Խաղալիք ատրճանակով երիտասարդները ավազակային հարձակման են ենթարկել գրավատան աշխատակցուհուն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է Հակոբ Գ.-ի ու Արմեն Ն.-ի գործի դատական քննությունը: Երիտասարդները մեղադրվում են խմբի կազմում որպես զենք գործածած առարկայի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի ապրիլի լույս 9-ին, ժամը 1-ի սահմաններում բժշկական դիմակներով ու ձեռնոցներով քողարկված, խաղալիք ատրճանակով ու գազային բալոնով զինված Հակոբն ու Արմենը հարձակվել են Կիևյան 14 հասցեում գործող «Նինել» գրավատան աշխատակցուհու վրա: Երիտասարդները աշխատակցուհուն վախեցրել ու սպառնացել են խաղալիք ատրճանակով և գազային բալոնով, հափշտակել են նրա անձնական ոսկե շղթան ու խաչը՝ 2 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ, ինչպես նաև հափշտակել են գրավատանը եղած 63 հազար դրամը: Դեպքից հետո լրատվամիջոցներում սխալ տեղեկատվություն էր շրջանառվում, իբր հիշյալ դեպքի ժամանակ գրավատնից հափշտակել են... 70 հազար դոլար... Դեպքը բացահայտվել է տեսախցիկների նկարահանած նյութի ուսումնասիրության արդյունքում բացահայտված մեքենայի, դրա վարորդի օգնությամբ. այդպես բացահայտվել են երիտասարդ հարձակվողները: Մինչև բացահայտվելը երիտասարդները հասցրել են վաճառել գրավատան աշխատակցուհու ոսկե զարդերը, այնպես որ դրանք վերադարձնել չեն կարողացել: Դատական քննությունը սկսվելուց առաջ տուժող կողմը քաղհայցի պահանջ ներկայացրեց՝ 2 միլիոն դրամի հատուցման վերաբերյալ: Երկու ամբաստանյալն էլ ամբողջովին ընդունեցին տուժող կողմի քաղհայցի պահանջը: Ամբաստանյալները նաև իրենց լիովին մեղավոր ճանաչեցին ու միջնորդեցին գործը քննել արագացված ընթացակարգով: Մեղադրողը չառարկեց, առարկեց տուժողը՝ նշելով, թե առարկում է, քանի որ իր վնասը դեռ հատուցված չէ: Դատարանը կողմերին լսելով՝ արձանագրեց, որ քաղհայցի պահանջ ներկայացնելը հիմք չէ գործը արագացված ընթացակարգով չքննելու համար, առավել ևս, որ ամբաստանյալներն ամբողջությամբ ընդունեցին ներկայացված քաղհայցի պահանջը: Գործը քննվեց արագացված ընթացակարգով: Դատարանը հետազոտեց ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները: Հիմնականում դատարանը կանգ առավ Արմեն Ն.-ի անձի վրա: Բանն այն է, որ Արմենը 2016 թվականից եղել է ժամկետային զինծառայության մեջ, դեպքի պահին նա գտնվում էր Երևանում՝ կարճատև արձակուրդի մեջ: Անչափահաս տարիքում Արմեն Ն.-ն որոշ ժամանակ եղել է «SOS մանկական գյուղի» թիվ 1 երիտասարդական տան սան, բնութագրվել է դրական: Այնուհետև հաշվի է առնվել, որ Արմենը սերտ կապի մեջ է իր կենսաբանական ընտանիքի հետ, նպաստել են, որ նա «վերամիավորվի» կենսաբանական ընտանիքի հետ: Արմենին դրական բնութագիր էին տվել նաև այն զորամասից, որտեղ նա անց էր կացնում ժամկետային զինծառայությունը... Ամբաստանյալների շահերի պաշտպաններից պարզեցի, որ երիտասարդները նույնիսկ ընկերներ չեն եղել, նրանք հայտնվել են նույն սեղանի շուրջ, խոսել են, խոսքները «մեկ են արել» ու գործել են հանցավոր արարքը, որի կատարման համար իրենց լիովին մեղավոր են ճանաչում, զղջում են և ուզում են, որ գործն ինչքան հնարավոր է՝ արագ քննվի: Դատարանն ավարտեց դատաքննությունը: Մեղադրողը ժամանակ խնդրեց մեղադրական ճառին նախապատրաստվելու համար: