Կասկածում եմ, որովհետև սփյուռքն այնպես, ինչպես հայրենիքում են պատկերացնում, այդպես կազմակերպված չէ

Կասկածում եմ, որովհետև սփյուռքն այնպես, ինչպես հայրենիքում են պատկերացնում, այդպես կազմակերպված չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բեռլինի համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանը։ - Պարոն Քոչարյան, սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվելու է «Հայաստան-Սփյուռք» հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովը, որտեղ քննարկվելու է համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: Ինչպե՞ս եք գնահատում այս համաժողովների անցկացումը և արդյոք հրավիրվա՞ծ եք այս համաժողովին: - Առաջին երկու համաժողովներին մասնակցություն ունեցել եմ, բայց հիմա չգիտեմ, թե Սփյուռքից համաժողովի ներկայացուցիչները ինչ հիմունքով են ընտրվում և գալիս Հայաստան: Ժամանակին այստեղ գերմանահայոց կենտրոնական խորհուրդն ավելի գործունյա էր, ակտիվ էր, ուղարկում էր իր ներկայացուցիչներին: Ընդհանրապես կողմ եմ, որ միշտ Հայաստան-Սփյուռք երկկողմ հանդիպումներ տեղի ունենան, խորհրդակցեն տարբեր թեմաների շուրջ, բայց պայմանով, որ այդ հարցը շարունակականություն ունենա, ոչ թե միայն գան խոսեն: Մամուլում կարդացի Համահայկական բանկի մասին, որը հիմնել են, բայց այն այդպես էլ չի աշխատել: Դժբախտաբար, այդպիսի բաներ կան, և Սփյուռքի նախարարը պատշաճ ձևով չի աշխատում: Գոնե մամուլում ես միշտ բողոքներ եմ կարդում սիրիահայերի խնդիրների հետ կապված: Կան այդպիսի հարցեր, բայց ընդհանրապես ես կողմ եմ, որ տարբեր թեմաներով Սփյուռքը և հայրենիքի պատասխանատու մարդիկ հանդիպեն և տարբեր նյութերի մասին խոսեն: - Համաժողովի կազմակերպիչները նշում են, որ համաժողովը նպատակ ունի պարզելու համահայկական այն օրակարգը, որի շուրջ պետք է հայկական բոլոր կառույցները համախմբվեն: Ըստ Ձեզ՝ կա՞ արդյոք այնպիսի օրակարգ, որ կարող է բոլոր կառույցներին համախմբել: - Այս անգամ տեղյակ չեմ, թե ինչ թեմաների շուրջ պետք է քննարկումներ լինեն, բայց մի փոքր կասկածում եմ Սփյուռքի կազմակերպության կարողության վրա, որովհետև Սփյուռքն այնպես, ինչպես հայրենիքում են պատկերացնում, այդպես կազմակերպված չէ: Օրինակ՝ այստեղ՝ Գերմանիայում, կան միություններ, կազմակերպություններ, որ հայտնի չէ՝ արդյոք աշխատո՞ւմ են, թե՞ միայն անունները կան: Օրինակ՝ մենք չգիտենք, թե Գերմանիայում որքան հայ կա, ինչ ուժեր ունենք և այլն: Պատասխանատուները մեղավոր էլ չեն, ամեն ինչ ընթացքի մեջ է: Այս անգամ չգիտեմ, թե ինչ թեմաների մասին են ուզում Սփյուռքի ու Հայաստանի ներկայացուցիչները խոսել: - Դուք երկու համաժողովի մասնակցել եք: Որքանո՞վ էին դրանք արդյունավետ: - Առաջին երկու հանդիպումները ճանաչողական բնույթ ունեին, և հիմա էլ նույն կարծիքի եմ, որ ո՛չ Սփյուռքն է հայրենիքին լավ ճանաչում, ոչ էլ հայրենիքը՝ Սփյուռքին: Եվ շատ լավ կլիներ, որ այս հանդիպումները մի քիչ էլ ճանաչողական բնույթ ունենային, որովհետև այն պատկերացումը, որ Սփյուռքն ունի հայրենիքի մասին, և հայրենիքը՝ Սփյուռքի, իրականության մեջ այդքան էլ իրական չեն: Այս թեմաներով մենք պետք է իրար հետ ծանոթանանք, որ իրապես իրար ճանաչենք: Առաջին երկու համագումարների ժամանակ հույս ունեի, որ այդ ճանաչողական էտապը կանցնի, բայց հետո չեմ մասնակցել և չեմ կարող ասել՝ արդյոք դա տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: - Տեսակետ կա, որ Սփյուռքի նախարարությունը հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ որևէ գործնական քայլ չի արել մինչև հիմա, հիմնականում այս համաժողովները ձևական բնույթ են կրում: Համամի՞տ եք: - Ինքս երկար ժամանակ է՝ Սփյուռքի նախարարության հետ որևէ կապ չունեմ, հայագիտական հարցերով ինձ ոչ թե օգնեցին, այլ բառիս բուն իմաստով խաբեցին: «Արի տուն» կամ այլ ծրագրեր պետք է ունենան իրենց դրական ազդեցությունը: