Սաակաշվիլիի փաստաբանները կբողոքարկեն Ուկրաինայի քաղաքացիությունից նրան զրկելու մասին որոշումը

Սաակաշվիլիի փաստաբանները կբողոքարկեն Ուկրաինայի քաղաքացիությունից նրան զրկելու մասին որոշումը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշումը կբողոքարկվի դատարանում: Այս մասին հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը՝ փոխանցում է TASS գործակալությունը։ «Փաստաբանները պատրաստում են փաստաթղթերը Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին որոշումը բողոքարկելու համար»,- ասել է Բոգոմազովը: Նա հայտնել է, որ պաշտպանությունը հայց կներկայացնի դատարան անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո: Պորոշենկոն հուլիսի 26-ին հրամանագիր էր ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին: «Սաակաշվիլիին վերաբերող նյութերը տրամադրվել են Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից, մշակվել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության կողմից և ուղղվել են Ուկրաինայի նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովին: Դրանք սահմանված կարգով քննարկվել են հանձնաժողովի նիստում»,- ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: