Առաջին ու վերջին արձակուրդը

Առաջին ու վերջին արձակուրդը

Ղազախստան հուլիսի 14-ին աշխատանքային այց կատարելուց հետո` Կարեն Կարապետյանը երեք օրով մեկնում է արձակուրդ: Իհարկե, լավ է, որ Կարապետյանը խիստ ինքնագնահատական ունի և կարծում է, որ իրեն ընդամենը երեք օր արձակուրդ է հասնում: Սակայն ավելի լավ կլիներ, որ Կարապետյանի ինքնագնահատականն ավելի օբյեկտիվ լիներ, և նա Սերժ Սարգսյանին ոչ թե արձակուրդի, այլ հրաժարականի դիմում ուղարկեր: Այդ դեպքում` Հայաստանը կազատվեր առնվազն երկու արհեստական օրակարգից: Նախ` հասարակության գոնե մի հատվածը կձերբազատվեր ավելորդ պատրանքներից, թե «հմուտ մենեջերը» բարեփոխելու է Հայաստանի տնտեսությունը՝ այն ազատելով օլիգարխիայի և կոռուպցիայի ճիրաններից: Բարեփոխումների պատրանքը, իմիտացիան ավելի վտանգավոր են, քան դրանց բացակայության հանրային գիտակցությունը: Երբ հասարակ մարդիկ ձերբազատված են «բարի» ղեկավարների արհեստական կերպարներից, նրանք սկսում են մտածել ելքեր փնտրելու, լուծումներ գտնելու մասին: Խորհրդարանական վերջին ընտրություններում իշխանությունները մեծապես նպաստեցին իրական այլընտրանքի ձևավորման գաղափարի տապալմանը, որովհետև կեղծ այլընտրանք առաջարկեցին իրենց ներսից, համակարգի ընդերքից: Այդ դերը Կարեն Կարապետյանը կատարեց հրաշալի նաև այն պատճառով, որ քաղաքական ուժերի և հասարակության մեծամասնությունը կուլ տվեցին իշխանության խայծը: Հիմա էլ` քաղաքական գործընթացները գնում են նույն տրամաբանությամբ: Նույնիսկ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակից հետո քաղաքական ընդդիմությունը և հասարակության մի հատվածը մտածում են, թե 2018-ի ապրիլին իշխանափոխություն տեղի կունենա, եթե Սերժ Սարգսյանը փոխարինվի Կարեն Կարապետյանով: Դրա համար ենք ասում, որ լավ կլիներ` Կարապետյանն արձակուրդ գնալու փոխարեն` հրաժարական տար: Մոտ մեկ տարի հոգնել ենք կեղծ բարեփոխումներից, հիմա էլ` ցանկություն չկա ապրելու կեղծ իշխանափոխության հոգնատանջ գործընթաց: Ինչքան մեր քաղաքական իրականությունը հեռու պահենք արհեստական կերպարներից ու իմիտացիայից` այնքան արագ կձևավորվեն բնականոն քաղաքական հարաբերություններ: Լուսանկարը` Lragir.am-ի