Հոլոքոստի արհավիրքով անցած հրեա ժողովուրդը կհասկանա հայ ժողովրդի ցավը. Արա Բաբլոյանը՝ իսրայելցի նախարարին

Հոլոքոստի արհավիրքով անցած հրեա ժողովուրդը կհասկանա հայ ժողովրդի ցավը. Արա Բաբլոյանը՝ իսրայելցի նախարարին

Հոլոքոստի արհավիրքով անցած և զրկանքներ կրած հրեա ժողովուրդը կհասկանա հայ ժողովրդի ցավն ու պատմական արդարության վերականգնման պահանջը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, Երևանում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարևորել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նշելով, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական ու մշակութային առնչությունները հիմք են հանդիսացել այդ հարաբերությունների զարգացման համար: Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայ-իսրայելական խորհրդարանական համագործակցությանը, կարևորել է բարեկամական խմբերի գործունեությունն ու փոխայցերը, ինչը, ըստ նրա, կնպաստի նաև միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ խորհրդարանի ղեկավարն ասել է. «Հոլոքոստի արհավիրքով անցած և զրկանքներ կրած հրեա ժողովուրդը կհասկանա հայ ժողովրդի ցավն ու պատմական արդարության վերականգնման պահանջը»: Ցախի Հանեգբին շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին ջերմ ընդունելության համար: Նա, ներկայացնելով Հայոց ցեղասպանության թանգարանից ստացած իր տպավորությունները, նշել է. «Ուրախ եմ, որ Ցեղասպանության թանգարանից գալիս եմ Հայաստանի ժողովրդավարության տուն, որը խորհրդանշում է հայի վերապրումն ու զարգացումը: Հրեա ժողովուրդը նույնպես անցել է նման տառապանքի միջով»: Նախարարի խոսքով՝ երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները պարտավորեցնում են առավել ընդլայնել և խորացնել համագործակցությունը: Նա հույս է հայտնել, որ իր այցը խթան կհանդիսանա իսրայելա-հայկական հարաբերությունների առաջխաղացման հարցում: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-իսրայելական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Իսրայելի Պետության Կնեսետի բարեկամական խմբի՝ սեպտեմբերին Հայաստան նախատեսվող այցին: Հյուրի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները: