Կանադահայերի դասը Ռուսաստանի հայ «ազդեցիկ» օլիգարխներին

Կանադահայերի դասը Ռուսաստանի հայ «ազդեցիկ» օլիգարխներին

Կանադահայ համայնքը արշավ է սկսել ադրբեջանա-կանադական գործարքի դեմ, որով նախատեսվում է կանադական արտադրության զրահափոխադրիչներ մատակարարել Ադրբեջան: Կանադայի հայ համայնքը դիմել է երկրի վարչապետին, խորհրդարանին հորդորելով նրանց արգելակել գործարքը և չսնուցել տարածաշրջանի ապակայունացման տանող ադրբեջանական քաղաքականությունը: Գործարքը կնքվել է INKAS Armored Vehicle Manufacturing ընկերության և Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միջև: Ընդ որում, խոսքը ոչ թե մահաբեր սպառազինության, այլ Ադրբեջանի ոստիկանության համար նախատեսված տրանսպորտային տեխնիկայի առաքման մասին է: Կանադահայ համայնքի դիրքորոշման հիմքում քաղաքացիականության դրսևորումն է, արժեհամակարգը: Նրանք սկզբունքորեն կարծում են, որ իրենց երկիրը` Կանադան, չպետք է, այսպես կոչված, «ուժային» համագործակցությամբ խրախուսի մի երկրի, որն ասոցացվում է բռնության և տոտալիտարիզմի, պատերազմի և անկայունության հետ: Ուշագրավն այն է, որ կանադահայերն այնպես են ձևակերպել իրենց պահանջը, որ համոզված ենք` դրան կմիանան Կանադայի հազարավոր քաղաքացիներ, ովքեր գուցե անգամ Հայաստանի տեղը չգիտեն, որովհետև արևմտյան հասարակությունները ցավոտ են արձագանքում ավտորիտար ռեժիմների հետ իրենց կառավարությունների կամ բիզնեսի անգամ տնտեսական համագործակցությանը: Կանադահայ համայնքը խիստ պատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել նաև հայրենիքի` Հայաստանի հանդեպ, ընդ որում` առանց հայդատական և հայրենասիրական ավելորդ զեղումների ու ճառերի: Գրեթե համոզված ենք, որ գործ ունենք ավտոնոմ նախաձեռնության հետ, որը թելադրված չէ Երևանից կամ Սփյուռքի որևէ կառույցից: Բանն այն է, որ կանադահայ համայնքը` թեև փոքրաթիվ է, սակայն կենսունակ ու ակտիվ է և չի տառապում այն բարդություններով, որոնք բնորոշ են մեր մեծաթիվ ու ավանդական գաղթօջախներին: Գաղտնիքը թերևս թաքնված է Կանադայի հայ համայնքի սոցիալական կառուցվածքի մեջ: Հայաստանից Կանադա են մեկնել հիմնականում մարդիկ, ովքեր հայրենիքում օրվա հացի խնդիր չեն ունեցել և երկրից հեռացել են նրա որակի, հեռանկար չունենալու հետևանքով: Կանադա մեկնած հայաստանցիները մեծամասմբ բարձր որակավորում, որոշակի արժեհամակարգ ունեցող մարդիկ են` այն ներուժը, որ պետք է դառնար Հայաստանի միջին խավի միջուկը: Կանադահայ փոքր համայնքն` իր քաղաքացիականությամբ և աշխարհայացքով կոնտրաստի մեջ է մտնում Ռուսաստանի հայության հետ, որն իր քանակով գերազանցում է նույնիսկ Հայաստանի բնակչությանը, սակայն ձևավորված չէ` որպես համայնք: Երբ ասում ենք ռուսահայ համայնք, պատկերացնում ենք մեկ-երկու օլիգարխների, ովքեր ռուսական իշխանության վերնախավի հետ կարողանում են լուծել իրենց բիզնեսի, ունեցվածքի հարցերը, սակայն խուլ և համր են ձևանում այն ժամանակ, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: Եթե Արա Աբրահամյանը կամ Սամվել Կարապետյանը հպարտանում են ռուսական վերնախավում իրենց ունեցած կապերով, բայց չեն ընդվզում Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարումների դեմ, ապա առնվազն բարոյապես պատասխանատու են այսօրվա վիճակի համար: Կանադահայ համայնքն անուղղակի դաս է տվել ռուսահայ էլիտային, սակայն հազիվ թե ուշքի գան մարդիկ, ովքեր կարողության և դիրքի են բացառապես հասել ռուսական արքունիքին քծնելու հետևանքով: