Նրանց սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի

Նրանց սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի

Ամառային արձակուրդները մոտենում են ավարտին և մեկնարկում է քաղաքական աշունը, որն այս տարի խոստանում է ավելի ինտրիգային լինել` 2018-ի իշխանության հարցի համատեքստում: Իհարկե, ինտրիգը դեռ չի երաշխավորում որակ, բովանդակություն: Մեր քաղաքական համակարգի նշաձողն այնքան ցածր է, որ վաղուց նման բաներ չենք էլ ակնկալում: 2018-ի թեման առանցքայինն է լինելու աշնանային օրակարգում: Արդեն պարզ է, որ նոր իշխանության ձևավորման գործընթացը չի ուղեկցվելու ծրագրային կամ քաղաքական դիսկուրսով: Մեծ հաշվով` լինելու է պալատական պայքար, որում փորձելու է խցկվել ընդդիմության մի հատվածը: Սակայն աշնանը արձակուրդից վերադառնում է նաև խորհրդարանը, իսկ դա նշանակում է, որ պալատական ինֆորմացիայի արտահոսքի պակաս չենք ունենալու, մանավանդ, որ Հանրապետականի գործիչներն օբյեկտիվորեն «բացվելու» անհրաժեշտություն ունեն` նոր համակարգում իրենց տեղը վերագտնելու նպատակով: Դժվար է ասել Շվեյցարիայի գողտրիկ անկյուններից մեկում ինչ «ճանապարհային քարտեզ» են գծել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, սակայն ակնհայտ է, որ աշնանը ականատես ենք լինելու խորհրդարանական ստվերային մեծամասնության առարկայական դրսևորումների, որոնք անհրաժեշտ նախապատրաստություն են 2018-ին ընդառաջ: Մի փոքր պատկերավոր ասած` ականատեսն ենք լինելու Սարգսյան-Ծառուկյան «սիրո աշնան» դրսևորմանը: ՀՅԴ-ն աշնանը լինելու է դիրքային սպասման մեջ, որովհետև ավելի մեծ դերակատարություն չի կարող ունենալ 2018-ի գործընթացներում` իր այսօրվա ստատուս-քվոն չվտանգելու համար: Քաղաքական սեփական այցեքարտը ձևակերպելու խնդիր ունի «Ելք» դաշինքը: Ներիշխանական գզվռտոցին միջամտելը որևէ դիվիդենտ չի տալու դաշինքին` նրան հեռացնելով քաղաքական ադեկվատությունից: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության չեղարկման նախաձեռնությունը չի կարող արագ ծառայել բուն նպատակին կամ հազիվ թե ազդի 2018-ի ներքաղաքական ստատուս-քվոյի վրա, սակայն էական քայլ կլինի այլընտրանքի ձևավորման, հասարակական աջակցության ռեսուրսն ընդարձակելու և կապիտալացնելու ուղղությամբ: Իհարկե, ապագաղութացման օրակարգը ենթադրում է բազմահարթակ գործունեություն և չի սահմանափակվում միայն խորհրդարանական ձևաչափով: ԵՏՄ անդամության չեղարկման հարցը միջոց է` ոչ միայն հստակեցնելու հարաբերություններն իշխանությունների հանդեպ կամ արտահայտելու վերաբերմունք կայսրության նկատմամբ, այլ սկսելու երկխոսություն հասարակության հետ, ձևավորվելու իրական քաղաքական օրակարգ: Աշնանը շարունակվելու են հասարակական հնչեղություն ունեցող դատավարությունները, որոնք, մեր խորին համոզմամբ, ուղեկցվելու են անտագոնիզմի մթնոլորտով և առաջիկա ամիսներին չեն թևակոխելու բովանդակային փուլ: Դատավարություններն ինքնին չեն կարող ավտոնոմ քաղաքական օրակարգ ձևավորել և սպասարկելու են իշխանության, մագիստրալ ընդդիմության տարբեր շահերը կամ նոր օջախ են դառնալու քաղաքական կյանքի արմատականացման համար: Եվ վերջապես ներքաղաքական ստատուս-քվոյի վրա կարող է ազդել ԼՂ կարգավորման գործընթացը, սակայն առաջիկա ամիսներին խնդիրը նույնիսկ կայունացնող դեր կարող է ունենալ, որովհետև սեպտեմբերին նշանակված է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում` Հայաստանի և Ադրբեջանի նախագահի բանակցությունները նախապատրաստելու նպատակով: Այս հանդիպումներից ակնկալիքները մեծ չեն, սակայն լայնամասշտաբ ռազմական գործողություններ առաջիկա ամիսներին չեն կանխատեսվում: