Հայաստանը ցանկանում է իր տարածքում անցկացնել «Միջազգային բանակային խաղեր 2018»-ի մրցույթներից մեկը

Հայաստանը ցանկանում է իր տարածքում անցկացնել «Միջազգային բանակային խաղեր 2018»-ի մրցույթներից մեկը

Հայաստանը ծրագրում է իր տարածքում անցկացնել 2018 թվականի Միջազգային բանակային խաղերի մրցույթներից որևէ մեկը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մովսես Հակոբյանը: «Մենք ծրագրում ենք մեզ մոտ անցկացնել մրցույթներից մեկը: Տեսնենք՝ ինչ մրցույթներ կլինեն, և կընտրենք այն մրցույթը, որը հնարավոր կլինի անցկացնել Հայաստանի տարածքում»,- ասել է նա: Հակոբյանը նշել է, որ «Տանկային բիաթլոնն» ամենատեսարժան և նշանակալի մրցույթներից է, քանի որ բոլոր Զինված ուժերում տանկը հիմնական սպառազինություններից է: «Մեծ դեր ունի նաև տանկի տեխնիկական վիճակը, տարբեր խոչընդոտներ հաղթահարելու և թիրախային կրակ վարելու ունակությունը և, իհարկե, անձնակազմի պատրաստվածությունը: Այն, ինչ մենք այսօր տեսանք, տպավորում է, հատկապես՝ տանկիստների պատրաստվածությունը»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ ռուսական կողմը լավ պայմաններ է ապահովել մրցույթների անցկացման համար: