Ավտորիտար համակարգերում անգամ բոյկոտն է անարդյունավետ. Լևոն Բարսեղյան

Ավտորիտար համակարգերում անգամ բոյկոտն է անարդյունավետ. Լևոն Բարսեղյան

«Ընդհանրապես ավտորիտար համակարգերում բոլորովին այլ կանոններ են գործում, և այս տեսակ ընտրական, դատական համակարգի պարագայում հնարավոր է չգործեն այն գործիքները, որոնք արդյունավետ են քաղաքակիրթ աշխարհում: Հայաստանում գուցե բոյկոտն էլ է անարդյունավետ միջոց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Գյումրիում ավագանու ԳԱԼԱ-ի անդամների որոշմանը: Նշենք, որ Գյումրիի ավագանիում 4 մանդատ ունեցող ԳԱԼԱ կուսակցությունը հայտարարել է բոյկոտը դադարեցնելու մասին և սեպտեմբերից կմասնակցի Գյումրիի ավագանու նիստերին: Գյումրիում 2016թ. հոկտեմբերին կայացած ավագանու ընտրություններում հաղթանակ տարավ «Բալասանյան» դաշինքը: Ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային կարգով բաժին հասավ «Բալասանյան» դաշինքին, որը մեծամասնություն կազմեց: 8 մանդատ ունեցող ԲՀԿ-ն դեռ շարունակում է բոյկոտը: Միևնույն ժամանակ Բարսեղյանը նշեց, որ ԳԱԼԱ-ի բոյկոտը հայտարարված էր մինչև Սահմանադրական դատարանում խնդրի քննության ավարտը: «Բոյկոտը ոչ թե ավագանու անդամների դեմ էր, Բալասանյան Սամվելի դեմ էր: Բոյկոտը ԿԸՀ-ի և թիվ 34 ԸԸՀ-ի ապօրինությունների դեմ էր, որոնք կամայական մեկնաբանել էին օրենքի անորոշությունները: Բայց գյումրեցիները 10.5 տոկոս քվե են տվել ԳԱԼԱ-ին, և երկար քննարկումներից հետո որոշվել է մասնակցել և անել այն, ինչ հնարավոր է»,- նշեց Բարսեղյանը՝ հավելելով, որ ինքն էլ է երկար մտածել՝ մասնակցե՞լ նիստերին, թե՞ ոչ, բայց վերջում ԳԱԼԱ-ի գործընկերները պնդել են: «Ես կարևորում եմ մարդկանց տված քվեն, պարզապես միշտ դժգոհել եմ, որ մարդիկ զանգվածային դժգոհության հետ մեկտեղ գնում և իրենց քվեն տալիս են գործող ռեժիմին և ռեժիմի ներկայացուցիչներին: Ժամանակին ես ավագանու կազմում 20 հոգուն հակառակ եմ քվեարկել, և դրանից իմ արժանապատվությունը չի տուժել: Ես իմ տեղում եմ եղել և իմ դիրքորոշումը հայտնել եմ: Թող մտածեն այն մարդիկ, ովքեր իրենց դիրքորոշմանը հակառակ են քվեարկում և, ասենք, ջրմուղը նվիրում են պետությանը, պետությունը այն տալիս է «Վիոլային», որն էլ սկսում է ապականել ջրամատակարարումը և սակագին թանկացնել: Թող էդ մարդիկ մտածեն: Ես շարունակելու եմ նույն կերպ աշխատել»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ այն մարդիկ, ովքեր կարծում են, թե անիմաստ է 4 հգով աշխատել ավագանու կազմում, նրանց կարելի է օրինակ բերել նախկին ընդդիմության և իշխանության, ներկայումս ԱԺ-ում «Ելք»-ի ներկայացվածությունը: «Կարծում եմ, որ ամեն դեպքում արժե անել այն, ինչ կարելի է անել: Մենք օգտվում ենք այդ հնարավորությունից և մարդկանց բացատրելու ենք, որ սա է վիճակը»,- եզրափակեց Բարսեղյանը: