Քաղաքական անորոշության կնքահայրը Սերժ Սարգսյանն է

Քաղաքական անորոշության կնքահայրը Սերժ Սարգսյանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը: -Լևոն, այս ամռան ընթացքում միաժամանակ մի քանի աղմկահարույց դատական նիստեր սկսվեցին: Ըստ Ձեզ, ինչո՞ւ հիմա: Տեսակետ կա, որ այս դատավարություններով Սերժ Սարգսյանը երկու կարևոր հարց է լուծում ՝ թույլ չի տալիս, որ աշնանից առաջ լուրջ քաղաքական օրակարգ ձևավորվի և խանգարի 2018-ի համար իր պլաններին և երեք դատավարություններով միջազգային հանրությանը ցույց է տալիս իր անփոխարինելի լինելը: Կիսո՞ւմ եք արդյոք այս կարծիքը: -Գործընթացները դատավարական երկարատև ու հոգնեցնող ընթացքի մեջ մտցնելը Սերժ Սարգսյանի սիրած և հաճախ կիրառելի հնարքներից մեկն է: Ցավոք, նրա հակառակորդները, ի տարբերություն նրան, չեն ունենում Պլան Բ և բուն գործողություններին հաջորդող իրավիճակներում չեն կարողանում կողմնորոշվել: Սա ընդհանրապես: Իսկ մասնավորապես «Սասնա ծռերի» դատավարության ներկա ընթացքը ևս ձեռնտու է Սերժ Սարգսյանին: Այս անվերջանալի դատավարությունը, որ տեղից չի շարժվում, համ բավականին մեծ աղմուկ է ապահովում մեդիադաշտում, համ էլ, ըստ էության զինաթափում է «Սասնա ծռերի» հանդեպ հանրային համակրանքը: «Սասնա ծռերի» աղմկոտ դատավարությունը Սերժ Սարգսյանին պետք է նաև զուգահեռ ընթացող Նորքի զինված խմբի դատավարությունը և օրերս սկսվող Սամվել Բաբայանի գործով դատավարությունը ստվերում պահելու համար: Եթե ծանոթանանք Նորքի խմբի և Սամվել Բաբայանի դեմ մեղադրանքների բովանդակությանը, կտեսնենք, որ ի տարբերություն ծռերի՝ նրանց թիրախներն ավելի, այսպես ասած, ցավոտ են եղել իշխանության համար: Նորքի խմբի դեպքում նպատակադրվել է գրավել պետական նշանակության շենքեր, որտեղ հանգրվանում է բարձրագույն իշխանությունը: Իսկ Սամվել Բաբայանն ընդհանրապես ցանկացել է «Իգլա» բերել: Իսկ «Իգլայով» ուղղաթիռ են խփում: Դժվար չէ կռահել՝ ում ուղղաթիռն է ուզեցել խոցել Բաբայանը: Ի տարբերություն ծռերի՝ Շիրխանյանի ու Բաբայանի պլանները չեն հասել իրագործման, բայց իրենց քաղաքական բովանդակությամբ ավելի վտանգավոր են, դրա համար էլ այդ գործերի քննությունն ընթանում է համեմատաբար լռության մեջ, իսկ ծռերինը՝ ոչ: Ինչ վերաբերվում է միջազգային հանրությանը. միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է իրավիճակը, և, միանշանակ, գնահատականները բավարար չեն նրանց համար: Այսինքն՝ Արևմուտքում կարող են, օրինակ, «Սասնա ծռերի» դեպքը դիտարկել ահաբեկչական, բայց չեն կարող ուշադրություն չդարձնել, որ մի տարվա մեջ երեք զինված քաղաքական գործողության պլան է եղել: Միայն ռուսների վրա այս ամենը գցելով էլ հարցը չի կարող փակվել: Հասկանալի է, որ կան նաև հանրային տրամադրություններ, որոնք միս ու արյուն են տալիս զինված գործողություններին: Թե ինչ գնահատական կտան միջազգային կառույցները, մենք կարող ենք ականատես լինել, օրինակ, ապագայում սպասվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից: Իսկ անփոխարինելի մարդիկ չկան: Սա ևս Սերժ Սարգսյանի սիրած քարոզչական հնարքներից է: Ես վատն եմ, բայց ինձնից լավը չկա: -Այս օրերին հաջորդ ամենաքննարկվող թեման ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու՝ Էդմոն Մարուքյանի առաջարկն է: Որքանո՞վ սա կարող է դառնալ օրակարգային: -Պարոն Մարուքյանի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու՝ Էդմոն Մարուքյանի առաջարկն օրկարգային չի դառնում նույնիսկ «ԵԼՔ»-ում, ուր մնաց՝ օրակարգային դառնա, ասենք, ԱԺ-ում: ԵՏՄ-ից Հայաստանը դուրս գալ չի կարող, այն կարգավիճակում չէ, այն հնարավորությունները չունի, որ դուրս գա և մարսի դա: Իսկ կոնկրետ Մարուքյանի առաջարկը «ԵԼՔ»-ի համար կարող էր դառնալ արտաքին քաղաքական կողմնորոշման վրա քաղաքականության կառուցման սկիզբ, որը տեղի չունեցավ, որովհետև դրան դեմ է դե յուրե «ԵԼՔ»-ի 1/3, բայց դե ֆակտո «ԵԼՔ»-ի թիվ մեկ գործիչ Փաշինյանը: Իսկ իշխանությունը երբեք դեմ չէ հակառուսական տրամադրություններին երկրի ներսում, որովհետև իր վարկաբեկված համբավը դրանով որոշակիորեն վերականգնվում է և ռուսական կողմի հետ սակարկություններում դառնում օգտակար: -Նորից խոսվում է երրորդ ուժի ձևավորման անհրաժեշտության մասին: Որքանո՞վ այն կարող է այս փուլում իրականություն դառնալ: -Հայաստանում ժամանակ առ ժամանակ սիրում են խոսել երրորդ ուժի ձևավորման մասին՝ նկատի ունենալով լայն համախմբում քաղաքական գործընթացներից դուրս մնացող մարգինալ կուսակցությունների ու քաղաքացիական սեկտորի լայն, անխտրական համախմբում: Ինչը, երբեք տեղի չի ունենում, իսկ երբ տեղի է ունենում, տեղի է ունենում միայն ընտրություններից հետո շատ կարճ ժամանակահատվածով: Բավականին շատ ուժեր չեն հայտնվել խորհրդարանում, իսկ «ԵԼՔ»-ը փաստացի չի կարողանում ամբողջովին ծածկել ընդդիմադիր էլեկտորատը : Բայց անկախ դրանից, երրորդ ուժ ձևավորել չի ստացվի, որովհետև այդ ուժի պոտենցիալ հավակնորդները շատ տարբեր կենսագրությամբ, շատ տարբեր շահերով մարդիկ են, որոնց հիմա միավորում է միայն իշխանության և խորհրդարանական ընդդիմության շարքերում չլինելը: Առավել կարևոր է այստեղ մեկ այլ բան: Որ փաստացի ընտրությունները, որոնք պիտի լեգիտիմ լինեին, որոնք փաստացի անցել էին առանց մեծ խախտումների, ընդդիմությունն էլ ճանաչել էր արդյունքները, այդքան էլ լեգիտիմ չէին: Հասարակական տրամադրություններից ելնելով տեսնում ենք, որ ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը հասարակությունը չի ընդունում, խորապես և հարմար ֆորս մաժորի դեպքում դեմ չի լինի քաղաքական համակարգի ամբողջական փոփոխության: -Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների կողմից կոշտ հռետորաբանությունը Ռուսաստանի, նաև Հայաստանի ներքաղաքական, մասնավորապես ժողովրդագրական խնդիրների հետ կապված: -Կոշտ հռետորաբանություն չկա: Կա կոշտ-փափուկ հռետորաբանություն: Մի նախադասության մեջ կոշտ արտահայտվել ռուսական զենքի վաճառքի մասին, հաջորդիվ փորձել արդարացնել դա բիզնեսով: Ռուսներին նեղացնել մեր իշխանությունները չեն կարող: Փորձում են նաև չնեղացնել հայաստանյան հասարակությանը և կոշտ գնահատականների պատրանք ստեղծել: Ինչն այդքան էլ վատ չէ, նշանակում է՝ սկսել են վախենալ ոչ միայն ռուսներից, այլև սեփական հասարակությունից ևս: Ինչ վերաբերում է Սամվել Ֆարմանյանի կողմից ժողովրդագրական վիճակի հետ կապված գնահատականներին և սպասվող նախաձեռնությանը: Եթե նույնիսկ պարոն Ֆարմանյանի մղումների ազնվությանը չկասկածենք, ապա կարող ենք կասկածել այն մեթոդաբանությանը, որով սպասվող աշխատանքային խումբը զբաղվելու է ժողովրդագրական խնդիրներով: Արտագաղթի մասին ցանկացած խորացված հետազոտություն անխուսափելիորեն բերելու է այն գիտակցման, որ մարդիկ հեռանում են ոչ միայն սոցիալական և կենցաղային պայմանների պատճառով, այլև քաղաքական մեծ անորոշության մեջ գտնվելու պատճառով, երբ չգիտեն, թե իրենց երկիրը դեմոկրատական է, թե ավտորիտար, բիզնեսով կարող են զբաղվել, թե ոչ, պատերազմ լինելու է, թե ոչ: Իսկ քաղաքական անորոշության կնքահայրը Սերժ Սարգսյանն է, անորոշությունը կառավարման նրա սիրած գործիքներից մեկն է: Դժվար թե Ֆարմանյանի նախաձեռնած աշխատանքային խումբը հանգի այդ եզրակացությանը: Հետևաբար պետք է Ֆարմանյանի նախաձեռնության մեջ փնտրել այլ բան: Օրինակ՝ այն, որ բացի փաստացի Կարեն Կարապետյանի կառավարությանն անվստահություն հայտնելը, փորձ է արվում ստեղծել համազգային խնդիրների մի ցանկ, դրանք դարձնել հանրային լայն քննարկման առարկա: Իսկ հետո, 2018թ., վարչապետացման գնալուց առաջ Սարգսյանն այդ օրակարգերը կորդեգրի: Այդ համազգային, քննարկվող օրակարգերը կդառնան վարչապետացման և, ըստ էության, կառավարման երրորդ փուլի լեգիտիմացման հիմնական գործիքներ: