Կա՛մ սպանել են և նոր կախել, կա՛մ կախել են, որ սպանեն. զինվորի հարազատները չեն հավատում, որ Վարդանը կարող էր ինքնասպան լինել

Կա՛մ սպանել են և նոր կախել, կա՛մ կախել են, որ սպանեն. զինվորի հարազատները չեն հավատում, որ Վարդանը կարող էր ինքնասպան լինել

Հուլիսի 23-ին, ժամը 06.30-ի սահմաններում, ՊՆ զորամասերից մեկի տարածքում կախված վիճակում հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի հարազատները բացառում են կատարվածում անձնական խնդիրներ ունենալու մասին տեղեկությունները: Մասնավորապես այն, որ Վարդանի ընկերուհին մերժել է իրեն, դրա համար էլ նա գնացել է այդ քայլին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Արմինե Սադիկյանը, ով այսօր հանդիպել էր Վարդանի հարազատների հետ: «Վարդանը 1 տաի 2 ամիս է ծառայել: Այդ ամբողջ ընթացքում որևէ դժգոհություն չի ունեցել, ոչ մի բանից չի դժգոհել: Անգամ 3 անգամ արձակուրդ է եկել, և ամեն ինչ լավ է եղել: Հարազատները բացառեցին անձնական խնդիրները՝ կապված ընկերուհու հետ: Նրանք որպես հիմնական պատճառ նշում էին այն, որ ծառայակիցներից մեկի հետ խոսակցություն է ունեցել: Դրա վրա հիմնվելով՝ հարազատները նշում են, որ դա կարող է պատճառ եղած լինել: Հարազատների խոսքով՝ որևէ արտաքին պատճառ չէր կարող ազդեցություն ունենալ: Նրանց խոսքով՝ այն, ինչ եղել է, եղել է միայն զորամասի ներսում»,- ասաց Արմինեն: Վերջինիս խոսքով՝ հարազատները կասկածներ ունեն, որ հնարավոր է Վարդանը ոչ թե կախվել է, այլ նրան կախել են, քանի որ կախված լինելու ձևը իրենց համար տարօրինակ է: «Վարդանը ծառից կախվել էր իր գոտիով: Հարազատները համարում են, որ սեփական գոտիով ծառից կախվելը շատ դժվար է: Նրանք կարծում են՝ կա՛մ Վարդանին սպանել են և նոր են կախել ծառից, կա՛մ կախել են, որ սպանեն: Այս տարբերակներն են նրանք դիտարկում: Նրան կարծում եմ, որ գոտիով կախվելու համար նրա ոտքերի տակ ինչ-որ բան պետք է լիներ, որի վրա կանգներ, կամ այլ հարմարություն, իսկ դրանց բացակայությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս»,- ասաց Արմինեն: Նշենք, որ Քննչական կոմիտեն ևս հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մեկ անձ արդեն իսկ ձերբակալվել է։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. հուլիսի 22-ին, ժամը 23:30 -ի սահմաններում, կրտսեր սերժանտի նկատմամբ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի կենցաղսպասարկման սենյակում ծառայակցի կողմից կիրառվել է բռնություն: Ծառայակիցը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Նշենք, սակայն, որ հարազատները ներկա են գտնվել դիակի զննությանը, և նրանց փոխանցմամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել՝ բացի մի քանի քերծվածքներից թևերի վրա, որը կարող էր առաջանալ ծառի ճյուղերից: Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, թե Վարդանը գիշերը զանգահարել է ընկերոջը և գումար է խնդրել՝ 20 հազար դրամ Վանաձոր գալու համար, ընկերը ասել է, որ չունի այդ գումարը, բայց որ գա Վանաձոր՝ կտա: Այնուհետև երբ ընկերը հետ է զանգահարել, արդեն պատասխանող չի եղել: Վարդանը, սովորության համաձայն, դեպքի օրը զանգահարել է մորը և քրոջը, սովորականի պես խոսել է, ոչնչից չի դժգոհել: Նշենք, որ դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: