ: - Այո, ճիշտ ուղղությամբ եք մտածում, Թուրքիան փորձում է այլընտրանքային՝ հակաարևմտյան սցենար խաղալ, հակակշռել Արևմուտքի հետ հարաբերություններին Ռուսաստանի հետ հարաբերությունների միջոցով, բայց հարցն այն է, որ նույնիսկ ընթացակարգի առումով Թուրքիան չի կարող շրջանցել Հայաստանի դիրքորոշումը և համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ: Դա անհնար է: Պետք է լինի միաձայն որոշում: Հայաստանն իրավունք ունի վետո կիրառել ցանկացած որոշման նկատմամբ, ուստի ԵՏՄ-ի մակարդակով հարցեր լուծելու համար Ադրբեջանը և Թուրքիան, նախ, պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ: - Ի՞նչ էր ակնարկում Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: - Ակնարկն այն է, որ նա ճիշտ է մատնանշել ընթացակարգը՝ նախ հարկավոր է պայմանավորվել Հայաստանի հետ, որովհետև այս պետությունը ոչ միայն ԵՏՄ անդամ է, այլև սահմանակցում է Թուրքիային: Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները բացելը նշանակում է ազատ առևտրի գոտու ստեղծում սկզբից սահմանամերձ գոտում, իսկ հետագայում կարելի է ապրանքներ տեղափոխել Հայաստանի տարածքով տնտեսական գոտու մյուս հատվածներ: Իհարկե, Շավարշ Քոչարյանը կուզենար լսել Թուրքիայի այն հայտարարությունը, որ նրանք ուզում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց Թուրքիան իր համար ստորացուցիչ է համարում ցյուրիխյան արձանագրությունները տապալելուց հետո նման անսպասելի հայտարարություն անելը, ուստի նրանք հիմա հայտարարություն են անում՝ ուղղված ԵՏՄ-ին: Սա ընդհանուր հայտարարություն է, իսկ փաստացի գործողությունը Երևանի հետ երկխոսություն սկսելն է: Կսպասենք դրան: Դա կարող է նաև բլեֆ լինել, ինչպես թուրքերը հաճախ անում են, բայց այսօր քաղաքական իրադրությունը շատ բարդ է Թուրքիայի համար, և կարծում եմ՝ աշնանը Թուրքիայի կողմից կարող ենք սպասել քայլերի՝ Հայաստանի ուղղությամբ: