Մեր առավելությունը Սփյուռքն է. ազգային մրցունակության ինչ հեռանկարներ ունի Հայաստանը

«EV Consulting» ընկերությունն օրերս հրապարակել է ազգային մրցունակության վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ հեղինակներն արձանագրում են, որ աշխարհը գտնվում է արդյունաբերական հեղափոխության փուլում, և Հայաստանը պարտավոր է դառնալ դրա մասնակից, առավել ևս, որ ունի այդ փուլի մասնակից լինելու անհրաժեշտ ներուժ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց զեկույցում տեղ գտած այլ հիմնադրույթներին և ազգային մրցունակության զարգացման առումով Հայաստանի հնարավորություններին ու հեռանկարներին, ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը նշեց․ «Մենք այս տարի ընտրել էինք արդյունաբերական հեղափոխության թեման, որը, ըստ էության, ենթադրում է, որ աշխարհը մտել է արագ տեխնոլոգիական զարգացման շրջափուլ, և այս համատեքստում փորձել ենք գնահատել, թե ինչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում ու Հայաստանի համար ինչ հնարավորություններ է ստեղծում։ Հետանկախացման շրջանում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ ավելացել է մոտ 8 անգամ, բայց մենք դեռևս չենք վերականգնել 2008թ-ի մեր մակարդակը, ինչը պայմանավորված է 2009թ-ի այդ կտրուկ անկման հետ, ինչպես նաև դրամի փոխարժեքի անկման հետ։ Արտադրողականության տեսանկյունից ևս մենք վերջին տարիներին աճ ենք արձանագրում, բայց շատ ավելի ցածր տեմպերով, քան աշխարհի միջին տեմպն է։ Սա ևս կարևորագույն մարտահրավեր է ազգային մրցունակության տեսակետից, քանի որ մրցունակությունն ըստ էության պայմանավորված է այն արտադրողականությամբ, որում օգտագործվում են թե՛ մարդկային, թե՛ ֆիզիկական ռեսուրսները, և այս առումով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր արտադրողականությունը մեծացնել»։ Մանուկ Հերգնյանի խոսքերով՝ Հայաստանն ունի արագ զարգանալու մեծ հնարավորություն, քանի որ այդ զարգացումները կապված են լինելու մարդկային կապիտալի որակի հետ, իսկ ֆիզիկական ռեսուրսների դերն այլևս պակասում է։ Ըստ նրա՝ ավելի կարևոր են դառնում ինտելեկտուալ ռեսուրսները, իսկ այս առումով շահելու են այն երկրները, որոնք շատ արագ են փոփոխությունների գնում։ «Այսինքն՝ կարևոր չի այն մակարդակը, որում դու գտնվում ես, բայց կարևոր է այն արագությունը, որով դու շարժվում ես, իսկ Հայաստանը լինելով փոքր երկիր, կարող է ավելի արագ լինել, քան այլ մեծ երկրներ, որոնց համակարգերը շատ ավելի բարդ են։ Երկրորդ առավելությունն այն է, որ մենք ունենք ցրված էթնիկական, այսպես կոչված՝ ձեռնարկատիրական ցանցեր, այսինքն՝ Սփյուռքը, որը մեզ հնարավորություն է տալիս այս տեխնոլոգիահեն աշխարհում արագ ադապտացնել նոր տեխնոլոգիաները, դրանց կիրառություն տալ և մեզ հասու դարձնել այն խնդիրները, որոնք աշխարհում մենք պետք է լուծենք։ Ունենք բնագավառներ, որտեղ մենք բավականին առաջատար ենք այս առումով , բայց զուգահեռ ունենք նաև բնագավառներ, որով բավականին հետ ենք մնում»,- ասաց նա։   Մանրամասները՝ տեսանյութում։