ԱՄՆ Պետդեպի հաջորդ զեկույցը շատ կոշտ կլինի. ինչ արգելքների են հանդիպում Հայաստանում կրոնական կազմակերպությունները

ԱՄՆ Պետդեպի հաջորդ զեկույցը շատ կոշտ կլինի. ինչ արգելքների են հանդիպում Հայաստանում կրոնական կազմակերպությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը օրերս հրապարակել է 2016 թ-ի կրոնական ազատության մասին զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին։ «Սահմանադրությունը յուրաքանչյուրին տրամադրում է մտքի, խղճի և կրոնական ազատության իրավունք։ Դավանանքի ազատության մեջ սահմանդրությունը գծանշում է տարանջատում պետության ու կրոնական կազմակերպությունների միջև։ Դա ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահապան։ Քրիստոնյա փոքրամասնական կրոնական խմբերն ունեցել են պաշտամունքի ազատություն, սակայն որոշ քրիստոնյաներ ասում են, որ իրենք կրոնը զգուշավոր կերպով դավանելու անհրաժեշտություն են զգացել», - գրված է զեկույցում։ «Իմ կարծիքով բավականին հավասարակշռված զեկույց է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Պետքարտուղարության նման լավատեսական մոտեցումները, որ դրական տեղաշարժ են արձանագրել Հայաստանում կրոնական ազատության հետ կապված, բանախոսը պատասխանեց․«Որոշակի դրական փոփոխություններ իրոք եղել են, կան նաև բացասական զարգացումներ: Մասնավորապես պետք է նշել Կրոնական կազմակերպությունների մասին Արդարադատության նախարարության կողմից պատրաստված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Եթե այդ նախագծում հիմնարար փոփոխություններ չկատարվեն, ապա մյուս տարվա զեկույցը, կարծում եմ, կլինի շատ կոշտ»: Զեկույցում նաև նշված է, որ քրիստոնյա փոքրամասնական կրոնական խմբերի և ՀԿ-ների հաղորդմամբ՝ մամուլում ընդհանուր առմամբ դիտվել է նախորդ տարիների համեմատ կրոնական փոքրամասնությունների հանդեպ պակաս քննադատական վերաբերմունք։ Ինչպես նաև նշվում է, որ հետևելով հանրային քննադատությանն ու միջազգային ուշադրությանը՝ սևեռված կրթության ոլորտում Հայ առաքելական եկեղեցու դերի վրա, եկեղեցին հրահանգել է Հայ Առաքելական եկեղեցու պատմություն դասավանդող ուսուցիչներին ավելի հարգալից լինել աշակերտների կրոնական հայացքների նկատմամբ։ Հաղորդվում է, որ ուսուցիչները հետևել են այդ հրահանգին և ավելի քիչ բացասական մեկնաբանություններ արել այլ կրոնների վերաբերյալ։ Այս համատեքստում Ստեփան Դանիելյանը ընդգծեց. «Եթե 5-6 տարի առաջվա հետ համեմատենք, երբ որ մամուլում բազմաթիվ նյութեր կային, որտեղ կրոնական կազմակերպություններից թշնամու կերպար էին ձևավորում, ապա հիմա նման նյութեր ավելի քիչ են, հիմնականում մի քանի, ոչ ազդեցիկ լրատվամիջոցներ են շարունակում այդ պրակտիկան և այդ լրատվամիջոցները հանրային գիտակցության վրա քիչ ազդեցություն ունեն։ Այժմ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ավելի շատ քննադատություն կա, քան մյուս կրոնական կազմակերպությունների։ Հիմա երևի Հայ առաքելական եկեղեցու իրավունքների պաշտպանության ժամանակն է մոտենում, որովհետև եկեղեցու հանդեպ շատ բացասական հանրային կարծիք է ձևավորել։ Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա խնդիրը շարունակում է խնդրահարույց մնալ, այսինքն երեխաներին պարտադրում են աղոթել, և հոգևորականներն են պարբերաբար մտնում դպրոց, ինչի իրավունքը չունեն և նաև Հայ եկեղեցու պատմություն առարկան է դարձել կրոնական քարոզչության դաս , բայց մյուս կողմից էլ Հայ առաքելական եկեղեցու կողմից աշակերտներին ստիպողաբար կրոնափոխ անելու կամ պարտադիր մկրտվելու դեպքերը նվազել են, մինչդեռ նախկինում շատ էին նման դեպքերը։ Այսինքն՝ դա մեղմացել է և եթե բողոքներ են լինում, ապա ԿԳՆ փորձում է արձագանքել, սակայն նման դեպքերի չլինելու համար կանխարգելիչ քայլեր չի կատարում»։ Անդրադառնալով զեկույցում տեղ գտած այն դրույթին, որ Եհովայի վկաների նկատմամբ 2016թ-ին գրանցվել է ֆիզիկական, բանավոր ճնշումների 17 դեպք է, ինչը ավելի քիչ է 2015թ-ի համեմատ (2015թ-ին այդպիսի 33 դեպք է եղել), քաղաքագետ շեշտեց, որ այո, իրականում այդպիսի դեպքերը քչացել են, որն ունի մի քանի պատճառ.«Առաջին պատճառն այն է, որ 2013թ-ից հանգուցալուծվեց այլընտրանքային ծառայության խնդիրը և հիմա Եհովայի վկաներն այլընտրանքային ծառայություն են անցնում և որևէ լուրջ միջադեպեր չեն եղել դեռ ։ Երկրորդը՝ մամուլի վերաբերմունքն է փոխվել. մամուլն ավելի քիչ է թիրախավորում կրոնական կազմակերպություններին, այդ թվում նաև Եհովայի վկաներին, որոնք ամենաշատն էին հայտնվում քննադատության կիզակետում՝ կապված նաև հենց բանակում չծառայելու հանգամանքի հետ։ Այսինքն՝ նրանց նկատմամբ թշնամանքի քարոզչությունն անհամեմատ թուլացել է և այն մադրիկ, ովքեր ենթակա էին նմանատիպ քարոզչության ազդեցությանը և որպես հետևանք ինչ-որ քայլեր էին կատարում, ապա հիմա, այդ դեպքերը քչացել են։ Երրորդը՝ Եհովայի վկաները շատ արդյունավետ են պաշտպանում իրենց իրավունքները՝ նաև դատական պրոցեսների միջոցով և փորձառու իրավաբաններ ունեն, ինչը ևս իր ազդեցությունը ունի։ Չորրորդը՝ պետական քաղաքականությունն է փոփոխվել Եհովայի վկաների նկատմամբ»։ «Վերածնունդ» կուսակցությունից Վանաձորի քաղաքային խորհրդի անդամ Արկադի Փելեշյանը և նրա կողմնակիցների խումբը հոկտեմբերի սկզբին ֆիզիկական հարձակման են ենթարկել Ավետարանչական եկեղեցու հովվին, ով մերժել է խթանել նրանց քաղաքական կուսակցությունը։ Ավետարանական քրիստոնեական խմբերը հայտնել են, որ դադարել են թույլտվություն խնդրել իրենց հովիվների համար՝ այցելելու բանտարկալներին՝ իշխանությունների կողմից կրկնվող մերժումների պատճառով»,-ասվում է Պետքարտուղարության զեկույցում։ Ստեփան Դանիելյանի պնդմամբ՝ ակնհայտ է, որ այս դեպքը կրոնական որևէ երանգ չի ունեցել։ «Նախընտրական փուլում տեղի ունեցած դեպք է դա եղել, երբ որ բոլորը գումարով կամ վարչական ռեսուրս կիրառելով փորձում են ձայներ որսալ և նման ժամանակներում կրոնական խմբերը շատ լավ թիրախ են, որովհետև բավականին կազմակերպված են և նրանց առաջնորդները մեծ ազդեցություն ունեն իրենց խմբի անդամների վրա։ Ընտրությունների ժամանակ տարբեր կուսակցություններից միշտ այցելություններ են լինում կրոնական խմբերին՝ նրանց ձայները ստանալու համար։ Սա հենց այդպիսի դեպքերից մեկն էր։ Հովիվը հրաժարվել է նրանց հետ համագործակցել, ինչն էլ ծեծի պատճառ է դարձել։ Հատկանշական է, որ նման դեպքերում իրավապահ մարմինները շատ մեղմ են վարվում։ Հիշենք նաև ՍԱՍ սուպերմարկետի հետ կապված պատմությունը»,-ընդգծեց նա։ Անդրադառնալով կրոնական կազմակերպությունների գործունեության ընդլայնմանը, որի վերաբերյալ զեկույցում ևս խոսվում է, վերջինս հիշեցրեց, որ 1990-ական թ-ից սկսած կրոնական կազմակերպությունների քանակը շեշտակի տեմպերով աճում էր, երբ ընդամենը մեկ-երկու անձը կարողանում էին իրենց հետևորդների քանակը կարճ ժամանակահատվածում հասցնել մի քանի հազարի։ «Երբ այդ տարիներին երկաթե վարագույրը բացվեց՝ նախկին կոմունիստական ճամբարի եկրներում կրոնական խմբերի քանակը շատացավ, բայց այսօր այդպիսի բան չկա՝ հատկապես Հայաստանում։ Մեզ մոտ այսօր հակառակ գործընթացն է. արտագաղթի գործոնով պայմանավորված՝ նման խմբերը ևս գնալով նվազում են, իսկ քարոզչությունն այլև քիչ ազդեցություն է ունենում։ Այդուհանդերձ, ինչ-որ ձևով նրանց առջև խոչընդոտներ ստեղծելու իներցիան շարունակվում է և օրինակ փոքր բնակավայրերում տեղական իշխանությունները Հայ առաքելական եկեղեցու ազդեցությամբ փորձում են խոչընդոտել կրոնական խմբերին պաշտամունքի վայրեր կառուցել։ Սակայն, կա նաև հակառակ պրոցեսը, շատ կրոնական կազմակերպություններ նոր պաշտամունքի տաճարներ են կառուցել՝ ստանալով տեղական իշխանությունների թույլտվությունը։ Կան նաև արգելքներ։ Եհովայի վկաները նման երեք դեպքերի կապակցությամբ դիմել են ՄԻԵԴ»,-ասաց քաղաքագետը։ Նկատենք սակայն, որ հասարակության մեջ կրոնական խմբերի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Տարբեր հարթակներում, սոցիալական ցանցերում շատ են լինում նրանց մասին քննադատական կարծիքներ, մեկնաբանություններ, որտեղ նշվում է, որ կրոնական խմբերի տարածումը արևմտյան երկրների դրամաշնորհներով սնվող ՀԿ-ների կամ անհատների լոբբինգի հետևանքն է, որոնք ամեն կերպ փորձում են պառակտում մտցնել հասարակության մեջ կամ նրանց ներգրավվել տարբեր կրոնական խմբերում։ Հարցին՝ արդարացված են արդյո՞ք նման կարծիքները և որքանո՞վ է ճիշտ, որ Հայաստանի մոնոէթնիկ բնակչության մեջ շատ լինեն տարբեր կրոնական խմբերը, Ստեփան Դանիելյանը պատասխանեց. «Իսկ ով է որոշում, թե ով ինչ կրոնական համոզմունք պետք է ունենա․ կա Սահմանադրություն և կա օրենսդրություն։ Ըստ Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք ազատ է ունենալ և հետևել իր համոզմունքներին։ Ում ինչ գործն է պարտադրելու դա անել, թե չանել։ Այն մարդիկ, ովքեր ասում են, որ Հայաստանում պետք է լինի մեկ կրոն և ոչ մեկ իրավունք չունի այլ կրոնների դավանելու, ապա այդ մարդիկ Սահմանադրությունն են խախտում, ինչի համար նախատեսված են քրեական պատիժներ ։ Այլ հարց է, որ յուրաքանչյուր ոք կարող է ազատ կարծիք արտահայտել, բայց երբ որ այդ կարծիքը փորձում են պարտադրել կամ դա վերածվում է բռնի գործողությունների կամ թշնամանքի քարոզչության, ապա նման մարդկանց տեղը կալանավայրերն են։ Իմ կարծիքով, Հայաստանը դեռ աշխարհիկ երկիր է և կրոնական պատկանելությունը կապ չունի քաղաքացիական գիտակցության հետ»։