Փնտրիր նրան, ում ձեռնտու չէր ԵՏՄ թեման

Փնտրիր նրան, ում ձեռնտու չէր ԵՏՄ թեման

Զարուհի Փոստանջյանն ընդդիմադիր դաշտում կրկին «բորբոքեց» իրական ընդդիմության խարույկը, հայտարարելով, թե «Ելք» դաշինքը կառավարվում է իշխանությունից և իշխանության համար չեզոքացնում է ժողովրդի ըմբոստությունը, թե ապստամբությունը: Տարբեր քաղաքական փուլերում այդօրինակ մեղադրանքի արժանացել են տարբեր ուժեղ, նաև փոխադարձ մեղադրանքներ են եղել: Ի վերջո, ի՞նչ էր «Ելք»-ի «միակ ընդդիմություն» «թեզը», եթե ոչ անուղղակի մեղադրանք բոլոր մյուս ընդդիմադիր ուժերին, որ նրանք ընդդիմություն չեն, այսինքն՝ այսպես թե այնպես, իշխանության ծիրի մեջ են: Բարեբախտաբար, «Ելք»-ը կարծես թե ներկայումս ձերբազատվել է «միակ ընդդիմության» այդ դրույթից և տևական ժամանակ է չի հիշատակում այն, ինչը ռացիոնալ քաղաքական գործունեության միտված կարևոր քայլ է: Կառավարվո՞ւմ է որևէ մեկն իշխանությունից, թե՞ ոչ, շատ դժվար է ասել, եթե չկան կառավարման փաստացի ապացույցներ: Կարծիքները, ենթադրություններն ու վերլուծությունները կարող են լինել տարբեր: Այլ են փաստերը: Առայժմ որևէ փուլում որևէ ուժ չի ներկայացրել մյուս ուժի այսպես ասած կառավարելիության փաստեր: Բայց խնդիրը պարբերաբար առաջանում է և փոխադարձ մեղադրանքները պարբերաբար լցնում են ընդդիմադիր դաշտի օրակարգը: Ինչի՞ց է դա՝ չկա օրակարգն այլ, ավելի բովանդակալից թեմայով և արդյունավետ մեթոդաբանությամբ համալրելու կարողություն, և պարբերաբար փորձ է արվում ջրի վրա մնալ՝ բռնվելով այլ ուժերին իշխանության հետ կապելու փրկօղակից, որն իրականում քաղաքական ռացիոնալության և ՕԳԳ տեսանկյունից փրփուր է, թե այդ խնդիրն ամեն անգամ ծագում է, երբ առաջանում է օրակարգը բովանդակությամբ՝ վատ, թե լավ, լիարժեք, թե պռատ բովանդակությամբ լցնելու հեռանկար, իսկ իրականում՝ «վտանգ»: Այդ տեսանկյունից, օրինակ, հետաքրքիր է համընկնումը, երբ ընդդիմադիր դաշտի հերթական այդ ավանդական «վեճը» ծագում է այն բանին զուգահեռ, երբ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներից շատերը տևական ժամանակ է հետևողական խոսում են ԵՏՄ անարդյունավետության և այդ հիմքով ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության անհրաժեշտության մասին: Անկասկած, «Ելք»-ն ինքն այդ հարցում չունի ամբողջական և լիարժեք, սպառիչ դիրքորոշում, սակայն այն, որ տևական ժամանակ դաշինքի տարբր անդամներ հանդես են գալիս հստակ դիրքորոշմամբ և հարցադրումներով՝ պահելով հարցը հանրային ուշադրության կենտրոնում և տալով դրան իսկապես քաղաքական բանաձևում, ու այդ ֆոնին առաջանում է «Ելք»-ին ուղղված մեղադրանքների թեման, տալիս է հետաքրքիր մտորումների առիթ: Այդպիսի դեպքերում հնչում է իհարկե ունիվերսալ հարցը՝ ո՞ւմ է դա ձեռնտու: Այսինքն՝ դասական բանաձևը՝ փնտրիր նրան, ում դա ձեռնտու է: Թեև, այս դեպքում իհարկե միարժեք հնարավոր չէ այդ բանաձևով դուրս գալ խնդրի ծագման, կամա թե ակամա, մոտիվացիոն աղբյուրի վրա, որովհետև ԵՏՄ թեմային զուգահեռ «իշխանականության» թեմայի ծագումը կարող էր ձեռնտու լինել միաժամանակ տարբեր սուբյեկտների, որոնք ունեն տարբեր տեղակայում, ընդ որում՝ թե՛ Հայաստանի ներքին դաշտի, թե՛ նաև Հայաստանից դուրս տիրույթում:   Լուսանկարը՝ Photolure-ի