Եթե Արոնյանը հաղթի շախմատային դուելում…

Եթե Արոնյանը հաղթի շախմատային դուելում…

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում ուշագրավ և լարված իրավիճակ է ստեղծվել: Վերջին տուրից առաջ երեք շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը և հնդիկ Վիշվանաթան Անանդը, 5-ական միավորով կիսում են առաջին հորիզոնականը: Լրացուցիչ ցուցանիշներով այս պահին առաջին տեղում Արոնյանն է: Առաջատարներից ընդամենը կես միավորով են ետ մնում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու աշխարհի փոխչեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: 8-րդ տուրում Արոնյանը լավ հնարավորություն ուներ միանձնյա գլխավորելու մրցաշարային աղյուսակը, սակայն մեր գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Այս տուրում միմյանց հետ են մրցել Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Վիշվանաթան Անանդը, ովքեր ևս կիսել են միավորը: Այսօր ուշ գիշերին կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սև ֆիգուրներով մրցելու է Կարլսենի հետ և հաղթանակի դեպքում, ըստ ամենայնի, կնվաճի հաղթողի կոչումը: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Արոնյանը փայլուն ելույթ էր ունեցել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի ունեցած Norway Chess 2017 գերմրցաշարում: Մասնավորապես, Արոնյանը 9 հնարավորից վաստակել էր 6 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն: Մեր գրոսմայստերը գեղեցիկ ոճով հաղթել էր Կարլսենին, աշխարհի նախկին չեմպիոն, այն ժամանակ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդ տեղում գտնվող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, ինչպես նաև Սերգեյ Կարյակինին: Այս տարվա ապրիլին էլ Արոնյանը տպավորիչ ելույթով աչքի էր ընկել գերմանական Բադեն Բադենում տեղի ունեցած Grenke Chess Classic գերմրցաշարում: Այստեղ Արոնյանի համար բեկումնային եղավ հենց Կարլսենի հետ պարտիան, որն անցավ լարված պայքարում, և կողմերը կիսեցին միավորը: Մեկնաբանելով իր ելույթները հեղինակավոր մրցաշարում՝ Արոնյանը կեսկատակ-կեսլուրջ նշել է, որ հաղթողի կոչումը նվաճելու մեջ մեծ դերակատարություն է ունեցել Կարլսենի հետ պարտիայից հետո հանգիստ քնելը: «Կարլսենի հետ պարտիան լարված էր: Հաջողվեց ճիշտ մարտավարություն ընտրել և կիսել միավորը: Աշխարհի չեմպիոնը առավելություն ուներ և մոտ էր հաղթանակին: Գիտեք, երբ պարտիան հաղթում ես, բավական դժվար է քնելը: Երբ վատ ես խաղում և դժվարությամբ ես կորզում կես միավոր՝ քնում ես հանգիստ»,- ասել էր հայ շախմատիստը: Փաստորեն, երկու գերմրցաշարերում հայ գրոսմայստերը փայլուն նվաճման է հասել հենց Կարլսենի հետ հաջող խաղալով: Ու հիմա Արոնյանի՝ ընթացիկ տարում երրորդ խոշոր տիտղոսին տիրանալը կախված է հենց նորվեգացի չեմպիոնի հետ պարտիայից: Կարելի է ասել, որ այս տարի Արոնյանի և Կարլսենի պարտիաները նմանվել են շախմատային դուելի: Պարտիաները դինամիկայով և լարվածությամբ գրավում են շախմատի միլիոնավոր սիրահարների ուշադրությունը: Sinquefield Cup-ում հաղթող ճանաչվելու դեպքում Արոնյանի ելույթը 2017 թվականին արդեն իսկ կարելի կլինի ֆանտաստիկ անվանել: Ընթացիկ մրցաշարի 6 և 7-րդ տուրերում հաղթանակ տանելուց հետո Լևոն Արոնյանը շուրջ 10 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը և ՖԻԴԵ-ի դասակարգման ընթացիկ աղյուսակում հանգրվանել 2-րդ հորիզոնականում: Արոնյանի ընթացիկ գործակիցն է 2807.8: Այս մրցաշարից առաջ մեր շախմատիստը ՖԻԴԵ-ի աղյուսակում միայն 5-րդն էր: Աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը՝ 2823.5 գործակցով: Ի դեպ, 2015 թվականին Արոնյանին հաջողվել է հաղթել Sinquefield Cup-ում: Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել էր 6 միավոր՝ մեկ միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Կարլսենին և երրորդ տեղը գրաված ամերիկացի Հիկարու Նակամուրային: Անցյալ տարի տեղի ունեցած մրցաշարում էլ Արոնյանը 9 հնարավորից վաստակելով 5 միավոր՝ բավարարվել էր երկրորդ հորիզոնականով: 2016 թվականի Sinquefield Cup-ում հաղթողի կոչումը նվաճել էր ամերիկացի Ուեսլի Սոն, ով Արոնյանին գերազանցել էր ընդամենը կես միավորով: