Իրանը միջուկային համաձայնագրից դուրս չի գա, իսկ հայ-իրանական հարաբերությունները դոփում են նույն տեղում

Իրանը միջուկային համաձայնագրից դուրս չի գա, իսկ հայ-իրանական հարաբերությունները դոփում են նույն տեղում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ շարունակի պատժամիջոցների ու հարկադրանքի քաղաքականությունը, ապա Իրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից: Երկրի խորհրդարանում իր ծավալուն ելույթի ժամանակ Իրանի նախագահը քննադատություններ է հնչեցրել Վաշինգտոնի հասցեին և ասել, որ Իրանը շատ կարճ ժամանակում՝ ոչ թե մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա, այլ մի քանի ժամվա ընթացքում կվերադառնա իր նախկին դիրքին։ «Եվ այս անգամ շատ ավելի խիստ ձևով, քան բանակցություններից առաջ»,- ասել է Հասան Ռոհանին։ Իրանագետ Էմմա Բեգիջանյանը մեջբերում է պաշտոնական Թեհրանի նախկին հայտարարություններն առ այն, որ ոչ թե Իրանն է ուզում դուրս գալ միջուկային համաձայնագրից, այլ Միացյալ Նահանգները՝ նրա նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությամբ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Իրանը դուրս գա այդ համաձայնագրից. «Թրամփը, Թրամփի վարչակարգը դեմ էին այդ համաձայնագրին, իրենք որոշել էին այնպիսի պայմաններ ստեղծել Իրանի համար, որ Իրանը խախտի համաձայնագիրը, դուրս գա։ Իրանն էլ ի պատասխան ասել էր, որ այեմն ինչ կանի, որ նման իրավիճակ չստեղծվի»։ Այժմ, ըստ Էմմա Բեգիջանյանի՝ Ռոհանիի վերջին հայտարարությունը պարզապես իրավիճակի ավելի խիստ շեշետադրությամբ ներկայացումն է, Միացյալ Նահանգներն էլ նույն ձևով պատասխանել է, որևէ նոր բան չեմ տեսնում․ իրենք ասում են՝ եթե Ամերիկան ոտնահարի, ԱՄՆ-ն էլ ասում է, որ չի ոտնահարի։ Գիտեք՝ Հասան Ռոհանին վերջերս նորից ստանձնեց նախագահի պաշտոնը, պաշտոնապես երդվեց և կարող ենք ասել, որ այս հայտարարությունը ինչ-որ տեղ նաև ներքին սպառման համար է»։ Իրանագետը չի կարծում, որ կարող է մոտ ժամանակաշրջանում հասունանալ այնպիսի իրավիճակ, որ Իրանն իսկապես դուրս գա միջուկային համաձայնագրից։ Ընդգծեցինք, որ այն բանից հետո, երբ երկար քննարկումների ու բանակցությունների արդյունքում Իրանի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց, Իրանը դուրս եկավ ապաշրջափակումից․ փորձագիտական դաշտում շատ էր քննարկվում այն հանագամանքը, որ Հայաստանը կարող է էապես շահել, Հայաստանի առջև նոր շուկա է բացվում և հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու պոտենցիալ կա։ Նշվում էր նաև, որ Իրանն այն եզակի երկրներից է, որ ղարաբաղյան հարցում ունեցել է հայամետ դիրքորոշում և որ այս առումով, Հայաստանի, ևս ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում, կարող է շահած դուրս գալ։ Իրանագետ Էմմա Բեգիջանյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ Իրանի և վեցյակի համաձայնագրից առ այսօր հայ-իրանական հարաբերություններում որևէ տեղաշարժ չի տեսնում. «Հայ-իրանական, հատկապես տնտեսական հարաբերություններն առանձնապես որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Իհարկե կա չնչին ազդեցություն, բայց այն մեծ չէ, չկան այնպիսի ոլորտներ, որում ինչ-որ փոփոխություն է եղել։ Ո՛չ քաղաքական և ո՛չ էլ տնտեսական հարաբերությունները չեն փոխվել ու չեմ էլ կարծում, թե փոխվեն, եթե հանկարծ Իրանը որոշի դուրս գալ այդ համաձայնագրից»,- եզրափակեց մեր զրուցակիցը։