Սյունիքի մարզպետը ընտրություններին տված խոստումը չի կատարել. «քցված» անապահով ընտանիքի ահազանգը

Սյունիքի մարզպետը ընտրություններին տված խոստումը չի կատարել. «քցված» անապահով ընտանիքի ահազանգը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Գորիսի հարակից Ներքին Խնձորեսկ համայնքում սոցիալապես անապահով, դոմիկում ապրող կնոջը խոստացել է ձայն բերելու դիմաց բնակարան գնել, սակայն մինչ օրս մարզպետը խոստումը չի կատարել: «Ես անապահով ընտանիք եմ, ունեմ 4 անչափահաս երեխա: Ապրում եմ դոմիկում՝ փայտից տնակում: Ընտրությունների ժամանակ Վահե Հակոբյանը մեզ խոստացավ տուն գնել, սակայն մինչ օրս խոստումը չի կատարել: Մարզպետն անձամբ խոստացավ, որ եթե շատ ձայն հավաքեմ, 10 հազար դոլարի սահմաններում գյուղում տունը կառնի: Հետո ասեց՝ 10 հազարը թանկ է, 5 հազարի սահմաններում կառնեմ: Պայմանավորվեցինք: Ես 40 ձայն հավաքեցի, սրան-նրան խնդրեցի, չէին համաձայնում, բոլորը փող էին ուզում ձայնի դիմաց: Բայց 40 ձայն հավաքեցի, 70-80 հազար դրամ փող ծախսեցի տրանսպորտի վրա, գնացի-եկա, բարեկամներիս համոզեցի, ձայները հավաքեցի, տարա, ներկայացրեցի, բայց նա խոստումը չկատարեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լուսինե Սարգսյանը: Լուսինեն խորհրդարանական ընտրություններից հետո փորձել է ամեն կերպ կապվել մարզպետի հետ, պահանջել-խնդրել, որպեսզի խոստումը կատարի, բայց չի ստացվում: «Գորիսում նա օգնական ունի: Զանգահարում եմ իրեն՝ մեկ ասում է, որ մարզպետը արտասահմանում է, մեկ՝ գործերով խառն է: Ոչ մի կերպ չի ստացվում նրան գտնել: Ստացվում է, որ ես իրենց համար ձայներ ապահովեցի, բայց իրենք ինձ 10 դրամի օգուտ չտվեցին»,- ասաց կինը: Մեր դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ իր արածը այնքան էլ օրինական չէ, և մարզպետի հետ նախընտրական շրջանում ձայների փոխարեն բնակարան ուզելու փոխարեն կարելի էր այլ ճանապարհով հասնել խնդրի լուծման, մանավանդ, որ սոցիալապես անապահով են և հատուկ կարգավիճակ ունեն, տիկինը պատասխանեց. «Գիտեք, ես 4 անչափահաս երեխա ունեմ, ամեն օր հիվանդանոցներում եմ: Տան պայմաններից երեխաներս թոքաբորբով հիվանդ են: Հենց հիմա էլ ես եմ բուժվում հիվանդանոցում թոքաբորբից: Ամռանը շատ տաք է, օձեր են մտնում ներս, իսկ ձմռանը՝ ահավոր ցուրտ: Ամուսինս ապրիլյան պատերազմի մասնակից է: Ի վիճակի չէ աշխատել: Ես ուրիշ ինչ կարող եմ անել»,- ասաց Լուսինեն: Ի դեպ, մարզպետ Վահե Հակոբյանը տիկնոջը միայն բնակարան չի խոստացել: Խոստացել է նաև նրա նպաստի հարցը լուծել, սակայն այդ խոստումն էլ չի կատարել: «Նախընտրական այդ հանդիպման ժամանակ դահլիճում լիքը մարդ կար՝ գյուղապետեր, բնակիչներ: Բոլորի ներկայությամբ Վահե Հակոբյանն ասաց՝ մի մտածեք, ես խոստանում եմ, որ համ ձեր բնակարանի հարցը կլուծեմ, համ միանվագ նպաստի: Ասաց, որ ամեն ինչ կանի, որ իմ երեխաները ապահով ապրեն: Բայց մինչ օրս ոչ տունը կա, ոչ էլ նպաստը: Ասեցի՝ լավ, տունը չեք առնում, գոնե նպաստիս հարցը լուծեք, էդ մի քանի կոպեկը ստանամ, բայց դա էլ չարեցին: Գորիսի քաղաքապետարանից 20 հազար դրամով օգնեցին, բերեցինք դոմիկի պատալոկը ամրացրեցինք, որ օձերը տուն չմտնեն, որ երեխեքս չվախենան»,- ասաց Լուսինեն: Նա կատարվածի մասին նամակ է գրել, կցել դոմիկի լուսանկարները և ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն ինչպես մարզպետ Վահե Հակոբյանը, այնպես էլ վարչապետ Կարեն Կարապետյանը որևէ կերպ չեն պատասխանել, չեն արձագանքել տիկնոջ նամակներին ու զանգերին: Մեզ նույնպես չհաջողվեց կապվել մարզպետ Վահե Հակոբյանի հետ՝ պարզելու, թե ինչու չի կատարում իր «նախընտրական խոստումը»: Մեր բոլոր զանգերը անպատասխան մնացին: