Սերժ Սարգսյանի 250 հազար «զոհերը»

Սերժ Սարգսյանի 250 հազար «զոհերը»

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2008-2017 թվականներին Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է ավելի քան 250 հազար մարդով: 2008-ի հունվարի 1-ին երկրի մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոն 230 հազար է եղել, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ 2 միլիոն 979 հազար: Միանգամայն տեղին է հիմք ընդունել ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի գնահատման չափանիշը ու ժողովրդագրական այս փաստերի համատեքստում վերլուծել Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, մանավանդ` արտագաղթի կործանարար հետևանքներն ազդում են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա: Գալուստ Սահակյանի մի դիտարկման հետ ամբողջովին համաձայն ենք, որ արտագաղթողների մեծ մասը մարդիկ են, ովքեր օրվա հացի խնդիր չունեն: Հենց այս հանգամանքն արտագաղթի հետևանքներն ավելի կորստաբեր և անշրջելի է դարձնում: Հայաստանից հիմնականում հեռանում են մարդիկ, ովքեր կազմում են` առանց այն էլ սահմանափակ, միջին խավի կորիզը: Հայաստանում վերանում է միջին խավը: Հասարակության սոցիալական այս դեգրադացիան է արտագաղթի ամենահեռանկարային հետևանքը: Երկրում մնում են մի քանի տասնյակ օլիգարխներն` իրենց ահռելի ունեցվածքով, անսահմանափակ իշխանությամբ, և հարյուր հազարավոր ընչազուրկ մարդիկ, ովքեր օրվա հացի կարոտ են: Օլիգարխիան օբյեկտիվորեն շահագրգիռ է այսօրվա, ըստ էության, ոչ պետական ստատուս-քվոյի պանպանմամբ, որովհետև միայն այս վիճակն է երաշխավորում նրա ապօիրինի հարստացման և անսահմանափակ իշխանության լեգիտիմացումը: Լյումպենացած հասարակությունը կամ վերահսկվում է օլիգարխիայի կողմից, ինչի ականատեսը դարձանք խորհրդարանական վերջին ընտրություններում, կամ էլ` դիմում է սոցիալական բունտի, որը երկրի համար որևէ լավ բան չի խոստանում: Մեր հասարակության մեջ խիստ փոքրացել է այն շերտը, որը քաղաքական բարեփոխումների, տնտեսական մոդեռնիզացիայի, ազատության պահանջատեր է: Մեր հասարակությունը զրկվել է որակական փոփոխություն առաջացնելու ներուժից, կարողությունից: Ասվածը չի վերաբերում միայն քաղաքականությանը, որովհետև տնտեսության մեջ պակասել է նախաձեռնողականությունը, բացակայում են մրցակցության ոգին, մտավոր բաղադրիչը: Հասարակության սոցիալական կառուցվածքի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանում բացառված է ոչ միայն բարեփոխումների «ներքևից` վերև» տրամաբանությունը, այլ տեսական է դարձել նույնիսկ իշխանության ինքնաբարեփոխման հնարավորությունը: Էապես փոխվել է հասարակության արժեհամակարգը. «լավ ապրելու» գաղափարը նույնացվում է ոչ թե իրավական, դեմոկրատական երկիր ունենալու ձգտման, այլ`շուստրիության, բախտի, կարճ ասած` Գագիկ Ծառուկյան կամ Սամվել Ալեքսանյան դառնալու պատեհության հետ: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երկրից հեռացել է Հայաստանի բանակի թվաքանակը գրեթե հինգ անգամ գերազանցող մարդ: Հաղթանակը, ազատագրված տարածքը հանձնում են առաջին հերթին դատարկվող հայրենիքով: Դարձել ենք գաղթականի հոգեբանություն ունեցող ժողովուրդ: Դրանից`մինչև պետության կորուստ, կես քայլ է, մանավանդ` քաղաքացու և պետության հոգևոր կապը խզված է վաղուց: Լուսանկարը` Photolure-ի