Երբ պաշտոնյայի տակի աթոռը կարևոր է ժողովրդի կրթությունից և առողջությունից

Երբ պաշտոնյայի տակի աթոռը կարևոր է ժողովրդի կրթությունից և առողջությունից

Երբ խորհրդարանում ընդունվում էր կառավարության ծրագիրը, խորհրդարանական մեծամասնությունն այն հավակնոտ էր համարում: Հետո պարզվեց, որ ոչ մի հավակնոտության մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետև ծրագրի հիմքում դրված տարեկան 5% տնտեսական աճը բավարար չէ, որպեսզի ժողովուրդն իր մաշկի վրա, կենցաղում զգա փոփոխություններ: Սակայն հիմա հեքիաթ կարելի է համարել նույնիսկ 5%-ի պնդումը, որովհետև երեկ անդրադարձել էինք, օրինակ, կրթության ոլորտի հատկացումների կրճատումներին: Եթե խոսվում է տնտեսական աճի մասին և կրճատվում են հատկացումները կրթության ռազմավարական ոլորտում, ապա կամ զարգացման մասին խոսակցություններն են հիմնազուրկ, կամ էլ՝ կառավարությունը գերադասում է գործ ունենալ ոչ թե գիտակից հասարակության, այլ՝ կրթական ցենզից և արժեքներից զուրկ հպատակների հետ: Այսօր պարզվեց, որ եկող տարվանից առողջապահության համակարգին տրամադրվող գումարները ևս կրճատվելու են: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության այս մտահղացումը համարել է ցավալի. «Մենք մեծ հույսեր ունենք, որ կհիմնավորենք մեր ծրագրերը, և բյուջեի կրճատում տեղի չի ունենա, բայց եթե նման քայլի դիմի կառավարությունը, մենք տնտեսումների հաշվին կկրճատենք մեր բյուջեն, առանց ծառայությունների որակը վատթարացնելու»: Նախարարը ոչ թե պետք է հետին թվով ափսոսանք հայտնի, այլ պայքարի իր ծրագրերի, սկզբունքների համար: Այդպես էլ Հայաստանում մի սկզբունքային նախարար չգտնվեց, որ ծրագրային հակասությունների պատճառով հեռանա կառավարությունից: Հայաստանում մարդիկ ամենից շատ պաշտոնն են ֆետիշացնում ու պատրաստ են բյուջեի սուղ միջոցների հաշվին 300.000 դրամ հատկացնել գրասենյակային մեկ աթոռ գնելու համար՝ հասարակ մահկանացուների կրթության և առողջապահության հաշվին: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե հաստավիզ պաշտոնյաների կոմֆորտից ու եկամուտների աճից բացի՝ էլ որտե՞ղ է արտահայտվելու հինգ տոկոսանոց աճը, եթե ծախսերը կրճատվում են անգամ կրթության և առողջապահության կենսական ոլորտներում: