Հայաստանի քրեաօլիգարխիայի աստղի խավարումը

Հայաստանի քրեաօլիգարխիայի աստղի խավարումը

Այսօր հայտնի է դարձել, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը վաճառել է «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ունեցած իր 50 տոկոս բաժնետոմսը: Նշենք, որ «Արտֆուդ» ապրանքանիշով հայտնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին, իսկ մյուս մասը Հովիկ Աբրահամյանի որդու անունով էր՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի: Մինչ այս էլ` Հայաստանի նախկին վարչապետն այլ բիզնես էր վաճառել օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Հովիկ Աբրահամյանը Հայաստանի համակարգին քաջածանոթ մարդկանցից մեկն է և, եթե օտարում է բիզնեսները, ապա իր համար առնվազն փակել է գործող իշանություն ինչ-որ կարգավիճակով վերադառնալու հարցը: Կամ Սերժ Սարգսյանն է մերժել Աբրահամյանի վերադարձը՝ չներելով նրա հավակնություններն ու ինտրիգայնությունը, կամ էլ` Արգամիչին կարգավիճակ է առաջարկվել, որը նրա համար պատվաբեր չի եղել: Համենայնդեպս, Հայաստանի իշխանության հիմքը բիզնեսն է, մարդիկ պաշտոնների են ձգտում այն պաշտպանելու համար, ու մինչև հիմա հակառակ տրամաբանությունը չի գործել: Գուցե Հովիկ Աբրահամյանը բիզնեսները վաճառում է, որովհետև չի ուզում դրանք դարձնել իշխանությունների հարձակումների թիրախ: Այդ դեպքում` տրամաբանական կլիներ ենթադրելը, որ նախկին վարչապետը զբաղվելու է ընդդիմադիր գործունեությամբ: Բայց նման հեռանկարը հարիր չէ Աբրահամյանի տեսակին, հետո` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածություններով, ըստ էության, փակվել է նրա մուտքը ԲՀԿ, մանավանդ, խորհրդարանական ընտրություններից ամիջապես հետո Ծառուկյանի դաշինքում տեղի ունեցած մանդատային ձախողված խռովությունը կապվում էր հենց Աբրահամյանի անձի հետ: Սակայն բիզնեսների օտարումը կարող է ավելի պարզ, ընդ որում` ոչ քաղաքական մոտիվացիա ունենալ: Նախկին վարչապետը քաջածանոթ է տնտեսական ճգնաժամի իրական մասշտաբին և, անշուշտ, կանխատեսում է, որ երկրի վիճակն աղետալի է լինելու հատկապես 2019-20թթ-ին, երբ մտահոգություն կա, որ Հայաստանի բյուջեն չի կարող սպասարկել անգամ արտաքին պարտքի մարումը: Շատ նման է նրան, որ Հովիկ Աբրահամյանը ռիսկային գոտուց, այսինքն` Հայաստանից, դուրս է բերում իր կապիտալը` այն փոխադրելով ավելի ապահով երկիր: Ասում են` Հովիկ Աբրահամյանը Գերմանիայում տուն և անշարժ գույք է գնել: Ամեն դեպքում` Հայաստանի քաղաքականության մեջ, կարծես, փակվում է Հովիկ Աբրահամյանի էջը: Սա կարող է մայրամուտի խորհրդանշական իմաստ ունենալ նրան այնքան հարազատ քրեաօլիգարխիայի համար: