Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Մերկելի օգտին չքվեարկելու Էրդողանի կոչը

Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Մերկելի օգտին չքվեարկելու Էրդողանի կոչը

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը գերմանաբնակ թուրքերին՝ չքվեարկելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և նրա դաշնակիցների կուսակցությունների օգտին։ Այս մասին հայտնում է Tagesschau-ն։ «Դա մեր երկրի ինքնիշխանությանը միջամտելու եզակի գործողություն է»,-ասել է Գաբրիելը՝ հավելելով, որ Էրդողանը ցանկանում է Գերմանիայի բնակիչներին միմյանց դեմ տրամադրել։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը, ով հանդիսանում է Մերկելի հիմնական մրցակիցն ընտրություններում, նշել է, որ Էրդողանը կորցրել է չափի զգացումը, և որ ինքը գնալով ավելի ու ավելի է աջակցում մարդկանց, ովքեր պայքարում են ազատ և ժողովրդավար Թուրքիայի համար։ Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել չքվեարկել Մերկելի և նրա դաշնակիցների կուսակցությունների օգտին՝ ասելով, որ նրանք հանդիսանում են Թուրքիայի թշնամի։