Այսքան տարբեր Հայաստանն ու Վրաստանը

Այսքան տարբեր Հայաստանն ու Վրաստանը

Ամերիկյան Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պատվերով հունիսի վերջին և հուլիսի առաջին կեսին անցկացված հարցման համաձայն՝ Վրաստանի բնակիչների 77 տոկոսը միանշանակ կողմ է երկրի անդամակցությանը Եվրոպական միությանը: Հարցվածների 66 տոկոսի համոզմամբ՝ Վրաստանը պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու օգտին է հանդես գալիս վրաստանցիների միայն 23 տոկոսը: Հայաստանն ու Վրաստանը հարևաններ են և ունեն բազմաթիվ ընդհանրություններ, բայց վստահ ենք, որ Հայաստանում նույնաբովանդակ հարցումը միանգամայն այլ պատկեր ցույց կտա: Սկսենք նրանից, որ մեր հասարակությունը հստակ պատկերացումներ չունի արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, և եթե անգամ տեսականորեն ու մեծ վերապահումներով ընդունենք, որ Հայաստանում կա քաղաքական դիսկուրս, ապա օրակարգում ընթացիկ քաղաքականության հարցեր են, որոնք ոչ մի կապ չունեն ոչ ռազմավարական պլանավորման և ոչ էլ երկրի զարգացման հետ: Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ Վրաստանում առկա է քաղաքական կոնսենսուս երկրի եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցում, Հայաստանում գոյություն ունի Եվրասիական համաձայնություն՝ առնվազն այն մասով, որ մագիստրալ քաղաքական որևէ ուժ օրակարգային չի համարում ԵՏՄ-ից երկրի դուրս գալու պահանջը: Նման իրավիճակում հասարակությունն ըստ էության համակերպված է եվրասիական մոդելին, եթե նույնիսկ ներքուստ համոզված է, որ այդ ճանապարհը զարգացման ռեսուրս չունի: Երբ երկրում ըստ էության բացակայում է զարգացման այլընտրանքային մոտեցումը, և քաղաքական կյանքը ստագնացիայի մեջ է, կողմնորոշիչ են դառնում պատմական միֆերն ու կարծրատիպերը: Մեր հասարակության մի զգալի մասը դեռ ապրում է այն պատրանքով, որ եթե ռուսները չլինեն, Ղարաբաղը կկորցնենք, կամ թուրքերը «գլուխներս կուտեն»: Անցած տարվա ապրիլյան պատերազմը, երբ Ադրբեջանն ըստ էության գործում էր ռուսական քարտ-բլանշով, որոշակիորեն փոխեց հանրային կարծիքը, սակայն այն չկապիտալիզացվեց որպես քաղաքական այլընտրանքային տեսակետ: Վրացիներն այս առումով ավելի իրատես են, որովհետև հանգամանքների բերումով առերեսվել են ռուսական ագրեսիային, և դրան հակազդեցությունն ու եվրաատլանտյան ինտեգրման հանրային ձգտումները վերածվել են իշխանությունների պրակտիկ քաղաքականության և հիմնական ընդդիմության դիրքորոշման: