Կարեն Կարապետյանը բազեականներին հորդորեց թասիբի ընկնել ու հաճույք ստանալ

Այս տարի «Բազեի» հոբելյանական՝ 15-րդ հավաքն է։ Այսօր «Բազեի» առաջին օրվա հյուրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էր։ Ողջունելով համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին՝ Կարեն Կարապետյանը մասնավորապես ասաց. «Այս տարիների ընթացքում մոտ 8500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից մասնակցել են այս հավաքներին։ Եվ կարծում եմ՝ այս շարժումը շատ լավ հարթակ է, որտեղ համախմբվում է երիտասարդությունը։ Ընդհանրապես, ցանկացած հասարակության ամենաակտիվ, պրոգրեսիվ, ձևավորված ստանդարտներից դուրս մտածող հատվածը հենց երիտասարդությունն է։ Այդ առումով Հայաստանը բացառություն չէ, և դուք ունեք վաղվա օրը ավելի լավը դարձնելու պատասխանատվության ձեր բաժինը։ Չափազանց կարևոր է, որ դուք այդ պատասխանատվությունից բավականություն և հաճույք ստանաք, թասիբի ընկնեք և մտածեք ու գործեք համապատասխանաբար։ Այսօր ուզում եմ հորդորել ձեզ լինել ազատ, լինել անկախ, ավելի ակտիվ, աշխատեք ինքներդ ձեզ վրա, որպեսզի լինեք ավելի մրցունակ ու ժամանակակից։ Վաղվա օրվան նայեք ավելի վստահ ու համարձակ, և իհարկե ամենակարևորը՝ սիրեք մեր երկիրը»։ Իր խոսքը վարչապետը եզրափակեց մասնակիցներին լավ տրամադրություն մաղթելով։