Բազեականները Նժդեհին գիտեն, բայց ՀՀԿ-ին ու առհասարակ կուսակցություններին չեն սիրում

Այսօր մեկնարկած «Բազե 2017» համահայկական երիտասարդական հավաքին «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել մասնակիցների մոտեցումները, հետաքրքրություններն ու տրամադրությունը։ Մասնակից ուսանողուհիներից մեկն ասաց, որ դեմ է բոլոր տեսակի կուսակցություններին և իբրև հիմնավորում՝ մեջբերեց Նժդեհի խոսքերը. «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է»։ Նա ձևակերպեց իր դիրքորոշումը որպես միանգամայն ապաքաղաքական՝ պնդելով, որ ինքը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, իսկ մասնագիտությամբ էլ ֆինանսիստ է։ «Առաջին լրատվական»-ի հարցին՝ իսկ որպես ապագա ֆինանսիստ՝ ինչպե՞ս է գնահատում երկրի տնտեսական վիճակը, բազեական աղջիկը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը դեռ ոչ երկար ժամանակ է վարչապետ եղել, և ես չգիտեմ՝ տնտեսական ինչ ծրագրեր է իրագործել, ու ինչ ծրագրեր կան, որ պետք է դեռ իրագործվեն»։ Մեկ այլ բազեական երիտասարդ, որը երկրորդ անգամ է մասնակցում հավաքին, ասաց, որ իր նպատակը ինտելեկտուալ խաղերում իր ջոկատին հաջողություններ բերելն է։ Իսկ անձնապես իր ձեռքբերումը Հայաստանի բոլոր մարզերից եկած երիտասարդների հետ շփում ու ծանոթությունն է համարում։ Հետաքրքիր է, որ նա ևս իրեն ապակուսակցական է համարում, գոնե՝ առայժմ։ Իսկ մասնավորապես Հանրապետական կուսակցության անդամ դառնալու ցանկություն չունենալը բացատրում է «ռեսթարթ»-ի անհրաժեշտությամբ. երկիրը բարեփոխելու համար ներկայիս համակարգը պետքը լիովին փոխվի։ Նման փոփոխությունների առաջնորդ բազեականը տեսնում է Կարեն Կարապետյանին։   Մանրամասները՝ տեսանյութում։