«Ապաքաղաքական» չորրորդ «զախոդի» վարչապետը. ինչ է սպասվում Կարեն Կարապետյանին

«Ապաքաղաքական» չորրորդ «զախոդի» վարչապետը. ինչ է սպասվում Կարեն Կարապետյանին

Հայաստանն այդքան ապաքաղաքական վարչապետ և կառավարություն ունեցել է թերևս մեկ էլ 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ վարչապետ նշանակվեց Արմեն Դարբինյանը՝ իր, այսպես ասած, «արհեստավարժների» թիմով: Հայաստանի՝ գործնականում մյուս բոլոր վարչապետները, անգամ շատ կարճ պաշտոնավարած Խոսրով և Գագիկ Հարությունյանները, ըստ էության, եղել են քաղաքական գործիչներ, ծավալել են տնտեսա-քաղաքական գործունեություն: Հարաբերական է եղել 1996-ի նախագահական ընտրություններից հետո Արմեն Սարգսյանի նշանակումը, և թերևս հոկտեմբերի 2-ից հետո Արամ Սարգսյանի վարչապետությունը, որն այժմ քաղաքական գործիչ է, սակայն իր վարչապետության շրջանում նա քաղաքականության մեջ ընդհանրապես նոր մարդ էր և նույնիսկ «արհեստավարժ» էլ չէր: Սակայն այդ երկու օրինակն էլ գալիս են հաստատելու մի ուշագրավ օրինաչափություն. այսպես ասած ոչ քաղաքական վարչապետների և կառավարությունների շրջանները Հայաստանում հաջորդել են փուլերի, որոնք հանգուցային, հիմնարար նշանակություն են ունեցել Հայաստանում իշխանության ներսում ստատուս-քվոյի փոփոխությունների համար: Եվ որպես կանոն, բոլոր այդ փուլերի ոչ քաղաքական վարչապետները հեռացել են իշխանության առաջին շարքից և կատարել են քայլ հետ, նրանցից որևէ մեկն իշխանական հիերարխիայում չի կատարել քայլ առաջ: Ամեն մեկն իհարկե տարբեր պատճառներով, ամեն մեկը տարբեր ճակատագրով՝ մեկը դարձել է նախարար, հետո կուսակցապետ, հիմա ընդհանրապես անցել է կրթական ոլորտ, մյուսը ընդհանրապես հեռացել է Հայաստանից և այժմ զբաղվում է դիվանագիտությամբ, երրորդը թողեց իշխանությունն ու դարձավ ընդդիմություն և ներկայումս իհարկե ընդդիմության առաջնորդներից մեկն է, սակայն բոլոր երեք վարչապետները կատարել են քայլ հետ, նրանցից որևէ մեկը չի գնացել առաջ: Ինչպիսին կլինի չորրորդ «ապաքաղաքական» վարչապետի ճակատագիրը, նա կշարունակի՞ օրինաչափությունը, թե՞ կխախտի այն: Խնդիրն այն է, որ առաջին հայացքից, ներկայիս վարչապետի դեպքում չկա քայլ առաջի խնդիր և նա ընդամենը պետք է կարողանա մնալ տեղում: Բայց հարցն այն է, որ տեղում մնալն արդեն իսկ քայլ առաջ է լինելու դե ֆակտո, որովհետև ինքնին պաշտոնն է կատարում քայլ առաջ, դառնալով առաջին պաշտոնը Հայաստանում: Ըստ այդմ, տեղում մնալն ու քայլ առաջն այս դեպքում հավասարազոր են: Այդպիսով, Կարեն Կարապետյանը կանգնած է «ապաքաղաքական» վարչապետների «օրինաչափության» առաջ: Այստեղ, սակայն, ուսումնասիրության կամ դիտարկման արժանի է ոչ թե բուն վարչապետը, այլ ներիշխանական իրավիճակը, որում ձևավորվել են այդպիսի վարչապետներն ու կառավարությունները: Գործնականում, նախորդ երեք դեպքերում այդ կառավարություններին ու վարչապետներին միավորել է պարզապես «վակուումը» լցնելու հանգամանքը: 1996-ից հետո ներիշխանական բևեռների հարաբերությունը բավական լարվել էր, և վակուումը լցվեց Արմեն Սարգսյանով, 1998-ից հետո դառնալով նախագահ, Ռոբերտ Քոչարյանն իրականում մնաց դե ֆակտո վարչապետ, և վարչապետի դե յուրե վակուումը լցրեց Արմեն Դարբինյանը, մինչ վարչապետության համար ճանապարհը կբարեկարգեր Վազգեն Սարգսյանը: Արամ Զավենի Սարգսյանը լցրեց հոկտեմբերի 27-ի ողբերգության հետևանքով առաջացած վակուումը: Ինչ վակուում է լցրել Կարեն Կարապետյանը: Թերևս ֆինանսական վակուումը, հետևաբար նրա ճակատագիրը կախված է այն բանից, թե Սերժ Սարգսյանը երբ կգտնի համապատասխան ֆինանսներ, կամ ֆինանսներին փոխարինող: Այդ տեսանկյունից, Կարեն Կարապետյանն առայժմ ընթանում է «ապաքաղաքական» վարչապետների «օրինաչափ» հունով: Այլ հարց է, եթե ինչ որ պահից նա սկսի զբաղվել քաղաքականությամբ: Դա ի դեպ կնշանակի, որ Սերժ Սարգսյանը կամ գտել է փողը կամ փոխարինիչը, կամ մոտ է գտնելուն: Այդ դեպքում Կարապետյանին կմնա կամ զբաղվել քաղաքականությամբ, կամ հրաժարական տալ, ինչը գուցե նույնիսկ կլինի հոմանիշ: