Ամուլսարի շահագործման էկոլոգիական ռիսկերը. հետևանքները վերացնելու համար ահռելի գումարներ կպահանջվեն

Ամուլսարի շահագործման էկոլոգիական ռիսկերը. հետևանքները վերացնելու համար ահռելի գումարներ կպահանջվեն

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը՝ նշել է, որ եթե հանքի շահագործումը թունավորելու է Ջերմուկ քաղաքը, ապա իրենք՝ ամբողջ քաղաքով, չեն թողնի, որ աշխատեն: Բայց, ըստ քաղաքապետի, հանքավայրը շահագործողները եվրոպական չափանիշների գործարան են կառուցում և ապացուցում են, որ դա վնաս չի տալու: «Մենք էլ իրենց ասել ենք՝ թույլ ենք տալիս շահագործեք, եթե վնաս չի լինելու քաղաքին: Հիմա մեզ ապացուցում են, համբերենք, տեսնենք՝ երկու տարի հետո կվնասի՞ դա մեր քաղաքին, թե՞ ոչ: «Լիդիան» ընկերությունը ներկայացրել է Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում նմանատիպ հանքերի շահագործումը, որոնք չեն վնասում քաղաքին»,- ասել է Վարդան Հովհաննիսյանը: Նշենք, որ Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսվում է իրականացնել 2018թ.-ին: Հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը մտադիր է յուրաքանչյուր տարի արդյունահանել 10 միլիոն տոննա հանքաքար, ընդ որում՝ այդ ամենն արվելու է բաց եղանակով, որը, բնապահպանների կարծիքով, շրջակա միջավայրին անհամեմատ ավելի շատ վնաս կարող է հասցնել, քան փակ շահագործման դեպքում: Հայկական բնապահպանական ճակատի համակարգող, բնապահպան Լևոն Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Ջերմուկի քաղաքապետի կարծիքը: Նա պարզապես վերջինիս խորհուրդ տվեց մի քիչ ջանք գործադրել և կարդալ միջազգային երեք հեղինակավոր փորձագիտական կազմակերպությունների՝ Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից կատարած ուսումնասիրությունը: Այդ կազմակերպությունները ուսումնասիրել են «Լիդիան» ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և ներկայացրել են իրենց գնահատականներն ու եզրակացությունները Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ: Դրանք, մասնավորապես, առնչվում են հանքավայրի թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) գոյացման պոտենցիալին և մակերեսային ու ստորգետնյա ջրերի վրա դրա ազդեցությանը, ջրաերկրաքիմիական խնդիրների գնահատմանը, ինչպես նաև աղտոտման ենթակա ջրերի մաքրման հարցերին։ «Ճիշտ է, ամբողջական եզրակացությունը անգլերեն է, իրենք դժվար այդքանը ընկալեն, բայց մենք հատուկ իրենց համար կարևոր եզրահանգումները մոտ 18 էջով թարգմանել ենք, և կարող են դա կարդալ: Աշխարհում չեք գտնի ոչ մի օրինակ, որ այդ տիպի, այդ եղանակով ու այդ ծավալով ոսկու հանքի արդյունահանումը ոչ մի վտանգ կամ լուրջ վնաս չի հասցրել բնությանը: Եթե իրենք գիտեն նման մի օրինակ, թող մատնացույց անեն, մենք էլ իմանանք: Միջազգային կազմակերպությունների եզրակացության մեջ շատ հստակ գրված է, որ «Լիդիան»-ի կատարած եզրահանգումները գիտականորեն հիմնավորված չեն»,- ասաց բնապահպանը: Ուսումնասիրության մեջ, Գալստյանի խոսքով, հիմնավորվում է հանքավայրի վնասը հատկապես ջրերի աղտոտման հարցում: Հստակ գրված է, որ ջրերի աղտոտման հետևանքները վերացնելու համար Հայաստանի կառավարությունից կարող են շատ ավելի մեծ գումարներ պահանջվել, քան այն եկամուտը, որը որ սպասվում է Ամուլսարի հանքավայրի շահագործումից: «Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունում չկա ներուժ, մասնագիտական կարողություններ՝ ճիշտ գնահատելու հանքերի թթվային դրենաժի խնդիրները և դրա հետևանքները: Ուսումնասիրության մեջ որպես կարևորագույն և հիմնական եզրահանգում գրված է, որ հանքավայրի շահագործումը անթույլատրելի է և չի կարելի սկսել, քանի դեռ այդ հարցերի պատասխանները հստակ հիմնավորված և միջազգային չափանիշներով գնահատված չեն: Հանքի շահագործումը անթույլատրելի է, քանի դեռ բոլորի պատասխանատվությունը հստակ ֆիքսված չէ: Այն եզրահանգումները, որը արել են այս միջազգային կազմակերպությունները, չի կարելի անտեսել. սա գիտական եզրակացություն է, որին վերոնշյալ պաշտոնյաները լավ կանեն՝ ծանոթանան: Այս եզրահանգումները ևս մեկ անգամ մեզ բերում են այն համոզման, որ հանքի շահագործումով մենք գործ կունենանք Ջերմուկի հանքային ջրերի, գործ կունենանք Արփա-Որոտան ջրերի աղտոտման հետ, Սպանդարյանի, Կեչուտի ջրամբարների աղտոտման հետ և, ի վերջո, թունելով նաև Սևանա լճի աղտոտման հետ: Չի կարելի այս ռիսկերը դնել մի կողմ և ինչ-որ փողի, եկամուտների համար գնալ հանքավայրի շահագործման»,- ընդգծեց բնապահպանը: Անդրադառնալով քաղաքապետի դիտարկմանը, թե հանքի շահագործումից հետո եթե տեսնեն, որ այն վնասում է քաղաքին, ապա իրենք ոտքի կկանգնեն և կպահանջեն դադարեցնել ծրագիրը, Լևոն Գալստյանը խորհուրդ տվեց «Գուգլ» որոնողական համակարգով բացել և կարդալ, թե ինչ է նշանակում ոսկու հանքի շահագործում ջրային տարածքում, այն էլ՝ բաց եղանակով: «Թող մի հատ բացեն կարդան, նոր խոսեն: Եթե հանքավայրը շահագործում ես, հանքը բացում ես, պրոցեսը գնում է, դու դրա դեմը չես կարող էլ առնել: Հանքավայրի շահագործման հետևանքները ոչ թե երկու տարում զգալի կլինեն, այլ 7-8 տարի հետո, որից հետո արդեն ուշ կլինի: Այդ պրոցեսն արդեն անդառնալի և անկասելի կլինի, և անընդհատ կաղտոտվի ջրային համակարգը, և դրա դեմն առնել արդեն չի լինի: Դրան ոչ փողը կօգնի, ոչ էլ տեխնիկական միջոցները: Սա է ամբողջ հարցը: Եթե հետևանքների դեմն առնելը այդքան հեշտ լիներ, ամբողջ աշխարհում այս խնդիրները չէին լինի, և բազմաթիվ երկրներ հենց տեսնեին, որ վնասները շատ են, միանգամից կկասեցնեին ծրագիրը: Քաղաքապետը լավ կանի՝ ուսումնասիրի և տեսնի, որ բազմաթիվ երկրներ արգելել են ցիանիդով ոսկու հանքի շահագործումը բաց եղանակով ջրային պաշարների պահպանման համար: Բայց մերոնք, փաստորեն, մտածում են, որ հանքավայրը կարելի է բացել, հետո փակել, ու ոչ մի խնդիր չի առաջանա»,- եզրափակեց Լևոն Գալստյանը: Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը ֆինանսավորում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որը «Լիդիան Արմենիան» ընկերության (բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Lydian International Ltd» ընկերությանը) հետ կնքել է վարկային համաձայնագիր 24 միլիոն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու մասին: Այդ գումարները ծախսվելու են Ամուլսարի ծրագրի զարգացման՝ Ամուլսարի հանքավայրում ոսկու արդյունահանման և ցիանային ֆաբրիկայի կառուցման համար սարքավորումների ձեռք բերման նպատակով: Բացի «Ամերիաբանկից», Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորում են նաև Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: