Համակարգը ճաքեր է տալիս

Համակարգը ճաքեր է տալիս

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկնակի քվերակություն կատարելու մեղադրանքով պայամանականորեն երկու տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Կաղզվանցյանը դիմել է Վերաքննիչ դատարան: Նա Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու իրեն ճանաչել անպարտ: Աշոտ Կաղզվանցյանի հանդեպ դատարանը նույնիսկ հումանիստ է գտնվել, որովհետև նրա հանցագործությունն, ըստ էության, ապացուցված է, արձանագրված է ոչ միայն հանձնաժողովի նախագահի հաղորդումով, այլ նաև` տեսախցիկով և, եթե այս հանցանքը կատարվեր ժողովրդավարական որևէ երկրում, դրա հեղինակը կդատապարտվեր ոչ թե պայմանականորեն, այլ կհայտնվեր անազատության մեջ: Սակայն Հայաստանում խաղի այլ կանոններ են գործում, իշխանությունները ոչ միայն դատարանում են տեր կանգնել Կաղզվանցյանին, այլ վստահ ենք` նրա համար նույնիսկ ինչ-որ մանր-մունր ծառայություններ են մատուցել: Իհարկե, դա արվել է ոչ թե վերջինիս սիրուն աչքերի համար, ոչ թե ժեստ է կոնկրետ մարդու, այլ վերաբերմունք է մի ամբողջ ինստիտուտի նկատմամբ, որն ընտրությունների ժամանակ դիմում է ցանկացած քայլի, նույնիսկ ստորության` իշխանության «տոկոսը խփելու» համար: Այդ մարդիկ պետք է վստահ լինեն, որ չեն պատժվում բոլոր այն դեպքերում, երբ գործել են հանուն իշխանության, նրա օլիգարխի կամ պաշտոնյայի ցուցումով: Գործ ունենք հանցավոր մի բուրգի հետ, որի կենսունակության, կայունության հիմքը հենց հանցագործությունն է, մի հատկանիշ, որը միավորում է բուրգում ընդգրկված բոլոր մարդկանց: Սակայն Աշոտ Կաղզվանցյանը պահանջում է իրեն անմեղ ճանաչել, իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ձևավորված համակարգում ամեն բան չէ, որ կարգին է, առնվազն խախտվել է ներքին բալանսը: Նույնիսկ անենաայլանդակ համակարգը ունենում է իր ներքին «արդարությունը», որի ոտնահարումը բերում է «հեղափոխական» վիհակի, որովհետև այս պարագայում բուրգի հատակում հայտնված մարդիկ համարում են, որ իրենք անում են «սև» գործը, «վերևները» վայելում են իշխանությունը` քերելով նաև իրենց հասանելիք փողը: Աշոտ Կաղզվանցյանին ու նրա նման մարդկանց վարքագիծն արդարացնել չի կարելի որևէ պարագայում, սակայն նրանց առնվազն կարելի է հասկանալ մարդկայնորեն: Իրենց «սևագործ աշխատանքի» շնորհիվ ոմանք դառնում են հեղինակավոր մարդիկ, պաշտոնյաներ, փողատերեր, իսկ իրենց ճակատին դաջվում է հանցագործի անունը: Վերաքննիչ բողոքն այս պարագայում` արժանապատվությունն վերականգնելու կան անմեղությունն ապացուցելու միջոց չէ, որովհետև ընտրակեղծարարը չունի ոչ առաջինը, ոչ էլ` երկրորդը: Նրա պատկերացրած արդարությունն այն է, որ իրեն, ըստ արժանվույն, մուծվեն իր պես ընտրակեղծարարները, որ ճակատագրի բերումով` պատգամավոր կամ նախարար են դարձել: