Սերժ Սարգսյանը՝ ամեն ինչից վեր, համարյա մեսիա

Սերժ Սարգսյանը՝ ամեն ինչից վեր, համարյա մեսիա

Այն, ինչ իրենց թույլ չեն տալիս ասել ՀՀԿ-ի փորձառուները՝ հնչում է նոր պատգամավորների շուրթերից: Հները կաշկանդվելու այլ պատճառ էլ ունեն. լուրջ բիզնեսի ու գործի տեր են ու աշխատում են շատ չերևալ, մինչև պարզվի՝ իշխանության տերն ով է լինելու: «Ով՝ էշ, ես՝ փալան» ժողովրդական խոսքը խիստ բնութագրական է մեր անսկզբունք խորհրդարանական մեծամասնության համար։ Նոր պատգամավորները նման կապանքներով կաշկանդված չեն և ինքնադրսևորման խնդիր ունեն, մանավանդ՝ ՀՀԿ-ի ներսում մրցակցությունը մեծ է: ՀՀԿ նոր պատգամավորներից Միհրան Հակոբյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը կլինի այնտեղ, որտեղ կորոշի ինքն անձամբ, և Հանրապետական կուսակցությունն այդ որոշումը սատարելու է: «Սերժ Սարգսյանը երկար տարիներ եղել է ՀՀԿ ղեկավար, և նա կլինի այն պաշտոնում՝ ընդհուպ մինչև վարչապետ, որն ինքը կորոշի»,- ասել է նա և հիմնավորել. «Սերժ Սարգսյանը մեր հանրապետության, ներկայիս իրականության այն գործիչն է, որը ծանոթ է հանրապետության ներքին և արտաքին խնդիրներին. չկա մեկը Հայաստանում, որ Սերժ Սարգսյանի չափ տիրապետում է դրանց: 1988 թվականից Սերժ Սարգսյանը անշեղորեն գտնվում է ղեկավար ամենակարևոր պաշտոններում, և Սերժ Սարգսյանն է միակ մարդը, որը տիրապետում է արցախյան գործընթացին: Այս փորձառության, այս տրամաչափի գործիչը երևի թե իրավունք էլ չունի թողնել և հեռանալ, քանի որ պետությունը շատ վատ իրավիճակում է տարածաշրջանում, և Սերժ Սարգսյանն այն եզակի գործիչն է Հայաստանում, որ տիրապետում է խնդիրներին սկզբից մինչև վերջ, երկրորդը չկա»: Ի դեպ, նույն հարցազրույցում Հակոբյանի էնտուզիազմն անմիջապես կորում է, երբ նա խոսում է Կարեն Կարապետյանի վարչապետության հեռանկարի մասին: «Անձերի որոշումներով չէ, կուսակցություններն ինստիտուտներ են`որոշումներ կայացնելու հստակ մեխանիզմներով. անձերի ցանկությունները և որոշումները երկրորդական բնույթի են», - ասել է նա: Ստացվում է՝ Սերժ Սարգսյանը ոչ թե անձ է, այլ պետական և քաղաքական ինստիտուտներից վեր կանգնած մեկը, համարյա մեսիա: Անկախ ամեն ինչից՝ Միհրան Հակոբյանն անկեղծ է ու թափանցիկ ներկայացրել է այն տրամադրություններն, որ կան ՀՀԿ-ում, որտեղ գործող վարչապետն այդպես էլ չդարձավ յուրային՝ չնայած մեկ գիշերվա մեջ կուսակցության շարքերում ներդրեց յոթ հազար «գազավիկի» և ֆորմալ առումով ստացավ երկրորդի կարգավիճակը: ՀՀԿ-ում և նրանից դուրս շատերն են վստահ, որ Սարգսյանը Սահմանադրությունը փոխեց, որպեսզի նախագահական ժամկետի ավարտից հետո վարչապետ դառնա: Միանգամայն հավանական վարկած է, սակայն սահմանադրական փոփոխությունների հիմնական մոտիվը տրամագծորեն հակառակ տրամաբանությունն է ենթադրում։ Սարգսյանը մի օր վարչապետ դառնալու է, սակայն նրան ավելի շատ հետաքրքրում է իրական, քան՝ ֆորմալ իշխանությունը: Նախագահական կառավարման համակարգում իրական և ֆորմալ իշխանությունները նույնանում են, ինչը չես ասի խորհրդարանական կառավարման պարագայում, ինչն անխուսափելի է դարձնում իշխանության ապակենտրոնացումն ու մի քանի կենտրոնների ստեղծումը՝ ինքնաբերաբար մեծացնելով խորհրդարանական մեծամասնության դերակատարությունը: Խորհրդարանական մեծամասնության վերահսկիչ փաթեթը պատկանում է Սարգսյանին, հետևաբար՝ նա է իրական իշխանության տերը, եթե նույնիսկ որոշի 2018-ին ֆորմալ առումով կարճաժամկետ հեռանալ իշխանությունից: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կառավարման նոր մոդելով ոչ թե վարչապետության կամ 2018-ի, այլ համակարգի նկատմամբ իր փաստացի և երկարաժամկետ իշխանության ուժեղացման հարցն է լուծել։