Ինչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը 2040-ի մասին. գործընթացի մեկնարկը կտրվի հաջորդ տարի

Ինչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը 2040-ի մասին. գործընթացի մեկնարկը կտրվի հաջորդ տարի

2018-ն նոր իշխանության ձևավորման գործընթացի մեկնարկն է, որը տրամաբանական վերջաբանին կհասնի 2022-ի խորհրդարանական ընտրություններում: Սերժ Սարգսյանի հաշվարկներն ավելի շատ կառուցվում են հենց 2022-ի, ոչ թե` 2018-ի վրա: Ոմանք, ոչ առանց հիմքի, ենթադրում են, որ Սերժ Սարգսյանը ձևավորելու է համակարգ` նախատեսված մինչև 2040թ-ի համար(պարտադիր չէ, որ գործող նախագահն անձամբ իշխանության մեջ մնա մինչև 2040-ը): Համակարգը ոչ միայն ու ոչ այնքան ֆորմալ իշխանությունն է, որքան դրա հիմքը կազմող քրեաօլիգարխիկ համակարգը, որի կայունության կարևոր դրսևորումներից մեկը քաղաքական ֆասադն է` կուսակցական համակարգով: Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածությունների առանցքը հենց համակարգի կուսակցական կոնսենսուսն է: «Ծառուկյան» դաշինքն, անշուշտ, նոր համակարգի հիմքը հանդիսացող խորհրդարանական ստվերային, չձևակերպված մեծամասնության կարևոր բաղկացուցիչն է, սակայն հեռու ենք այն մտքից, որ 2018-ի ապրիլից հետո անպայման պետք է ֆորմալիզացվի Ծառուկյանի թիմի կոալիցիոն կարգավիճակը: ԲՀԿ -ի վրա շատ ավելի կարևոր առաքելություն է դրված, քան` կոալիցիային մաս կազմելը: Նոր համակարգը հիմնվելու է «2+» բանաձևի վրա, որտեղ առանցքային է լինելու ՀՀԿ-ԲՀԿ կոնսենսուսը, որում Ծառուկյանի թիմին վերապահված է համակարգի «անվտանգության բարձիկի», ֆորս-մաժորի դեպքում` «պահեստային» իշխանության դերը: Ըստ էության` երկկուսակցական մոդելն է լինելու Սերժ Սարգսյանի պատկերացրած նոր համակարգի կայունության երաշխիքը: Ասվածը չի բացառում, որ խորհրդարանում լինեն նվազ ազդեցությամբ մեկ-երկու կուսակցություն` տարբեր առաքելություններով: Սարգսյանի նոր համակարգն էությամբ դարձյալ քրեաօլիգարխիկ, ըստ այդմ` եվրասիական է, սակայն Արևմուտքի գործոնը ներկա է մեր քաղաքական կյանքում և անպայման խորհրդարանում ներկայացված կլինի եվրոպական տիպի ուժ. երեկ դա «Ժառանգությունն» էր, այսօր`«Ելքը», վաղը կլինի այլ ուժ: Սփյուռքի գործոնը լեգիտիմացնելու է ՀՅԴ-ի համեստ ներկայությունը նոր համակարգում: Բայց Սերժ Սարգսյանն պատկերացնում է, ըստ էության, երկկուսակցական համակարգ` խորհրդարանական երկու խոշոր խմբակցությամբ և մեկ-երկու փոքր ֆրակցիայով: Մոտավորապես այն, ինչ ունենք այսօրվա խորհրդարանում: Ի դեպ, նման համակարգի լիարժեք ձևավորմանը նպաստում է բացառապես մեծամասնական համակարգը և չի բացառվում, որ իշխանությունները տարիների ընթացքում գնան նման օրենսդրական լուծման: Երբ Սերժ Սարգսյանը խորհրդարանական իր հայտնի ելույթում խոստումներ էր տալիս 2040թ-ի մասով, նա խոսում էր այն համակարգի անունից, որի ձևավորմանը ձեռնամուխ կլինի հաջորդ տարվանից: