Startup Institute-ն իր կենտրոնները տեղափոխում է Հայաստան և Բելգիա
12:36 | 2017-08-17
Բոստոնից Startup Institute խոշորագույն ստարտափ ինստիտուտն իր տեխնոլոգիական նախապատրաստման կենտրոնները տեղափոխում է Հայաստան և Բելգիա։ Ինչպես հայտնում է bostonglobe.com-ը, բոստոնյան ընկերությունն անցած տարի փակել է իր կենտրոնը Չիկագոյում և որոշել կենտրոնանալ Հայաստանի և Բելգայի վրա։ Նշվում է, որ Startup Institute-ը կրթական կենտրոն է՝ ուղղված ինովացիոն էկոնոմիկայի զարգացմանը։
«Հայաստանում կենտրոնը կաշխատի առանձին ընկերությունների համար իր ծրագրերի լիցենզավորման սկզբունքով, և հույս ունեմ, որ դա կլինի առաջինը բազմաթիվ այդպիսի կորպորատիվ գործընկերություններից»,-ասել է Startup Institute-ի գործադիր տնօրեն Ռիչ ԴիՏիերին։
Նրա խոսքով՝ ստարտափ ինստիտուտը կներդնի իր ուսուցման ծրագիրը Հայաստանում և Բելգիայում, մասնավորապես Microsoft-ը կվճարի այդ երկու երկրներում ինովացիոն կենտրոնների համար ինստիտուտի նախապատրաստման ծրագիրն օգտագործելու իրավունքի համար։
Այդ երկու երկրների համար ներկայում մշակվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ստարտափների զարգացմանն ուղղված ուսումնական նոր ծրագրեր։