Հաղթանակը մերը կլինի եթե… Անդրանիկ Չրաբաշը՝ Սլովակիա-Հայաստան հանդիպման մասին

Հաղթանակը մերը կլինի եթե… Անդրանիկ Չրաբաշը՝ Սլովակիա-Հայաստան հանդիպման մասին

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր աշխարհի առաջնության նախընտրական փուլի չորրորդ հանդիպումն է անցկացնելու Բրատիսլավայում՝ Երևանի ժամանակով 22․00-ին՝ մրցելով Սլովակիայի ազգային թիմի հետ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Երևանում կայացած խաղում մեր բասկետբոլիստներն առավելության էին հասել 75-61 հաշվով: Այսօր հաղթանակ տանելու դեպքում մեր հավաքականը հաստատուն քայլ կկատարի դեպի աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ: Կարելի է ասել, որ Սլովակիայի հետ պատասխան մրցավեճը բեկումնային նշանակություն կարող է ունենալ ենթախմբում: Հայաստանի և Բոսնիայի հավաքականներն ունեն 5-ական միավոր, իսկ Սլովակիան և Շվեդիան՝ 4-ական: Առաջիկա հանդիպման, ինչպես նաև ենթախմբում մեր հավաքականի հնարավորությունների մասին «Առաջին լրտավական»-ի զրուցակիցն է Հայաստանի հավաքականի առաջատարներից հարձակվող, ԱՄՆ-ի «Բատլեր Բուլդոգս» թիմի ներկայացուցիչ Անդրանիկ Չրաբաշը: -Ե՞րբ հրավեր ստացաք Հայաստանի ազգային հավաքականից և ի՞նչպես ընդունեցիք այն: - Ես վաղուց կապ ունեմ Հայաստանի հետ։ Դեռ 8 տարեկան էի, որ առաջին անգամ ծնողներիս հետ ժամանեցինք Հայաստան։ Այն ժամանակ շատ բան չէի հասկանում Հայաստանի մասին, բայց աստիճանաբար ավելի խոր գիտելիքներ ձեռք բերեցի իմ պատմական հայրենիքի մասին։ Հրավեր ունեցել եմ վաղուց, բայց ուսումը թույլ չէր տալիս միանալ հավաքականին։ Դեռ նախորդ տարի պետք է միանայի հավաքականին, երբ Հայաստանը հանդես եկավ փոքր երկրների առաջնությունում։ Ես խնդրեցի մի փոքր էլ ժամանակ տալ, որ ավարտեմ համալսարանը։ Կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր։ Այժմ ես հավաքականում եմ ու խանգարող որևէ հանգամանք չկա։ -Հայաստանի հավաքանի առաջիկա մրցակիցը Սլովակիան է, որին Երևանում հաղթել ենք: Ինչպե՞ս եք գնահատում կողմերի հնարավորությունները Բրատիսլավայում: -Սլովակիան լավ թիմ ունի։ Նրանք վերջին տուրում հաղթեցին Շվեդիային, չնայած նրան, որ խաղից առաջ սլովակների հնարավորությունները շատ քիչ էին գնահատվում։ Սլովակիայի կազմում կան փորձառու մի քանի խաղացողներ, որոնք բավական լավ որակի խաղ են ցուցադրում։ Երևանի խաղը ցույց տվեց, որ մենք ի զորու ենք հաղթել Սլովակիային։ Պետք է նույն նվիրվածությամբ հանդես գանք և կատարենք մարզչի բոլոր ցուցումները։ Այդ դեպքում հաղթանակը մերը կլինի։ -Առաջին երեք հանդիպումներում մեր հավաքականի մոտ արձանագրվել է արդյունավետության աճի դինամիկա: Կարելի՞ է ասել, որ մեր թիմի հարձակման օղակը խաղից խաղ ուժեղանում է: -Հավաքականն առաջին հանդիպումներն է անցկացնում նման մակարդակի մրցաշարում։ Մենք պետք է ավելացնենք, բայց միայն հարձակումը քիչ է հաջողության հասնելու համար։ Մենք պետք է նաև լավ պաշտպանվենք։ -Ինչպե՞ս եք գնահատում ընտրական հիմնական փուլ դուրս գալու մեր հնարավորությունները։ - Կարծում եմ, որ լավ հնարավորություններ ունենք, բայց այս պահին մենք միայն մտածում ենք Սլովակիային հաղթելու մասին։ Այդպես է ամեն խաղից առաջ։ Մրցաշարային աղյուսակին կնայենք նախընտրական փուլի ավարտից հետո։ -Դուք խաղացել եք մեր մրցակցի բոլոր 3 հավաքականների հետ: Հատկապես ո՞ր երկրի ազգային թիմն է ավելի ուժեղ: -Բոսնիան իր կազմով ավելի ուժեղ է, բայց մյուս 2 հավաքականներն էլ արժանի մրցակիցներ են։ Տեսնում եք, որ այս խմբում բոլորը հաղթանակներ ունեն։ Շատ հավասար խումբ է, և ամեն ինչ կարող է լինել։ -Չնայած, որ երևանյան հանդիպումներում տրիբունաները լեփ-լեցուն չէին, այդուհանդերձ, մեր երկրում բասկետբոլային բում է հասունանում: Ի՞նչ կմաղթեք երկրպագուներին: - Մենք խաղում ենք երկրպագուների համար, և նրանց աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Հույս ունեմ, որ Երևանում կայանալիք վերջին խաղում կստանանք մեծ աջակցություն։ Ակնկալում ենք նաև, որ հայ երկրպագուներ կլինեն Շվեդիայում՝ օգոստոսի 16-ին կայանալիք խաղում։ Ստոկհոլմի հայ համայնքի ներկայացուցիչները մեր ֆեդերացիային տեղեկացրել են, որ գալու են մեզ աջակցելու։